Ի՞նչ խաղերի մեջ է օդանավակայանի շեֆությունը երկրի անվտանգության հաշվին
Հասարակություն«Ժողովուրդը» երեկ հիշեցրեց մեկ տարի առաջ արձանագրված դեպքի մասին: Խոսքը համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին տարածված լուսանկարի մասին է, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։
Թեեւ այդ փաստն անցած տարի մեծ աղմուկ բարձրացրեց, պատկան որոշ անձինք լուծումներ խոստացան, բայց ահա, պարզվում է, որեւէ մեկը մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել: Լրատվամիջոցը նորից է փորձել պարզաբանում ստանալ, սակայն ապարդյուն: Մենք եւս փորձեցինք «Զվարթնոցից» ու Քաղավիացիայի կոմիտեից պարզաբանում ստանալ` ո՞վ է վերջապես պատասխանատու: Սակայն նորից նույն «ցրոցին» է. մեկը մյուսի վրա է գցում, եւ թե ինչու, կարելի է հասկանալ: Մինչդեռ իրականում գործ ունենք լրջագույն խնդիր հետ:
Նախ, լուսանկարը թե ինչու է տարածվել, այն էլ` «ՔՊ-ամերձ կայքերում», կարելի է հասկանալ: Փորձում էին ցույց տալ, թե ահա, սա էլ ընդդիմությունը, բողոքում են, բա այսքան փող որտեղի՞ց, որ կարող են Դուբայում թանկարժեք ամանորներ անցկացնել: Եվ, հանուն արդարության, այստեղ պարզելու շատ հարցեր կան, եւ այս տեսանկյունից` ինչո՞ւ պետական պատկան օղակները չեն զբաղվել: Պետք է պարզեին եւ հանրությանը տեղեկացնեին, թե` կա՛մ Իշխան Սաղաթելյանն իր օրինական վաստակով է Դուբայ գնացել, եւ այդ դեպքում ոչ մի խոսք: Կա՛մ` վաստակն օրինական չէր, եւ այս-այս միջոցներն ենք ձեռնարկել: Ու պարզվում է` ոչինչ չի արվել, համենայնդեպս, նման պարզաբանման մասին հիշել չկարողացանք: Բայց սա ամենաէական կողմը չէ. խնդիրը շատ ավելի խորքային եւ լուրջ է:
Այս լուսանկարը ցույց տվեց, որ օդանավակայանի տեսախցիկները հերիք չէ ֆիքսել են մարդկանց անձնական կյանքի մասին տվյալներ, այլ որ շատ ավելի վտանգավոր է, այդ փաստերը կարող են տարածվել: Նման միտք է միանգամից առաջ գալիս. մեկը նստած է այդ տեսախցիկների այն կողմում եւ կարող է ֆիքսել ցանկացած մարդու անձնականի մասին տվյալներ եւ պետք եղած պահին եւ ձեւով տնօրինել դրանք: Ընդ որում` պարզել, թե այդ մեկն ով է, րոպեական գործ է: Բայց երբ մեկ տարի շարունակ մաքուր կրիմինալ այդ արարքը չի բացահայտվել, դա այլ բան է հիմնավորում: Կա՛մ այդ մեկն այնքան հզոր թիկունք ունի, որ իրավապահները նրան բան ասել չեն կարող: Կա՛մ, որ մեկը ոչ թե իր գլխին նստել եւ տվյալների արտահոսք է անում, այլ նրան հատուկ են նստեցրել այդ «գործի վրա»: Իսկ թե ով կարող է նման բան անել, դա էլ դժվար չէ հասկանալ:
Արդյունքում, ստանում ենք նման վիճակ: Հայաստանում կան վերին կառույցներ, որ հատուկ կուսակցական շահերից ելնելով, հանձնարարականների հիման վրա կարող են ոչ թե պարզապես տարածել, այլ, ամենակարեւորը, ֆիքսել եւ ցանկացած այլ տարբերակով օգտագործել անձին վերաբերող փաստեր: Իսկ այդ տարբերակները կարող են բազմազան լինել` ճնշում, շանտաժ, վարկանիշի նվազեցում եւ այդպես շարունակ: Գումարենք փաստը, որ նման բաներ անում են ռազմավարական նշանակության օբյեկտում` օդանավակայանում, ինչը նշանակում է, որ սա ուղղակիորեն կապված է նաեւ պետական անվտանգության հարցերի հետ:
Օդանավակայանի ղեկավարությունը, իհարկե, կփորձի ամեն կերպ պատասխանատվությունից խուսափել` սլաքն ուղղելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, եւ կոմիտեն էլ` նույնը: Ու դա միայն հավելյալ հիմնավորում է, որ այս ամենի գլխին կանգնած են շատ ավելի «թափով» կառույցներ:
Բայց գանք մյուս կողմից: Եթե այդքան «թափով» կառույցները կարող են Իշխանին գտնել-ֆիքսելու մակարդակով վերահսկել օդանավակայանի անցուդարձը, բա այդ դեպքում ինչո՞ւ ամեն ինչ չեն հսկում: Օրինակ, ժամանակին ռուսները հայտնեցին իրենց օդանավակայանում հայտնաբերված հսկայական քանակով չակցիզավորված ծխախոտ հայտնաբերելու մասին: Բայց չէ՞ որ այդ ծխախոտը, մինչ ռուսական օդանավակայան հասնելը, նախ տեղի օդանավակայանով էր անցնելու: Գումարած, եղել եւ պտտվում են բազում այլ երկրներ եւս նման ծխախոտի հսկայական քանակներ թռցնելու մասին խոսակցություններ, եւ այսպես շարունակ: Այս ամենը, Իշխանից էլ առաջ, պետք է ֆիքսվեին օդանավակայանի տեսախցիկների եւ դրանց այն կողմում նստած «թափով անձանց» կողմից: Քանի՞ անգամ են հայտարարել, օրինակ, առանց ակցիզ ծխախոտի մասին. որեւէ դեպք չենք հիշում: Ուրեմն, ինչպե՞ս է ստացվում, որ Իշխանին տեսնում են, մնացած ամեն ինչը` ոչ: Խելքին մոտ պատասխան կա. չեն ուզում տեսնել: Այդ դեպքում կստացվի, որ իրենց նստեցրած անձանց չտեսնելու վրա աչք են փակում նաեւ «վերին թափովնե՞րը»: Ինչո՞ւ, մեջը բա՞ն կա…
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

