Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին

Ներքաղաքական

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ տեղեկացրել էր, որ Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում վերջերս ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ըստ Լ. Նիկոլյանի` ֆրանսուհին պնդել է, թե իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան: Ո՞վ է այդ ֆրանսուհին, իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են լռում պատկան մարմինները, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Լ. Նիկոլյանից:

— Հայտնի՞ է այդ ֆրանսուհու անուն-ազգանունը, իրականում ինչո՞ւ էր եկել Հայաստան եւ ինչպե՞ս էր հայտնվել Վարդենիսում:

— Գլխավոր խնդիրը հենց սա է՝ «ո՞վ է նա», ինչպես ասում է հայտնի երգի մեջ Թաթա Սիմոնյանը: Ոչ ոք չի ճանաչում այս աղջկան, որ անուն-ազգանունն է Կլաուդիա Լոստանլեն: Ես գտա նրա մասին միայն տեղեկություն, որ նա այնպիսի ռազմական կրթություն է ստացել, որ դրանից հետո՝ կա՛մ պետք է բանակում ծառայես, կա՛մ կառավարության աշխատող դառնաս: Բայց կրթությունից հետո ինչ է աշխատել` չգիտեմ: Խոսում է ռուսերեն, նույնիսկ ռուսերենի դասեր է տվել: Ասում է, թե եկել էր Հայաստան, իբրեւ լրագրող, բայց լրագրողական փաստաթուղթ չունի, կարող է լինել անկախ լրագրող, բայց ոչ մի հոդված չեմ տեսել իր անուն-ազգանունով, ոչ մի հեռուստատեսային կամ ռադիո հաղորդում չկա, որտեղ նա ունի մասնակցություն, ոչ մի հարցազրույց չկա, որը վարում է նա, նույնիսկ Ֆեյսբուքում եւ Թվիթերում չկա: Հետեւապես, ո՞րն է եղել իր առաքելությունը Հայաստանում: Եկել էր՝ որպես տուրի՞ստ, թե՞ որպես լրագրող: Ընդ որում՝ եկել է Հայաստան երկու անձնագրով: Նա մտել է հայկական տարածք իտալական անձնագրով, բայց ֆրանսիական անձնագիր էլ ունի: Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր գնացել Գորիս, եթե որպես տուրստ է եկել, տուրիստները գնում են Դիլիջան, Սեւան, Էջմիածին, Երեւան: Գորիսում Անվտանգությունը նրան ստուգել է, ուրեմն՝ ինչ-որ բան եղել է, գուցե նկարել է մի բան, որը չէր կարելի: Ստուգել են, ոչինչ չեն գտել, որովհետեւ հյուրանոցում երկու համար էր վերցրել: Տեսե՞լ եք մի տուրիստի, որը հյուրանոցում երկու համար է վերցնում, երբ մենակ է: Թե ո՞ւմ համար է աշխատում, եւս պարզ չէ՝ ֆրանսիական գաղտնի ծառայությունների՞ համար, թե՞ այլ երկրի: Ինչեւէ, Գորիսից եկել է Երեւան եւ գնացել է Վարդենիս: Վարդենիսը տուրիստական վա՞յր է, հիմա անգամ երեւանցիները չեն գնում Վարդենիս: Ինչպե՞ս է նա Սոթք հասել, սա եւս հետաքրքիր է, ո՞ւմ միջոցով: Անհնար բան է սա անգամ երեւանցու համար, քանի որ ճանապարհին կանգնած է ոստիկանությունը, նաեւ ռազմական ոստիկանությունն է տարածքը վերահսկում: Ես անձամբ եղել եմ այնտեղ, իհարկե, չեմ ասի, թե ինչպես ու գիտեմ, որ անհնար է հասնել այնտեղ: Բնականաբար, ես չէի գնացել նկարահանումներ անելու, այլ գնացել էի մեր զինվորներին բարեւելու՝ այն էլ սպայի ուղեկցությամբ:

— Պարոն Նիկոլյան, իսկ ինչո՞վ է զբաղված եղել Վարդենիսում, ի՞նչ են նկատել անվտանգության ծառայողները:

— Հետաքրքրականն այն է, որ Վարդենիսում մի շոր է հագին եղել, որի թեւին եղել է հայկական զինանշանը: Որտեղի՞ց այդ հագուստը, ինչի՞ համար էր հագել, եթե տուրիստ է կամ եթե լրագրող է, ուրեմն՝ պետք է լիներ չեզոք: Սոթքում նկարահանում անելու նպատակը ո՞րն է եղել, ինչո՞ւ է հայկական դիրքերը նկարել: Ընդ որում, եթե Ֆրանսիայի համար է աշխատում, ուրեմն՝ նրա հետ պետք է լիներ Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն, ինչո՞ւ է եղել մենակ: Վերջապես մեկը զանգահարել է անվտանգության ծառայությանը եւ ասել, որ մի աղջիկ կա տարածքում արտասահմանցի, նկարահանումներ է անում, իսկ տեսախցիկը դնում պայուսակի մեջ: Սա եւս ուշագրավ է, որովհետեւ եթե լրագրող ես, տեսախցիկը ուսիդ կգցես, ոչ թե ամեն անգամ պայուսակիցդ կհանես: ԱԱԾ-ն բռնում է նրան, հեռախոսները ստուգում են, համակարգիչը՝ եւս, հարցնում են, թե ով է, ինչու է նկարահանում, ում համար է աշխատում: Սակայն, աղջիկը ոչինչ չի պատասխանում, չի խոսում: Օրենքով սա այն դեպքն է, երբ նրան անմիջապես պետք է տանեին ԱԱԾ-ի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Նալբանդյան 104: Բայց չեն տանում, պահում են՝ համոզված լինելով, որ «խոշոր ձուկ են բռնել»: Եվ որպեսզի նա խոսի, սկսում են տանջել, ըստ այդ աղջկա, ապտակներ են նրան հասցրել, հետո բանը հասել է նույնիսկ բռնաբարության: Բայց քանի որ այդպես էլ չի խոսել, ազատել են, ուղարկել Երեւան: Այս ամբողջ պատմությունից հետո նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, դեսպանատանը բոլորն են տեղյակ այս մասին, եւ իմ տեղեկություններով՝ նրա բողոքին ի պատասխան ասել են, որ՝ «դու եկել ես Հայաստան իտալական անձնագրով, եթե մտնեիր ֆրանսիական անձնագրով, սա արդեն ուրիշ հարց կլիներ»: Իհարկե, սա ձեւ է եղել, որպեսզի գլուխներն ազատեն, բայց չէ որ նա նույնքան նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեսպանատունը պարտավոր էր օրենքին համապատասխան պաշտպանել իր քաղաքացու շահերը: Պարզապես, Ֆրանսիայի դեսպանատունը չի ցանկացել աղմուկ բարձրացնել եւ խնդիրներ ունենալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Դրա համար ամեն ինչ արել են, որպեսզի շուտ նրան ուղարկեն Ֆրանսիա: Թե արդյոք դիմել է նաեւ Իտալիայի դեսպանատուն, չգիտեմ:

— Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգությունն այս անձի հետ կապված որեւէ խնդիր չի՞ տեսել, որ նա արդեն Ֆրանսիայում է:

— Այո, նա հիմա Ֆրանսիայում է: Եվ այստեղ դիմել է դատաբժշկի, որի եզրակացության հիման վրա պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Բայց հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցածի մասին ԱԱԾ ղեկավարությունը տեղյակ չի եղել: Իսկ տեղեկանալուց հետո չեն բարձրաձայնել այդ մասին, ուրեմն՝ մի խնդիր կա, որ ուզում են փակել թեման: Սակայն, ասեմ, որ արդեն իսկ այս հարցով ֆրանսիական մամուլը եւս հետաքրքրված է: Ինձ թվում է՝ Վարդենիսում մի սխալ բան, այդուհանդերձ, եղել է: Բռնել էիք, լավ էիք արել, ուղարկեիք Երեւան…

— Ի վերջո, Կլաուդիա Լոստանլեն լրտե՞ս է, թե՞ անախորժ պատմության զոհ:

— Ես չգիտեմ՝ այդ մասին թող բարձրաձայնի ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ սխալմո՞ւնք է եղել, թե՞ իրականում լրտես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275381&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ