Լույսից վախենում են նրանք, որոնց գործերը խավարի մեջ են արվում. Սրբազան հայրը Հ1-ի մանրախնդրության մասին
Հանդիպում
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չհեռարձակեց: Մայր աթոռը պարզաբանում էր ներկայացրել, թե ինչու Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը. «Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,-ասված էր հաղորդագրությունում։
Ի՞նչ մեսիջ էր ուղղված համայն հայությանը Վեհափառի ուղերձը Հ1-ով չհեռարձակելը, ի՞նչ վտանգավոր «ականներ են» թաքնված նման որոշման տակ, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հետ.
-Վեհափառ Հայրապետն իր բոլոր ուղերձներում խոսում է հստակ, դիպուկ, առանց երկդիմի ձևակերպումների` վեր հանելով ազգային առկախ խնդիրները, մատնանշում լուծման ամենահուսալի ուղին` դարձ դեպի Աստված:
Հ1-ը, հանրային հեռուստաընկերություն կոչվելով հանդերձ, սպասարկում է հանրության միայն իշխանական հատվածի տեսակետները, մոտեցումներն ու շահը: Եվ հանրային անունը չի արտացոլում տվյալ հեռուստաընկերության առջև դրված նպատակները: Դա ըստ էության իշխանության ալիքն է և ոչ թե հանրության:
Մյուս կողմից, հասկանալի է, որ Հ1-ի այս որոշումը ներքին խոհանոցում չէ, որ ընդունվել է, այլ պարտադրված է եղել իշխանական ամենաբարձր կետից:
Ինչու՞,որովհետեւ լույսից վախենում են նրանք, որոնց գործերը խավարի մեջ են արվում:Պետության և եկեղեցու միջև անջրպետն առաջացրել են հենց իշխանությունները, դա նախաձեռնել են իշխանական այրերը, այլ ոչ թե եկեղեցին: Եկեղեցին որքան էլ միասնականությամբ հզոր հայրենիք կերտելու ջատագովն է, բայց ի դեմս Վեհափառ Հայրապետի` չի կարող չխոսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք մի ողջ ազգի պատմական հեռանկարի վրա բացասաբար են անդրադառնում:
Եվ Ամանորի գիշերվա այդ տհաճ անակնկալը, ցավոք սրտի, կարող է նախադեպ դառնալ, և անջրպետը գնալով կարող է խորանալ պետության և եկեղեցու միջև: Ավելին՝ անջրպետը կարող է խորանալ նաև Հայաստանի և Սփյուռքի միջև։ Իշխանություններն ամեն ինչ անում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում երկպառակություններ ստեղծելու, Հայ Եկեղեցին վարկաբեկելու, Հայրենիք-Սփյուռք կապը խզելու, ազգային ու համազգային կարևոր և առանցքային հիմնախնդիրներից հայության ուշադրությունը շեղելու համար։ Հայի ազգային դիմագիծը խեղելու պետության նպատակների դեմ Հայ Առաքելական Եկեղեցին անանցանելի խոչընդոտ է: Այս հանգամանքը վրդովեցնում է ոմանց:
-Սրբազան, արդյո՞ք սա իշխանությունների պատասխանն էր Եկեղեցուն Հայոց պատմության դասագրքի աղավաղման բացահայտումների վերաբերյալ։ Առհասարակ, ըստ Ձեզ , նման քայլը Վեհափառի անձի՞, թե՞ եկեղեցու դեմ էր։
-Քայլը ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային զանազան հարցերում եկեղեցու դիրքորոշումների դեմ: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Վեհափառը միայն Հայաստանում ապրող հայրեի կաթողիկոսը չէ, այլ համայն հայության, աշխարհասփյուռ հայության, ինչպես տիտղոսն է թելադրում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այսինքն՝ ոտնահարվել են համայն հայության իրավունքները, իշխանությունները ցինիկաբար արհամարհում են 10 միլիոնից ավելի աշխարասփյուռ հայության իրավունքները՝ զրկելով հաղորդակցվել Վեհափառ Հայրապետի պատգամին ու հայրական հորդորներին, որոնք մշտապես ոգեշնչող ու հուսադրող են։ Չմոռանանք նաև, որ Վեհափառն իր ուղերձում անդրադառնում է նաև Արցախին, ինչը միանշանակ դուր չի եկել իշխանություններին։ Եթե եկեղեցու որոշումների ելակետը ազգի հոգևոր և ազգային շահն է, ապա պետությանը` համահարթեցումը: Եվ այստեղ բախում է տեղի ունենում: Այդ համատեքստում է նաև, այո, Եկեղեցու` Հայոց պատմության դասագրքում տեղ գտած աղավաղումների և էական սխալների բացահայտումը:
Հարցն ամենևին Վեհափառի անձը չէ: Ի դեմս Վեհափառ Հայրապետի` արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Եվ պատահական չէ, որ այդ ընթացքում գնալով ավելի են ոգևորվում տոտալիտար աղանդավորական խմբերը: Այդ խմբերի և պետության նպատակները հիմա համընկնում են` քայքայել ամեն ազգայինը, որի աներկբա կրողն է եկեղեցին և համահարթեցնել ամեն ինչ:Մենք, իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ, թե Հայաստանում և թե Սփյուռքում, դա չենք կարող թույլ տալ։
https://iravunk.com/sim/?p=273136&l=am/