Հորդառատ անձրեւների պատճառով Մաշտոցի 7 հասցեում բնակիչները ստիպված են տանը անձրեւանոցով տեղաշարժվել, քանի որ քաղաքապետարանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը «ալարել են» տանիքը լիարժեք վերանորոգել, գնացել են ամեն մեկն իրենց «գործերով» եւ թողել են այն կիսակառույց:
Բնակիչները բացի այն, որ հոսանքազրկված են եւ մոմի լույսի տակ են, նաեւ ստիպված են դույլերով ջուր կրել, որպեսզի քնելու տեղ ունենան: Այժմ բոլորն ակտիվ աղոթում են, որ անձրեւը կտրվի եւ կարողանան մի քիչ քնել չոր անկողնում: Ինչ խոսք, իսկապես, «ռոմանտիկ» գիշեր է՝ Մաշտոցի 7 հասցեում բնակվող քաղաքացիների համար: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Երեւանի քաղաքապետարանը պարտավոր է փոխհատուցել նման, մեղմ ասած, անհարմարավետության համար եւ հնարավորինս շուտ ավարտել տանիքների վերանորոգումը:
Զգուշացում՝ քաղաքապետարանի վրա հույս դրած Երեւանցիներ, զգո՛ն եղեք, քանի որ նման «ռոմանտիկան» կարող է նաեւ ձեր տանիք հասնել, իսկ դա բավականին թաց եւ ոչ այդքան հաճելի երեւույթ է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ