Բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը հարկ չհամարեց այցելել Գյումրի
ՀասարակությունIravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Այս օրը, արդեն 35 տարի է բոլորիս հիշողություններում մնում է որպես 1988 թվականի Սպիտակի, Գյումրիի սարսափելի երկրաշարժի օր ։Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգեցին վերակառուցված «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում պատարագ մատուցելով։ Հատկանշական է, որ սարսափելի երկրաշարժից 35 տարի անց, զոհերի հիշատակին նվիրված, առաջին անգամ էր պատարագ մատուցվում այս եկեղեցում, այն ևս 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մասամբ ավերվել էր։ Պատարագից անմիջապես հետո, ինչպես ամեն տարի, մարզի ու քաղաքի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որի հեղինակը Գյումրեցի անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է։ Հուշարձանը տեղադրված է «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու բակում։ Շատ զարմանալի էր այն փաստը, որ կառավարության անդամներից, բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը հարկ չհամարեց այսօր այցելել Գյումրի, որը տարիներ շարունակ համարվում էր աղետի գոտի։ Գյումրեցիների խոսքերով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև չվերանորոգվի, քաղաքը չի շտկի իր ծռված մեջքը։ Այժմ արդեն եկեղեցին վերակառուցվել է ու այսօր այնտեղ կայացավ համերգ նվիրված երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչեց, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Գաղտնիք չէ, որ գյումրեցիները շատ հումորով են ու նույնիսկ երկրաշարժի ժամանակ են հումորներ արել։ Քաղաքի տարեց բնակիչները հիշում են, որ երկրաշարժի ժամանակ գյումրեցիները մեկը մյուսին հարցնում էին. «Ծո ինչ խաբար ունիք, խո Երևանցիներին բան չի էղել, ընդեղ ինչղ է վիճակը»։
Մի կին, երկրաշարժի ժամանակ շուրջ մեկ շաբաթ մնացել է փլատակների տակ, իր երեք փոքր դուստրերի հետ ու իր թևից արյուն հանելով, կերակրել իր փոքրիկներին, այդպես փրկելով նրանց կյանքը։ Նա արժանացել է հերոսուհի մայր կոչման։ Ցավալի է, բայց փաստ է, որ սարսափելի երկրաշարժից անցել է ուղիղ 35 տարի, սակայն Գյումրիում /այն ժամանակ Լենինական /դեռ շարունակում են մարդիկ ապրել տնակներում, այս պահին քաղաքում կա դեռ 2600 տնակ, որից 2200֊ում մարդիկ են բնակվում։
Բնակիչները երկրաշարժից, ինչպես նաև տարբեր պատճառներով դարձել են անօթևան ու դեռ սպասում են բնակարան ստանալու հերթին։ Տնակներում մարդիկ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում։ Գաղտնիք չէ բոլորիս, թե ինչ սաստիկ ցուրտ է լինում ձմռան այս օրերին Շիրակի մարզում ու շուրջ 7 ամիս ջեռուցման խնդիր կա, վառարաններով պիտի տաքացնել տունը։
Նշենք, որ Գյումրին երկրաշարժից 35 տարի անց շտկել է իր մեջքը և համարվում է նաև զբոսաշրջային քաղաք, հայտնի է իր անվանի մարզիկներով, արհեստներով ու արվեստներով, եկեղեցիներով, թանգարաններով, Սև բերդ ամրոցով։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

