Հայաստանում վերջին 7 ամսում 7 կուսակցություն է ստեղծվել
Ներքաղաքական
Հայաստանյան ներքաղաքական դաշտը համալրվում է եւս մեկ կուսակցությունով: Այս անգամ մայիսի 6-ին Հայաստանի պետականակենտրոն անունով կուսակցություն է բացում Ռոման Նազարյանը, որը նախկինում ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի հետ հիմնադրել էր «Ազգի Ձայն» կուսակցությունը, ապա դուրս եկել կուսակցությունից:
Այսպիսով` վերջին վեց ամսվա ընթացքում հիմնադրվել է թվով 8 կուսակցություն: Իսկ թե ով ով է, մեզ հաջողվել է պարզել հետեւյալը.
ՀՀ ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը հիմնադրել է «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, որի նախագահ է ընտրվել Երեւանի ավագանու անդամ Անույշ Խուդավերդյանը, «Հանուն ժողովրդավար պետականության» անունով կուսակցություն է ստեղծել «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը:
Հիմնադրվել է նաեւ «Հայոց ամրոց» անունով կուսակցություն, որի նախագահ է ընտրվել ծնունդով կապանցի Ամրամ Պետրոսյանը։ Նա 2010-2012 թթ. գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը: Վերջինս հանդես է գալիս նաեւ` որպես ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ, ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը եւ Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ է։
Հայաստանում վերջերս ստեղծվել է նաեւ «Հայ Ազգային Ռամկավար» կուսակցությունը, որի նախագահ է ընտրվել Թեքեյան մշակութային միության Սոցիալ մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Դարբինյանը: Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 1-ին կստեղծի «Նոր ուժ» անունով կուսակցություն:
Օրերս հիմադրվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որի ոչ թե նախագահ, այլ Կոմկուսի պես առաջին քարտուղար ընտրվեց Հովհաննես Շահինյանը: Իսկ նոր ստեղծված «Արդար խոսք» կուսակցության նախագահ ընտրվել է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի եղբոր որդին` Ալբերտ Մովսիսյանը:
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն է բացել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, բայց հիմնադիր համագումարի փոխարեն՝ նրանք նախ քայլերթ են իրականացրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ