«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։ Եթե Վրաստանը նախկինում իրեն ամբողջովին տեսնում էր պրոարևմտյան բլոկում, ապա հիմա իրավիճակ է փոխվել, և Թբիլիսին, երկրի շահերից ելնելով, սերտորեն համագործակցում է նաև Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում, ու մեծ օգուտներ ունենում։ Իսկ Ադրբեջանը մի կողմից՝ մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ ավելացնում Ռուսաստանից ներկրվող գազի քանակությունը այն մոտեցման շրջանակներում, թե ռուսական գազը ներքին պահանջարկի համար է։
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջան է հրավիրում մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Եվ եթե Անկարան ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, իսկ Մոսկվան իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի խնդիրն է սողոսկել ու ամրանալ Հարավային Կովկասում։ Բայց մի պարզ իրողություն արդեն իսկ նկատելի է. Հարավայի Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Այս ամենի ֆոնին խնդրահարույց են դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
Բացի այդ, Փաշինյանը փորձեց իրենց կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» բերել ԵԱՏՄ-ի դաշտ՝ նկատելով, որ այն կխթանի առևտրի աճը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա ՀՀ իշխանությունները անընդհատ ձգտում են ցույց տալ, որ այն անարդյունավետ է։ Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե սառեցնում են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց միաժամանակ հայկական կողմը դուրս չի գալիս կազմակերպությունից ու չի արգելափակում ընդունված որոշումները։ Ապա նաև պարզ է դառնում, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ընդհանրապես խնդիր չէ Ռուսաստանի պես մեծ երկրի համար։ Մյուս կողմից՝ այս ֆոնին Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:
Պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց ընդհանրապես չի էլ քննարկվում, ու որոշ կետերից ռուս զինվորականների դուրս գալը, մեծ հաշվով, խնդիր չէ ռուսական կողմի համար։ Սակայն ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման ու նշված մարզերում ռուսական զինվորականների դուրս գալու թեմաների շուրջ լրատվական դաշտում քարոզչական ցունամիի էֆեկտ է ստեղծվում, և թվում է, թե Հայաստանը «պոկվում է» Ռուսաստանից։ Բայց այդ քարոզչությունն ունի հատուկ ուղղվածություն՝ առաջին հերթին միտված է ներքին լսարանին, թե իբր ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը միտված քայլեր են ձեռնարկում։ Մյուս կողմից էլ՝ նրանք Արևմուտքին են որոշակի կեղծ ուղերձներ հղում... Սակայն այս իշխանությունները այս պարագայում էլ են խաբում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ Արևմուտքին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

