«Ֆլայ Արնան» դադարեցրել է թռիչքները. ֆինանսական խնդիրներ, չեղարկված տոմսերի գումարների վերադարձ, սպասողական վիճակ․ «Հետք»

Թեմա

Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում, գրում է «Հետքը»։

2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ այս ավիափոխադրողը հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

«Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց «Air Arabia» բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է:

Մինչեւ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը:

Դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը գրեց, որ ավիաընկերության թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Արձագանքելով լուրերին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։

«Հետքն» էլ գրեց, որ նոյեմբերի վերջին հայկական ռեգիստրից հանվել է ավիափոխադրողի երկու «Airbus A320» տիպի օդանավերից մեկը, որն այնուհետ անցել է «Air Arabia»-ին: Այսինքն՝ հայկական օպերատորին մնացել է միայն մեկ ինքնաթիռ (հայկական գրանցումը՝ EK-YRB, թռիչքները՝ այստեղ):

2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, 2023-ի հոկտեմբերին այն դարձել էր շուրջ 6,8 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր եւս 2 մլրդ դրամ ներդնել: Այսպիսով՝ դեկտեմբերից մինչ օրս հայկական ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը 8,8 մլրդ դրամ է:

Նկատենք, որ վերջերս ԱՆԻՖ-ի գործերը նույնպես լավ չէին: Նախորդ ամռանը «Հետքը» գրել էր, որ, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ուսումնասիրելով ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. փաստաթղթերը, եկել էր հետեւյալ եզրակացության. «Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»: Այնուհետ ԿԿՀ-ն նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե, եւ այստեղ քրեական վարույթ է սկսվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նկատենք, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը զուգահեռաբար մինչեւ 2021 թ. ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ. Երեւանի փոխքաղաքապետը:

Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահն այժմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է: Նորակազմ խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:

«Ֆլայ Արնայի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին մի քանի հարց էինք ուղարկել Տ. Ղազարյանին, սակայն ԱՆԻՖ-ից ստացված պատասխանները բավական խուսափողական են:

Հարցին, թե ինչու են բաժնետերերը 2023-ի տարեվերջին եւս 2 մլրդ դրամ ավելացրել ավիաընկերության կանոնադրական կապիտալին, ԱՆԻՖ-ը հայտնել է, որ պատճառը եղել են «Ֆլայ Արնայում» առաջացած «որոշակի ֆինանսական խնդիրները»: Ֆոնդը չի պատասխանել մեր հարցերին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից այս կողմ թռիչքներ չի կատարում, իսկ նոյեմբերից էլ մնացել է մեկ օդանավով: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ: Սակայն սրան արձագանք չենք ստացել:

Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: ԱՆԻՖ-ի նորանշանակ ղեկավարից հետաքրքրվել էինք, թե արդյոք վերջին 2-3 ամիսներին կրճատումներ եղել են ավիաընկերությունում, ինչին բացասական պատասխան է տրվել:

Թռիչքների դադարեցմանը զուգահեռ՝ ավիաընկերության պաշտոնական կայքից հանվել են առաջիկա չվերթերը, չնայած ուղեւորները հասցրել էին դրանց համար տոմսեր ձեռք բերել: Ընկերությունից նրանց ասել էին, թե տեխնիկական խնդիր կա կայքում, որը մի երկու օրից կլուծվի, բայց, ինչպես տեսնում ենք, սա ավելի լուրջ եւ ժամանակատար հարց է: ԱՆԻՖ-ը «Հետքին» փոխանցել է, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղեւորներին «Ֆլայ Արնան» վերադարձրել է տոմսերի գումարները, եւ գործընթացը շարունակվում է: Ավիաընկերության հայկական բաժնետերը վստահեցնում է, որ որեւէ ուղեւոր այս ընթացքում տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին