Հստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկում
Ներքաղաքական«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցինք Հայաստանում ծավալվող գործընթացների մասին:
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, որ այս շարժումը օրհնվել է կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից, նա ասաց. «Մի քանի անգամ հայտարարվել է, որ այս գործընթացները օրհնված են Մայր Աթոռի կողմից, ինչը բնական է, քանի որ տեղի ունեցողը գոյաբանական խնդիր է բոլորիս համար և եկեղեցու դիրքորոշումն այն է, որ այդ գոյաբանական խնդիրները սպառնում են ոչ թե ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:
Աբովյանը կրկնեց՝ ստեղծված իրավիճակը սպառնում է բոլորին, քանզի ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու զարգացումները սպառնում են ՀՀ գոյությանը:
Իսկ ինչո՞ւ եկեղեցին:
«Ես չեմ քննարկում և չեմ քննարկելու եկեղեցու որոշումները՝ ես եկեղեցու խոնարհ զավակն եմ ու պարտավոր եմ ընդունել այն, ինչ եկեղեցին գտնում է ճիշտ: Բայց ակնհայտ է, որ այս գործընթացները նոր ջրբաժան չեն ստեղծում, այլ հակառակը՝ փորձում են ոչնչացնել այն բաժանումները՝ սևի ու սպիտակի և այլն, որ կան հասարակության շրջանում: Ընթանում է լայն հանրային համերաշխության գործընթաց: Ամենակարևորն այն է, որ պրոցեսը ապաքաղաքական է, որքան էլ ինձ հետ չհամաձայնվեն. այո, քաղաքական կոմպոնենտ կա, ամեն ինչ վերջում քաղաքական դաշտում է որոշվելու, բայց բուն պրոցեսը, փիլիսոփայությունը պետք է լինի ապաքաղաքական և այդպես այսօր հենց կա: Հիմքում պետք է դրվի առաջին հերթին հայամետ միաբանություն»,- հավելեց Արման Աբովյանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան նկատեց, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, փոքր ինչ այլ պրոցես է, որովհետև իշխանության դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ հայտնի գործիքակազմը՝ ահաբեկել, բռնել, հալածել և այլն, չեն կարող բանեցնել: Քանի որ հալածանքները եկեղեցու սպասավորների համար դրախտի դարպասները էլ ավելի լայն են բացում: Դրա համար այն տեխնոլոգիաները, որով փորձեց իշխանությունն աշխատել՝ ահաբելում, վարկաբեկում և այլն, Բագրատ Սրբազանի դեմ, չաշխատեցին, հակառակ արդյունքը ունեցան:
«Դրա պատճառով էլ փորձում են Բագրատ Սրբազանին ամեն կերպ կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շատ լավ տիրապետում է բոլոր այն գործիքներին, որոնցով Փաշինյանը ժամանակին հաջողության հասավ, շատ լավ հասկանում է այն կոդերը, որոնցով շփվում է ժողովրդի հետ:
Նա նշեց, որ տարբեր պրոցեսներ են ընթանում, ոչ միայն հրապարակում, այլև հրապարակից դուրս, ընդ որում աշխարհաքաղաքական ևս: Ըստ Քոչարյանի, Փաշինյանին ցուցադրվեց իր լեգիտիմության բացակայությունը, որովհետև եթե ՀՀ քաղաքական դաշտում ի հայտ է եկել մարդ, որը հրապարակ է լցնում սիրով և համերաշխությամբ, այսինքն Փաշինյանի դաշտում ավելի ուժեղ և հետաքրքիր քայլ է անում, այստեղ խնդիր կա իր համար: Գործող իշխանությանը գցել են առնվազն անհարմար վիճակի մեջ և դա արդեն ակնհայտ է. «Եթե մարդ դուրս է գալիս հանուն հավատքի, հանուն գաղափարի, նման մարդկանց դեմ դժվար է պայքարել: Իշխանությունը հիմա բարդ վիճակում է: Եվ իշխանությունը, օրինակ, չունի այն հաշվարկը, թե ինչ կկատարվի, եթե Բագրատ Սրբազանի նկատմամբ ուժ կիրառեն: Այդ իմաստով բավականին բարդ վիճակում են հայտնվել»:
Բանախոսը նաև վստահ է, որ այս փուլում թերևս ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ավելի բարձր դիրքում է, քան Փաշինյանը, քանի որ հենց վերջինիս հրամաններից է կախված՝ կմնա Փաշինյանը վարչապետ, թե չի մնա, դուրս կգա՞ն ոստիկանները մարդկանց դեմ, թե՞ կմիանան նրանց: Եվ պարզ է, որ Վահե Ղազարյանի վրա սարսափելի ճնշում է գործադրվում, որովհետև նա մնացել է գյուղացի տղա, Փաշինյանը նրան սիրով կփոխեր, բայց, մյուս կողմից, այդ աստիճանի նվիրված մարդ դժվար թե գտնի.
«Եվ այս տավուշյան եռանկյունու՝ Փաշինյան-Վահե Ղազարյան- Բագրատ Սրբազան մեջ են որոշակի հարցեր լուծվելու»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:
Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ, մատնացույց անելով, որ Հայաստանը վերջին շրջանում տուրբուլենտ վիճակում է գտնվում, ասաց, հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները, համաձայն թե՛ ներքին, թե՛ արտաքին սոցհարցումների տվյալների, այլևս շատ քիչ աջակցություն ունեն: Հարցը նրանում է է, որ հասարակության մեջ շատ մեծ անտարբերություն, ապատիա կա, և երկրում ձևավորված ճգնաժամի պատասխանատուն էլ, շարժիչ ուժն էլ իշխանությունն է: Ըստ Ղուկասյանի՝ հասարակությունն այսօր այլևս չի ֆիքսվում անձերի վրա, մարդիկ չեն սպասում կոնկրետ անձի, ամբողջ հարցը նրանում է, թե ո՞վ կարող է լուծումներ առաջարկել այս ճգնաժամից դուրս գալու համար:
«Չի կարող այլևս լինել անձնավորված գործընթաց, որովհետև մի անգամ՝ 2018-ին անձնավորված փրկչին բերեցին: Ես համոզված եմ, որ հստակ կոնցեպտային գործընթաց է հաղթելու: Բոլորը սպասում են հստակ կոնցեպտներ, այսինքն՝ «Նիկոլ, հեռացի, հետո տեսնենք ինչ ենք անելու»-ն այլևս չի աշխատելու: Եվ չի աշխատելու 2018-ի սցենարը: Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու, կամ՝ լավ, Արցախը կարողանալո՞ւ ենք վերադարձնել»,- ասաց բանախոսը:
Այսինքն, հավելեց նա, մենք այն փուլում ենք, որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արդեն ձախողել է, բայց մեզ անհրաժեշտ են լուծումներ: Եվ միայն իշխանափոխությամբ, դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից:
https://iravunk.com/sim/?p=283254&l=am/

