Հոյակապ սերունդ ունենք, բայց նայում ես՝ ծռված, թրաշը դեմքին թզբեհ է քաշում, էդ ի՞նչ վիճակ է… Գագիկ Ավետիսյան
Մշակութային
Արդեն երեք տասնամյակ է, ինչ նա հանդես է գալիս իր անփոխարինելի կերպարով ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Եվրոպայում: Վերջերս Երեւանում էր աշխարհահռչակ ՉԱՐԼԻ ծաղրածուն՝ նույն ինքը, անգամ Ավստրալիայիում, թիվ մեկ ծաղրածու ճանաչված ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրույցում «Իրավունքն» անդրադարձել է, բառի բուն եւ փոխաբերական իմաստով, կրկեսային իրականությանը:
«ՀՀ-ՈՒՄ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ՉԵՄ ՏԵՍԵԼ ԼԱՎ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԿԵՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»
— Տեւական ժամանակ է` բնակվում եք արտասահմանում, ինչպիսի՞ն էր Ձեր աչքերում հետպատերազմյան Հայաստանը, եւ այս անգամ ի՞նչ տպավորություններով մեկնեցիք Հայրենիքից:
— Աշխատանքային պայմանագրերս այնպես եմ դասավորում, որ ամեն տարի կարողանամ գալ Հայաստան՝ ծնողներիս ու հարազատներիս տեսնելու: Այս անգամ էլ հատուկ դրա համար էի եկել: Ասում եք՝ ինչպիսի՞ն էր Հայաստանը… Մեր երկիրը խայտառակ վիճակի մեջ է գտնվում: 2020 թվականի պատերազմի ժամանակ հինգ պետություն կռվում էր հայերի դեմ, բայց տղերքը դիմադրում էին: Սակայն թիկունքից դավաճանվեցին: Պատերազմում պարտվեցինք միմիայն դավաճանության պատճառով եւ հիմա էլ դավաճանությունները շարունակվում են: Այդքանը կարող եմ ասել Հայաստանի եւ Արցախի մասին:
— Պարոն Ավետիսյան, Հայաստանի հետ կապված որեւէ ստեղծագործական ծրագիր ունե՞ք առաջիկայում:
— Առայժմ՝ ոչ, ոչ մի ծրագիր չունեմ: Ասեմ, որ հիմա Երեւանում է գտնվում մի հրաշալի կրկեսային խումբ, որը բերել են Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները: Խոսքը «Շապիտո» կրկեսի մասին է, որը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ: Նրանք եկել են Մոսկվայից, հրաշալի ծրագրով եւ շատ լավ են աշխատում: Կուզեի, որ նման ծրագրեր Երեւանում շատ լինեին, նկատի ունեմ ոչ թե շատ կրկեսներ լինեին, այլ շատ անգամ այսպիսի խմբեր գային եւ աշխատեին Հայաստանում, որպեսզի այստեղի մակարդակը մի քիչ բարձրացնեին: Հայաստանում շատ վաղուց չեմ տեսել լավ մակարդակի կրկեսային ծրագիր:
«ԿՈՊԻՏ Է ԱՍՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՏԵՐ ԵՆ ԹՈՂԵԼ»
— Լավ մակարդակի կրկեսային ծրագրեր ունենալու համար նախ տեղ է պետք: Իսկ մեր կրկեսի շենքը շարունակում է դատարկ մնալ…
— Իմ տեղեկություններով՝ մի քանի անգամ կրկեսի շենքը սարքելու պլանային ծրագրերը փոխվեցին: Չգիտեմ՝ ֆինանսների հետ էր կապված, թե՞ այլ պատճառներ կային: Ինչպես գիտեք, 2012 թվականին կրկեսի շենքը պայթեցվեց, որպեսզի սարքեն նորը, եւ արդեն 12 տարի է այդ շենքը չի սարքվել, ինչը շատ ցավալի եւ ողբերգական է ինձ համար: Շատ կուզենայի, որ ունենայինք կրկեսի գործող շենք, որտեղ մեր երեխաները կտեսնեին լավ եւ հետաքրքիր կրկեսային ծրագրեր, կվայելեին կրկես այցելելու հաճույքը: Տեսնենք, տա Աստված, կրկեսի շենքի բացումը շուտ լինի: Բայց բացվելուց հետո էլ անպայման պետք է մեկ-երկու ամիսը մեկ կրկեսի խաղացանկը փոխվի, որովհետեւ նույն ծրագրով նույն կրկեսային դերասաններն ու արտիստները չեն կարող երկու ամսից ավել աշխատել: Ընդհանրապես այդպես է, ամենուր, որտեղ աշխատել եմ, մեկ ամիս հետո ծրագիրը փոխվում է, միայն Մոսկվայում էր, որ աշխատեցինք նույն ծրագրով վեց ամիս: Ուզում եմ ասել, որ Երեւան քաղաքի այս քանակի բնակչության համար մեկ ամիսը բավարար է, որպեսզի հետո ծրագիրը փոխվի: Ի դեպ, կրկեսի շենքը սկզբից պետք է սարքվեր այնպես, որ կենդանիների տեղ լիներ, բայց հետո ծրագիրը փոխեցին, եւ շինարարական աշխատանքները ընթանում են այնպես, որ կրկեսում կենդանիներ չպետք է լինեն:
— ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, համաձայն որի` կրկեսում արգելվում է վայրի կենդանիների օգտագործումը:
— Տեղյակ չեմ, թե օրենքով ինչ է սահմանված, բայց լավ կլիներ, որ կենդանիներ լինեին կրկեսում: Օրինակ` Մոսկվայում եւ ընդհանրապես հետխորհրդային երկրների կրկեսներում, որտեղ աշխատել եմ, կային սպիտակ վագրեր, առյուծներ, ձիեր: Մենք աշխատում էինք կենդանիներով: Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բոլոր այլ առումներով այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ դժվար է ասել՝ ինչ են ուզում անել Հայաստանում: Վաղն առավոտյան կարող ես զարթնել եւ քեզ հերթական տհաճ «անակնկալը» մատուցվի: Կոպիտ է ասված, բայց Հայաստանն անտեր են թողել:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՈՉ ԹԵ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ ԵՆ, ԱՅԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐ»
— Մեր կրկեսային գործիչների հետ կապ պահո՞ւմ եք, ի՞նչ պոտենցիալ ունենք: Եթե վաղն անգամ կրկեսը բացվի, կկարողանա՞նք գոնե տարածաշրջանում առաջատարը լինել:
— Իհարկե, կապ պահում եմ: Օրինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Որքանով գիտեմ, հենց նա է շարունակելու լինել երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Նա միշտ ասում է, որ երբ կրկեսի շենքը բացեն, առաջնախաղին ինձ հրավիրելու է: Հուսամ՝ այդ ժամանակ աշխատանքային պայմանագրերս այնպես կդասավորվի, որ կկարողանամ գալ Հայաստան եւ եթե ոչ առաջնախաղին, ապա բացվելուց մի քանի տարի հետո՝ կաշխատեմ նաեւ Հայրենիքում:
— Վերջին շրջանում այնքան են քաղաքականության մեջ շատացել ծաղրածուները, որ կեսլուրջ-կեսկատակ մարդիկ ասում են, որ կրկեսի կարիք այլեւս չկա: Ի՞նչ եք կարծում՝ որոշ քաղաքական դեմքեր Ձեր գործին «խփո՞ւմ են»:
— Քաղաքական ծաղրածուները մի քիչ ուրիշ կատեգորիա են: Անտիկ շրջանում թագավորների առաջին խոսնակները եղել են ծաղրածուները: Նրանք եղել են մեծ հոգեբաններ, պրոֆեսորներ եւ խորհուրդներ են տվել թագավորներին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր ասածին, օրինակ, երբ ես նայում եմ մեր կառավարության նիստերը կամ թե ինչ է կատարվում Ազգային ժողովի ներսում, ապա ակնհայտ է, որ նրանք բոլորովին այլ ծաղրածուներ են եւ պետք չէ համեմատել կրկեսի ծաղրածուների հետ: Այո, աշխարհում ընդունված է, որ երբ պառլամենտը ժողովրդին անտեսում է, ժողովուրդն էլ ծիծաղում է նրանց վրա եւ ասում՝ պառլամենտական, քաղաքական, ծաղրածուներ են: Բայց ես նրանց համարում եմ ոչ թե ծաղրածուներ, այլ` քաղաքական պոռնիկներ:
«ՀԻՄԱ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ԿՐԿԵՍ ԵՎ ԾԻԾԱՂԵՑՆԵԼ»
— Պարոն Ավետիսյան, եթե համեմատենք, ինչպիսի՞ն է այսօր հանդիսատեսը Եվրոպայում եւ Հայաստանում:
— Տարբերությունը շատ մեծ է: Հայաստանում վերջին անգամ աշխատել եմ 2016 թվականին, ինչը պատահական ստացվեց: Ես եկել էի` կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու, եւ այդ ժամանակ Սոս Պետրոսյանը բերել էր ռուսական մի խումբ ու խնդրեց ինձ, որ ես էլ աշխատեմ իրենց հետ: Աշխատեցի եւ մի տեսակ սառնություն զգացի մեր հանդիսատեսի մեջ: Առհասարակ, մեր հանդիսատեսը շատ է տարբերվում աշխարհի այլ երկրների հանդիսատեսից: Շատ երկրներում եմ աշխատել՝ եղել եմ եվրոպական գրեթե բոլոր պետություններում, Արաբական Էմիրություններում, հետխորհրդային մի շարք երկրներում: Եվ ի տարբերություն այս բոլոր երկրների՝ Հայաստանում շատ դժվար է աշխատել: Օրինակ, ես ունեմ երկու համար, որի ժամանակ հանդիսատեսի հետ եմ աշխատում: Հայաստանում շատ դժվար է հանդիսատեսին հանել բեմ, որովհետեւ մի քիչ կոմպլեքսավորված են: Մեր հանդիսատեսը դեռ այդքան ազատ չէ, որ ծաղրածուի հետ աշխատի բեմում, մտածում է՝ ինչպես կարելի է թողնել, որ իր վրա ծիծաղեն:
— Տիկտոկ, Ինստագրամ, Ֆեյսբուք… Ընդհանրապես սոցցանցերը ողողված են պրանկներով, կատակներով, այսպես ասած՝ անմեղ ու դաժան չարաճճիություններով: Այս ամենը դժվարացրե՞լ է օֆլայն տիրույթում մարդկանց ծիծաղեցնելը:
— Երեխաներն այսօր տնից դուրս չեն գալիս, իրենք մոռացել են խաղեր խաղալը: Ես, որ ծնվել եմ խորհրդային տարիներին, մեր ժամանակ լրիվ այլ էր, չկար համացանցը, բայց մենք ունեցել ենք լավ խաղեր եւ հետաքրքիր ժամանց: Հիմա շատ դժվար է երեխաներին բերել կրկես եւ իսկապես դժվար է ծիծաղեցնել, որովհետեւ այդ ամենը մի քիչ խանգարում է: Երեխաները հիմա շատ բան են տեսնում համացանցում: Օրինակ, ուզո՞ւմ է ինչ-որ մի ծաղրածուի տեսնել, որոնում է համացանցում, գտնում եւ նայում է, եւ իր հետաքրքրությունը բավարարվում է այդքանով: Բայց ի հեճուկս այս ամենի՝ հիմա, երբ աշխատում եմ Ավստրալիայում, չեք պատկերացնի, թե երեխաները, երբ գալիս են մեր ներկայացումը դիտելու, ինչպես են ծիծաղում: Ուղղակի, հռհռում են… Լարված, կլանված նայում են մինչեւ վերջ: Շատ դժվար է այսօրվա հանդիսատեսին հասցնել նրան, որ կարողանաս հավաքել, այսպես ասած, քո բռի մեջ: Իսկ առաջ շատ հեշտ էր:
«ԱՐՎԵՍՏԸ ՄԵՌԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ Է»
— Մտադիր չե՞ք Ձեր կրկեսային գաղտնիքներով կիսվել նոր սերնդի հետ եւ պատրաստել նոր Չարլիներ:
— Իմ կյանքը ինչպես կընթանա հետագայում, առայժմ չեմ կարող ասել, բայց ինձ համար շատ հետաքրքիր կլիներ նոր սերնդին փոխանցել իմ արվեստը, իմ կրկեսային գաղտնիքները, հատկապես` հայ երեխաներին: Ինձ համար շատ հաճելի կլինի ունենալ մի ստուդիա, եւ այն որակն ու արժեքները, որը վաստակել եմ տարիների ընթացքում եւ ունեմ իմ մեջ, փոխանցեմ նոր սերնդին: Բայց հիմա արվեստը մեռած է Հայաստանում, ինչը հիասթափեցնող է: Օրինակ, սերիալները, որոնք այսօր ցուցադրվում են Հայաստանում, պարզապես, էժան խոտան է, արվեստը փչացնելու ինչ-որ մի տեսակ: Հասկանում եմ, որ դերասանները պետք է գումար վաստակեն, ես դեմ չեմ, բայց արվեստը պետք է պահել: Չպետք է էժան արվեստ ցույց տալ, սա լավ չէ, ճիշտ չէ, արվեստ էլ չէ: Երբ դու էժան բան ես վաճառում, սա չի կարող արվեստ կոչվել: Ես կուզեի Հայաստանը լիներ ծաղկուն վիճակում, ավելի լավ արվեստ ներկայացներ: Մենք շատ լավ դերասաններ ունենք, հոյակապ սերունդ ունենք, բայց նայում ես՝ ծռված, թրաշը դեմքին թզբեհ է քաշում, էդ ի՞նչ վիճակ է… Հասկացեք՝ տհաճ է: Չեմ ուզում ասել, թե սա ճիշտ է կամ սխալ, ասում եմ, որ ինձ համար հաճելի չէ ու սա գալիս է հենց սերիալներից: Մարդիկ շատ բաներ սերիալներից են սովորում: Մեր երիտասարդությունը շատ լավն է, իրենց շատ եմ սիրում, շնորհալի են, բայց, ցավոք, պրոբլեմները շատ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=277685&l=am/