ՀՀ քաղաքացին վաստակել է իր երկրում բարեկեցիկ ապրելու իրավունքը. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասին
Իրավական
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Թվաքանակով փոքր պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության համար, որքան քիչ լինեն կուսակցությունները, կրոնական, ոչ կրոնական բաժանումները, այնքան պետությունը, նրա քաղաքացին զերծ կմնա տարատեսակ ցնցումներից, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում պետության մեջ և պետության հետ սերտաճած տարբեր գրանտածիծ կառույցների, կրոնական կազմակերպությունների միջոցով, որոնց թելերը տանում են այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հատուկ ծառայություններ:
Հայաստանի հիմնական օրենքի` սահմանադրության ուժով` մեր երկիրը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է:
Սույն իրավանորմի տակ պետք է հասկանալ մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, իրավական պետությունը: Պետություն, որն իրենից ներկայացնում է մեկ ամբողջական, ինքնիշխան իրավասուբյեկտ:
Նաև Հայաստանի հիմնական օրենքի ուժով` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, որպես ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Սույն իրավանորմի տակ պետք է հասկանալ ոչ թե խտրականություն կամ անհավասար մոտեցում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչը հաճախ շահարկվում է որոշ իրավապաշտպանների կողմից, այլ` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ բացառիկ դերը դեռ նմանը չունեցող այնպիսի մի կրոնական ուսմունքի, որը կոչվում է քրիստոնեություն, որն էլ օրենքի ուժով, որպես պետական կրոն, առաջինն ընդունվել է Հայաստանի կողմից: Դա հանրահայտ փաստ է և անհրաժեշտ է, որպեսզի քրիստոնեություն դավանող և չդավանող երկրների ժողովուրդների համար լինի հասանելի:
Բնականաբար, բանակը Հայաստանի նման փոքր պետության համար աշխարհում տեղի ունեցող մեծ թոհ ու բոհերի մեջ գոյատևման անհրաժեշտ և պարտադիր պայման է, բայց…
Չի կարող երկիրը լինել ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն, որի բաղկացուցիչ մասն էլ բանակն է, քանի դեռ երկրի քաղաքացու տարրական իրավունքը խախտվում է յուրաքանչյուր քայլափոխում, սկսած կիսագրագետ և կուսակցանակցված գյուղապետից, նրա քմահաճույքներից, վերջացրած կուսակցանակցված մարզպետով ու նախարարով: Երկրում, ընդհուպ` իշխանական բուրգում, վխտում են բազմաթիվ և բազմագույն միջազգային կառույցներ, կրոնական միավորումներ, որոնք տարաբնույթ եվրոպական ստանդարտների և միայն իրենց հայտնի կրոնական գաղափարախոսության, խոսքի ազատության, արդարության անվան տակ քարոզում են անհնազանդություն, ընդհուպ` չզինվորագրվելը բանակին, որն էլ բերում է տարաբնույթ ցնցումների, որոնք կործանարար են պետականության ու պետության համար, պետություն, որի քաղաքացին արտագաղթում է այլ երկիր և իր մտավոր ունակությամբ ընդունակ է հզորացնել տվյալ երկիրը, սակայն իր երկրում ապրում է թշվառագույն պայմաններում, որոշ մասն էլ վաղուց դարձել են օրենքով բոմժեր (պարտապաններ, տներից զրկվածներ և այլն):
Պատճառը. երրորդ երկրների և դրանց միջազգային կառույցներին վաղուց է հայտնի հայ մարդու, հայ կերպի ողջ պոտենցիալն ու մտավոր ունակության ուժը, որը մինիմալ պայմանների առկայության դեպքում իր երկիրը հզորացնելու ու դարձնելու է դրախտավայր: Դրան նպաստում է նաև իշխանավորների վարած ապաշնորհ վարչարարությունը, որը հող է նախապատրաստում երկրում ապրող քաղաքացու արտագաղթին, իսկ ապագայում էլ` անուղղակիորեն նպաստում է ազատ խոսքի անվան տակ հետևանք առաջացնող ցնցումներին, որը երկիրը կշպրտի խավարասերների մոտ, կամ կդառնա այլ երկրի կամ երկրների վասալը:
Հայաստանում բացակայում է ոչ միայն օրենք` տարբեր հասարակական կրոնական կազմակերպությունների գործունեության կասեցման և սահմանափակման վերաբերյալ, եթե վերջիններիս գործունեությունը հակասում է ՀՀ հիմնական օրենքի դրույթներին, այլև բացակայում է հսկողությունը դրսից բուծված գրանտածիծ կառույցների նկատմամբ, որոնք խոսքի ազատության և այլ <<ությունների>> անվան տակ քարոզում են ատելություն դեպի պետական համակարգը, Հայաստանի բյուջեն համալրող գործատուն ու գործարարը, բանակն ու բանակաշինությունը… Զավեշտն այնտեղ է հասել, որ աղանդի կամ գրանտածիծ կառույցների կործանարար հետևանքների մասին խոսում և գործում է ոչ թե պետական լիազոր մարմնի մամլիչը, այլ` անհատ իրավապաշտպանը, փաստաբանը, մտավորականը, լրագրողը` քաղաքացին:
Հարկավոր է օրենքի ուժով սահմանել հսկողություն, իսկ հարկ եղած դեպքում` միջամտություն այն ամենի նկատմամբ, ինչի գործողությունների արդյունքում ցնցում են երկիրն ու նրա քաղաքացուն: Հարկավոր է տոտալ քաղաքականություն իշխանական բուրգի նկատմամբ, որպեսզի տվյալ իշխանության կողմից տարվող քաղաքականության արդյունքում երկրի քաղաքացին ոչ թե երազի ապագան կառուցել ու կերտել օտարի հողում, օտարի համար, այլ օրենքի ուժով պաշտպանված լինի հենց իշխանավորի կատարած անօրինականություններից ու բռնություններից, պետական պաշտոնյայի ցինիկ պահվածքից և գիտակցի, որ երկրի տերը ժողովուրդն է, որի մասն է կազմում և իշխանավորը, և մտավորականը, և շինականը, իսկ այդ ամենի բաղկացուցիչ մասը` իր ծոցից դուրս եկած զինվորը: Հայ զինվորի բազկի ուժի առավելությունն այլ երկրի զինվորի նկատմամբ լավագույն ձևով արտացոլվեց հաշված օրեր առաջ մեր զինվորի կատարած սխրանքով` մի քանի անգամ գերակշռող թվաքանակով և պատրաստվածությամբ հարևան մելիքության բանակի նկատմամբ:
Հին աշխարհում անպարտելի բանակի տիպիկ օրինակ է եղել Տիգրան Մեծի բանակը: Հետագայում, տարբեր պետությունների կողմից բուծված գաղափարներին հավատալով և թուլանալով, այնուհետև կորցնելով պետականությունը` հայերն իրենց ռազմական ուրույն խոսքն են ասել սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց (այրուձի), վերջացրած նապոլեոնյան բանակում և Ցարական Ռուսաստանի բանակի հրամկազմում: Հայրենական պատերազմի տարիներին հեռավոր հայկական մի գյուղը տվեց Սովետական Միության երկու մարշալ և մոտ տասնյակի հասնող գեներալներ: Եվ, վերջապես, Արցախյան հերոսամարտում հրաշքներ գործած և գործող հայի կերպը, որոնք մտավորականներ, շինարարներ են, սակայն պարտադրված դարձան զինվորներ և ոչ միայն ազատագրեցին և վտարեցին չարիքն իրենց հողից, այլև պատրաստ և ունակ են բնաջնջել չարի օջախը, որը, ոչ իրենց կամքով, տեղի չի ունենում:
Այսօր բանակում ծառայում է Հայաստանի Հանրապետության զինվորը, որը ծնունդն է այդ հանրապետության: Նրա ժամկետային ծառայության ընթացքում ընտանիքն օրենքի ուժով պետք է գտնվի պետության հատուկ հովանու ներքո, մասնավորապես. Ժամկետային զինծառայողի ընտանիքը գոնե պետք է ծառայության ժամանակահատվածում ազատվի գույքահարկից, տեղական բոլոր հարկերից ու տուրքերից: Այն զինծառայողները, ովքեր ժամկետային ծառայությունն անց են կացնում մարտական դիրքերում և ուղղակի շփումներ ունեն և կարող են ունենալ հարևան մելիքության բաշիբոզուկների հետ, ծառայությունից հետո պետք է ունենան արտոնություններ` անվճար սովորելու, ստանալու չնչին տոկոսադրույքով և երկարաժամկետ հիփոթեքային և բիզնես վարկեր, ինչպես նաև տեղական և կոմունալ վճարումները պետք է զեղչվեն:
Հարկավոր է իմանալ.
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հայաստանի քաղաքացին վաստակել է իր երկրում բարեկեցիկ ապրելու իրավունքը:
Լևոն Սոխակի Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am