«Միայն մեզ չկպնեք` սա է այսօրվա թատերական աշխարհը». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
-Պարոն Մկրտչյան, Դուք հաղթել եք Ձեր դատը, բայց չեն վերականգնել Ձեր պաշտոնը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Շատ պարզ` չանել շատ անօրինական քայլ և չգնալ իշխանության դեմ միաժամանակ: Դա մեզ համար սպասված որոշում էր:
-Սա էլ կյանքի փորձության մի փուլ էր, որ Դուք անցաք, և արդյունքում ի՞նչ սովորեցրեց Ձեզ:
-Անկեղծ, նոր` ոչինչ: Ես գիտեի, եւ ինչ որոշում կլինի, թատրոնի անձնակազմից ով արժանապատվություն կունենա և ով կծախվի: Ցավոք, նաև գիտեմ` ինչ կլինի այն օրը, երբ ես նորից մտնեմ «Մհեր Մկրտչյան» թատրոն: Հավատացեք, սա ոչ մեծամտություն է, ոչ կանխագուշակում: Սա հագեցած կենսագրություն է:
-Այս պահին ովքե՞ր են Ձեր կողքին:
-Լավ, կայացած ու ոչ մանր մարդիկ:
-Ի՞նչ եք կարծում, երբ դերասանին, ռեժիսորին սկսում են հալածել կամ փակում են թատրոնը, թատերական աշխարհը որքանո՞վ է տվյալ անձի կամ թատրոնի կողքին լինում:
- Թատերական աշխարհ: Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում... «Միայն մեզ չկպնեք»` սա է այսօրվա թատերական աշխարհը: Կարծում եմ, շուտով հերթը կհասնի, օրինակ` Մալյան թատրոնին, հետո մեկ այլ թատրոնի, և կբողոքեն միայն այդ թատրոնի դերասանները: Իհարկե, երբ մնացածը զգան, որ այս իշխանությանը օրեր են մնացել` դուք կտեսնեք Հայաստանի թատրոնների մի նախանձելի միասնություն:
-«Գոյ» թատրոնի նկատմամբ նման վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Տգեղ պատմություն է: Ցավում եմ, որ լավ թատրոն են փակում: Դեմ եմ դրան:
-Ներկա պահին նոր պրոյեկտներ ունե՞ք:
Այո, բայց ավելի կարևոր է հիմա երկիրը պահպանել, որ սփյուռքահայ ռեժիսոր կամ տաքսիստ, կամ ձեր դեպքում լրագրող չդառնանք:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=280468&l=am/