«ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀՈՒՆ» ՓՐԿԵԼ Է ԲՐԵԺՆԵՎԸ
Արխիվ 16-20Օրերս լրացավ խորհրդային կատակերգություններից մեկի, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի լեգենդար «Կովկասի գերուհին» կամ «Շուրիկի նոր արկածները» ֆիլմի 50-ամյակը: 1966 թվականին նկարահանած կատակերգությունը, չնայած կոնֆլիկտներով լի նկարահանման ընթացքին եւ խիստ գրաքննությանը, մեկ տարի անց հանձնվեց կովկասյան տարածաշրջանի հանդիսատեսի դատին: Կատակերգության պրեմիերան կայացավ 1967 թվականի ապրիլի 3-ին` Խորհրդային Միության միաժամանակ 500 կինոթատրոնների էկրաններին:
ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՇՈՄՊԱՅՆՆԵՐԻ
Կես դար կովկասցիներին հարազատ դարձած ֆիլմից դուրս բերված արտահայտություններն ամենուրեք դարձել են թեւավոր խոսքեր: Ի դեպ, դասական դարձած արտահայտությունները սցենարով նախատեսված չեն եղել, այլ դերասաններն են իմպրովիզներ արել, ինչն էլ դրական է ընդունվել ռեժիսորի կողմից: Նույնիսկ ասում են, թե այդ իմպրովիզների համար դերասանները Լ. Գայդայի կողմից արժանացել են խրախուսական շոմպայնների:
ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Լեոնիդ Գայդայը, որը միշտ երազել է մելոդրամա նկարահանել, դարձել է խորհրդային կոմեդիայի դասականը. «Օղի թորողները», «Բարբոս շունը եւ անհավանական
մրցավազքը», «Օպերացիա Ի» ֆիլմերից հետո ռեժիսորը կրկին որոշում է նկարահանել նոր ֆիլմ, արդեն լեգենդար դարձած եռյակի` Վիցին-Նիկուլին-Մորգունովի մասնակցությամբ: Շուրիկի արկածները կամ «Օպերացիա Ի» ֆիլմի հաջողությունից հետո Լ. Գայդայը Վիցին-Նիկուլին-Մորգունով հանրահայտ եռյակի ու Շուրիկի` Ալեքսանդր Դեմյանենկոյի դերակատարմամբ սցենարը թեւի տակ հերթով թակում է «Մոսֆիլմի» ղեկավարների դռները: Բազմաթիվ գրախոսություններից հետո, ի վերջո, սցենարը խրախուսվում է, եւ անցնում են գործի: Սակայն նկարահանումից հետո կրկին խորհրդային գրաքննությունը արգելում է ֆիլմի ցուցադրումը: Բայց «Կովկասի գերուհուն» փրկում է Լեոնիդ Բրեժնեւվը: Նա հաճախակի ցանկացել է ինչ-որ նոր կատակերգություններ դիտել, եւ այդպես միայն երջանիկ պատահականությամբ ֆիլմը դիտում է Լեոնիդ Բրեժնեւը եւ նրա հավանությանն արժանանալուց հետո է այն լայն էկրան բարձրացել:
ՄՈՐԳՈՒՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ԲՐԵԺՆԵՎԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ
Այս ֆիլմով վերջ է դրվում Վիցին-Նիկուլին-Մորգունով լեգենդար եռյակի համատեղ աշխատանքին: Վարկած կա, որ Գայդայը նույնիսկ չի ցանկացել եռյակին հրավիրել ֆիլմում նկարահանվելու, պատճառաբանելով, թե նրանք իր ֆիլմերում արդեն նկարահանվել են: Ի վերջո, հաջողվում է Գայդային համոզել, որ եռյակը ֆիլմում կլինի իր տեղում: Իսկ Գայդայն էլ հրապարակավ խոստանում է, որ եռյակը նկարահանվում է վերջին անգամ: Բայց նկարահանումների ամենաթեժ փուլում Գայդայը որոշում է հրաժարվել Մորգունովից, նույնիսկ կարգադրում է, որ ֆիլմում նկարեն կրկնօրինակին: Ասում են` պատճառը Եվգենի Մորգունովի աստղային հիվանդությամբ վարակվելն է: Դուբլերի աշխատանքային դիտման ժամանակ Մորգունովը տեսասրահ է ներկայանում երկու հարբած կանանց հետ: Ստանալով նկատողություն` Մորգունովը հակադարձում է, թե գլխներիս նոր Ֆելինի է հայտնվել: Այդ խոսքերը վերջնականապես հունից հանում են Գայդային, որն ասում է. «Եռյակն արդեն իրեն սպառել է»: Դա առիթ է հանդիսանում, որ ֆիլմի շատ կադրերում նկարահանվի կրկնօրինակը, իսկ Մորգունովին Լեոնիդ Գայդայը այլեւս ոչ մի ֆիլմում չի նկարահանում: Նույնիսկ Գայդայը Մորգունովի անունը ջնջում է Բրեժնեւի առաջարկած խրախուսանքների ցուցակից:

ՆԻՆԱՅԻ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ` 500 ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Ամենաբարդը եղել է Նինայի դերակատարի` Նատալյա Վառլեյի դերակատարի ընտրությունը: Նինայի դերի համար ավելի քան 500 դերասանուհի է մասնակցել քասթինգին: Բայց Գայդայն ընտրում է 19-ամյա Նատալյային, որը դերասանական փորձ չուներ, բայց կրկեսում ստացած գիտելիքների շնորհիվ` աճպարարական հնարքներն անում է ինքնուրույն եւ անթերի:
Դ
ՈՆԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԽԱՆԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄՈՒՄ
Ֆիլմում հայազգի դերասան, լեգենդար Մհեր Մկրտչյանի դերակատարությունն էլ Նինայի քեռու կերպարում, անզուգական է: Ի դեպ, քչերը գիտեն, որ ֆիլմում Մհեր Մկրտչյանի կնոջ դերակատարը հենց նրա իրական կինն է` դերասանուհի Դոնարա Մկրտչյանն է: Ասում են` Դոնարան, խանդի տեսարան է սարքել եւ ասել, որ Մոսկվա է մեկնելու ամուսնու հետ միասին: Եվ Մկրտչյանը ստիպված խնդրել է Գայդային փոքր դեր տալ նրան:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

