Փաշինյանը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ արևմուտքի օգնությամբ
ԹեմաՀայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը բազմաթիվ հարցեր ի հայտ բերեց՝ կապված այդ շրջադարձի իրական մոտիվացիայի հետ:
Վերջին շրջանում Փաշինյանը, տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում, փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրա հիմնական մեխը հռչակելով ինքնիշխանության համար մղվող պայքարը: Սակայն, հարց է առաջանում՝ արդյո՞ք, հարելով արևմտյան վեկտորին, Փաշինյանը իսկապես հույս ունի բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման մակարդակը, թե՞ խնդիրը շատ ավելի տրիվիալ է և այդ քայլով, Փաշինյանը ընդամենը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ առաջարկելով արևմուտքին քաղաքական խաղադրույք կատարել իր վրա:
Նման եզրակացության համար առկա են մի շարք հիմքեր: Եվ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ արևմուտքի կողմից չեն հնչել, միայն ֆինանսական և ռազմական օգնության մասին գեղեցիկ խոստումներ: Եվ չնայած այդ խոստումների, ԵՄ կողմից դեռևս 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարի ներդրումները այդպես էլ Հայաստան չեկան, իսկ ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա ընդամենը օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Ավելին, նա նշեց, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չունի: Իր հերթին, Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն էլ նշել էր, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Թերևս պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու իր գեղեցիկ խոստումը արևմուտքը պատրաստվում է կատարել՝ միայն ՀՀ սահմանային շրջաններում հեռադիտակով զինված դիտորդների թիվը ավելացնելով:
Հետևաբար, թեև Փաշինյանը ինքն էլ քաջ գիտակցում է, որ արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս՝ բացառապես Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության լծակները չեզոքացնելու նպատակով, սակայն, նրա գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության երկարաձգումը: Փաշինյանը հասկանում է, որ պարտված պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, ՀՀ սահմաններին օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրները, տնտեսական աճի բացակայությունը գնալով նվազեցնում են սեփական իշխանությունը վերարտադրելու շանսերը: Եվ հասկանալով, որ ՌԴ կողմից աջակցության արժանանալու շանսերը գրեթե զրոյի են հավասար, Փաշինյանը խաղադրույք է կատարել արևմուտքի օգնության վրա: Սա էլ, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վարչապետի վա-բանկ գնալու արդյունքում Հայաստանը շարունակելու է մնալ արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով:
https://iravunk.com/sim/?p=271659&l=am/

