Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Մշակութային

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Այն սկսել են նշել 1982 թվականից՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է` որպես արվեստի միասնական ձեւ: Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որը թույլ է տալիս համայն մարդկությանը խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով: Արդեն 5-րդ տարին է, ինչ «Կամուրջ» մշակութային կենտրոնի շնորհիվ մեծ թվով պարային խմբեր իրենց մասնագիտական այս տոնը նշում են «Ծաղկունք» միջազգային փառատոնով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պարային նախադեպը չունեցող մեգանախագիծը՝ շուրջ 70 պարային խմբերի ու ավելի քան 2500 պարողի մասնակցությամբ:

«ՄԵԿ ՕՐՈՒՄ 4 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ՝ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրեն ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասաց, որ «Ծաղկունք» փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան եւ երիտասարդական խմբերի միջոցով։

«Փառատոնին մասնակցեցին ինչպես մի շարք հայաստանյան պարային համույթներ, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն եւ Ստրասբուրգ քաղաքներից, Վրաստանից երեք խոշոր անսամբլ, Լեհաստանից, Ուկրաինայից: Մտադիր ենք նաեւ փառատոնն իրականացնել Եվրոպայում, մասնավորապես՝ Փարիզ քաղաքում», - նշեց Հ. Գեւորգյանը:

Ամփոփելով փառատոնը՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրենը հատկապես առանձնացրեց 300 պարողի մասնակցությամբ բեմադրված հայկական պարը՝ նաեւ օտարերկրյա պարողների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը կարեւորեց այն, որ փառատոնի շրջանակում տարբեր ազգերի ներկայացուցիչներ սովորեցին մի շարք հայկական ազգային պարեր:

«Մեկ օրվա ընթացքում ունեցել ենք 4 համերգային ծրագիր, որոնցից յուրաքանչյուրը՝ 3 ժամ տեւողությամբ: Ուրախ եմ, որ մասնակիցները գոհ էին եւ մեր կատարած աշխատանքն արժանացավ բարձր գնահատականի», - նշեց Հ. Գեւորգյանը եւ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով բոլոր պարողներին՝ մաղթեց մեծ բարձունքներ:

«ՏՊԱՎՈՐԻՉ ԷՐ, 300 ՀԱՅ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՊԱՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐ»

Պարային փառատոնի բեմադրող ռեժիսոր, պարուսույց ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ կարծիքով՝ 5-ամյա «Ծաղկունք»-ն աննախադեպ իրողություն է Հայաստանում. «Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի լավագույն փառատոններից մեկը կայացավ: Շատ հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք իրականացրեցինք, ինչի համար առիթը բաց չեմ թողնի եւ եւս մեկ անգամ շնորհակալություն կհայտնեմ կազմակերպիչներին, ամբողջ աշխատակազմին՝ հանձինս Հայկ Գեւորգյանի, ով շատ լավ ընկեր է, լավ մարդ, շատ լավ կազմակերպիչ: Միշտ հաճելի է նրա հետ աշխատել»:

Թե ինչպես հաջողվեց շուրջ 300 պարողի մասնակցությամբ միասնական պար բեմադրել, Ա. Գասպարյանն անկեղծացավ, որ շատ դժվար էր, բայց աշխատանքը հաճելի է դառնում, երբ արդյունքը գոհացնող է ու լավ ավարտ է ունենում:

«Ազգագրական պարը, որին մասնակցում էին նաեւ արտասահմանից եկած մեր հյուրերն, իսկապես, տպավորիչ էր: Եվ երբ բավարարված ես արդյունքից, էլ հետ չես նայում, թե ինչքան դժվար աշխատանք էր: Մենք նաեւ ունեցանք դեֆիլե-քայլարշավ՝ արտասահմանից եկած եւ հայաստանյան պարային խմբերի մասնակցությամբ: Իսկ հետո, որպես ազգասեր եւ հայրենասեր մարդիկ, բոլորը միաբերան համաձայնեցին, որ միասնաբար ծաղիկներ խոնարհեցնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում», - պատմեց Ա. Գասպարյանը:

Մեր հարցին, թե՝ ո՞ր պարային խմբերն իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկան փառատոնի շրջանակում, բեմադրող ռեժիսորն անուններ չբարձրաձայնեց. «Չառանձնացնեմ ոչ ոքի, բայց ասեմ, որ բավականին լուրջ ու կարեւոր խմբեր ելույթ ունեցան, որոնց, որպես մասնագետ, իհարկե, մոտեցել եւ իմ գնահատականն ասել եմ»:

«ԲՈԼՈՐՍ ԴԱՐՁԱՆՔ ՄԵԿ ԵՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավար, փառատոնի բեմադրիչ ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ՝ «Ծաղկունք»-ը պարային հրավառություն էր: Նա եւս նշեց, որ բեմադրել շուրջ 300 պարողի մասնակցությամբ մի ամբողջ պար, աննախադեպ եւ տաժանակիր աշխատանք էր, բայց շատ գոհ է արդյունքից:

Ինչ վերաբերում է այսպիսի մասշտաբային պարային փառատոն անցկացնելուն եւ արտասահմանից ժամանած պարային խմբերի հետ աշխատանքին, Գ. Մկրտչյանն ընդգծեց. «Հավատացեք՝ բնավ դժվար չէր դրսից եկած պարային խմբերի հետ աշխատելը, որովհետեւ ղեկավարները մեծամասամբ՝ Հայաստանից մեկնած բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ էին, ովքեր լավագույնս տիրապետում էին հայկական եւ ժողովրդական պարերին»:

Որքան էլ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում փառատոների ժամանակ, այդուհանդերձ, որո՞նք էին լավագույն պարային խմբերը 5-րդ «Ծաղկունք»-ում, հարցին ի պատասխան Գ. Մկրտչյանը շեշտեց. «Բոլորս դարձանք մեկ եւ հաղթեցինք, հաղթեց Հայաստանի Հանրապետությունը: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք ազգային պարարվեստ, որով կարող ենք ներկայանալ բոլոր հարթակներում եւ աչքի ընկնել: Ազգային պարը մեր հաջողության գրավականներից մեկն է»:

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավարն անդրադառնալով մասնագիտական տոնին՝ բոլոր պարով զբաղվողներին մաղթեց նորանոր բեմադրական աշխատանքներ, մեծ բեմեր՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

«Ցանկանում եմ, որ պարարվեստով զբաղվող մարդիկ լինեն հոգեպես բավարարված», - եզրափակելով խոսքը՝ ասաց Գոռ Մկրտչյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում