Ի՞նչ նոր փոփոխություն է բերելու հայ-վրացական համաձայնագիրը. Մանրամասնում է վրացագետ Ջոնի Մելիքյանը
Հանդիպում
Օրեր առաջ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր էին կնքել, ինչ է ենթադրում վերը նշված համաձայնագիրը, ի՞նչ նոր փոփոխություն է բերելու կողմերի հարաբերություններում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ վրացագետ Ջոնի Մելիքյանից, ով նախ փաստեց.
-Այս փաստաթուղթը որակապես փոփոխություն է մեր հարաբերություններում, առնվազն այսօր քաղաքական իշխանությունները ֆիքսեցին, որ երկու էլիտաները՝ Հայաստանի ու Վրաստանի, տեսնում են հարաբերությունները ռազմավարական դաշտում, ուստի արդեն այս փաստաթղթի ստորագրումից հետո անցնում ենք հաջորդ փուլին, որն էլ այդ հարաբերությունների հիմքը ստեղծելու ու այդ համագործակցությունը ընդլայնելու փուլն է։ Ուստի այսօրվանից, կարելի է ասել, որ մենք այս տարվա ու հետագա տարիների ընթացքում տարբեր ոլորտային համագործակցության, տարբեր նախաձեռնությունների, որոնք հայ-վրացական կլինեն թե ավելի լայն տարածաշրջանային, անելու ենք ամենը, որ տնտեսապես հզորացնենք այդ համագործակցությունը և մեր հարաբերությունների տնտեսական հիմքն ավելի ամրապնդենք ու քաղաքական դաշտից բերենք տնտեսական։
Քաղաքական առումով հարաբերությունների այս որակն արդեն ֆիքսել ենք ու տարիների ընթացքում մենք ռազմավարական հարաբերությունների հիմքը ստեղծել ենք, որով թե՛ առևտրաշրջանառությունը կավելանա, թե՛ ներդրումները, թե՛ համատեղ տարբեր ոլորտային էներգետիկ, ենթակառուցվածքային, հաղորդակցային ու այլ ոլորտների համագործակցությունը կավելացնի թե՛ դրանց թիվը ու թե՛ արդյունավետությունը։ Քանի որ տարիների ընթացքում մեր հարաբերությունների հիմքը առաջին հերթին հենց տնտեսական համագործակցությունն է եղել, այո՛, կարևոր է, որ մենք ֆիքսենք տնտեսական այն ցուցանիշները, որոնք համապատասխան են հարաբերությունների ռազմավարական բնույթին։ Կարելի է ասել, որ առևտրաշրջանառությունը վերջին մի քանի տարիների ընթացում աճել է, պետք է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակել, ու հնարավոր է առաջիկա հինգ տարվա ընթացքում կրկնապատկել այդ ցուցանիշը՝ հասցնելով 2 միլիարդի։ Պետք է համատեղ ներդրումներ արվեն, համատեղ նախագծեր հեղինակվեն ու կյանքի կոչվեն, արդեն այսօր կան ստորգետնյա էներգանախագծեր, այլ կապուղիների մասով ևս պետք է աշխատանքներ տարվեն։ Շատ-շատ ոլորտներ կան, որոնք ասում ենք տնտեսական, բայց, դե, որտեղ տնտեսությունն է, այնտեղ քաղաքականությունն է ու հակառակը։
– Պարոն Մելիքյան, Փաշինյանն էլ ասել էր, որ գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի ու աշխատանքի արդյունք, ինչո՞ւ կողմերն այս փուլում որոշեցին այն կյանքի կոչել:
– Երևանի կողմից 2018-ից հետո մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով այդ մասին խոսվել է, Թբիլիսին շատ զուսպ է եղել, ու այնքան էնտուզիազմով չի վերաբերվել այդ գաղափարին: Բայց եղավ Արցախյան երկրորդ պատերազմը, դրանից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը շարունակելու է իր ռևանշիստական ու դեստրուկտիվ քաղաքականությունը տարածաշրջանում։
2021-22 թվականների իրադարձությունները, իմ կարծիքով, Վրաստանի իշխող էլիտայի մեջ որոշ մտահոգություններ են առաջացրել, ու այս քայլն այսօր Թբիլիսիի կողմից նաև տարածաշրջանային բոլոր գործընթացների միտումների արդյունք է նաև ու դրանց ազդեցության արդյունքն է։ Սրանով նրանք բալանսավորում են հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի հետ արդեն ունեին ռազմավարական հարաբերություններ։ Պարզ է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն այսօր նույնը չեն, ինչ Վրաստան-Հայաստան հարաբերությունները, դրա համար էի ես ասում, որ տնտեսական մասով աշխատանք ունենք անելու, որ այդ համաձայնագրի բովանդակությունը իրականության մեջ կիրառվի։
https://iravunk.com/sim/?p=274894&l=am/