«61 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԱՐՈՂԱՑԱ ԿՐԿՆԵԼ ԼԵԳԵՆԴԱՐ ԱԶԱՐՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ». ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ
Սպորտ
Այն, որ սպորտային մարմնամարզությունը Հայաստանում սկսել է վերագտնել իր երբեմնի հզոր դիրքերը, ցույց են տալիս նաև նվաճումները, որոնք ունեն մեր մարմնամարզիկները։ Դա ցույց տվեց նաև Iravunk. com -ի մարզական թղթակցի բացառիկ զրույցը անվանի սպորտային մարմնամարզիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, մրցանակակիր, Աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԻ հետ ։
- Ողջույն, Հարություն ։ Ինչպես կամփոփես անցած մարզական տարին ։
- Անցած տարի մասնակցել եմ Աշխարհի գավաթի խաղարկությանը Եգիպտոսում ու երրորդ տեղը գրավել, բրոնզե մեդալի արժանացել ։Ափսոս, Եվրոպայի առաջնության ժամանակ, վնասվածքի պատճառով /ձեռքի դաստակի հոդախախտ /ձախողեցի ու մեդալ չկարողացա նվաճել, իսկ Աշխարհի առաջնության ժամանակ չորրորդ տեղն եմ գրավել, սակայն միայն մրցավարների սուբյեկտիվ կարծիքի պատճառով մարզիչներն էլ նշեցին, որ ես արժանի էի երրորդ տեղին։
- Այս տարին կարող է ավելի հաջող լինել:
- Արդեն մեկնելու ենք Թբիլիսի, որպեսզի այնտեղ պատրաստվենք առաջիկա մրցաշարերին։ Փետրվարի 13-ին, ես, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը կուղևորվենք Կահիրե մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Դրանից հետո Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 20-ից հանդես ենք գալու Աշխարհի գավաթի երկրորդ փուլում, մրցաշարերը վարկանիշային են և ուղեգրեր կխաղարկվեն առանձին գործիքների վրա։ Մայիս ամսին Իտալիայում կկայանա սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես նշեցի, այս տարի կլինեն նաև չորս Աշխարհի գավաթի խաղարկություն երը, որոնք կանցկացվեն Եգիպտոսում, Քաթարում, Գերմանիայում ու Բաքվում։ Եթե երեք Աշխարհի գավաթի խաղարկությունում լավ արդյունք ցուցաբերենք, էլ կարիք չի լինի Բաքու գնալու։ Սրանք վարկանիշային են լինելու ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։ Նշեմ, որ ես ավելի լավ հանդես եմ գալիս նժույգթափեր ում։
- Հարություն, անցած տարի ծանր կորուստ կրեց մեր մարզաշխարհը, կորցրինք մեր լեգենդար մարզիկ, մարզիչ, Օղակների արքա Ալբերտ Ազարյանին։
- Իսկապես շատ մեծ կորուստ էր ամբողջ հայ ազգի համար, Ալբերտ Ազարյանը միակ եռակի Օլիմպիական չեմպիոնն էր։ Աստված հոգին լուսավորի մեծ հայի ։Նրան տեսնել, շփվել, մարզվել նրա հետ, իսկապես շատ մեծ պատիվ էր բոլորիս համար։ Նա լեգենդ էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ։ Նշեմ, որ Երևանում պետության կողմից կկառուցվի մեր լեգենդար Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը։
- Հարություն, կարող ես պատմել քո մարզական կարիերայում գրանցված հիշարժան հաղթանակի մասին։
- Որպես հիշարժան հաղթանակ, կարող եմ նշել, որ 2016 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում, նժույգթափեր վարժությունում վաստակելով 15,366 միավոր, դարձա Եվրոպայի չեմպիոն ։Դա անմոռանալի հաղթանակ էր, շատ յուրահատուկ։ Այդ հաղթանակը վաղուց շատ սպասված էր, վերջին անգամ 61 տարի առաջ լեգենդար Ազարյանն էր հաղթել։ Ու այդքան տարիներ անց ես կարողացա կրկնել այդ նվաճումը, զգացողություններս աննկարագրելի էին, հպարտ էի, որ մեր հայ ազգի պատիվը բարձր պահեցի։ Ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում, իսկապես շատ էի պատրաստվել դրան հասնելու համար։ 2022 թվականի օգոստոսին, մարզական կարիերայում երկրորդ անգամ նժույգթափեր վարժության Եվրոպայի չեմպիոն դարձա, արդեն կրկնակի չեմպիոն, Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչում վաստակելով 14,733 միավոր, առաջ անցնելով հոլանդացի և գերմանացի մրցակիցներից ։Նշեմ, որ այժմ լավ մարզավիճակում եմ գտնվում ու պիտի պայքարեմ, որպեսզի Օլիմպիական խաղերի ուղեգիր կարողանամ նվաճել։ Ուրախալի է, որ 2027 թվականին Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Հայաստանում։
- Շնորհակալություն, Հարություն, մեզ ժամանակ տրամադրելու, բացառիկ զրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=275097&l=am/