Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:
— Վերջին շրջանում ակտիվություն է դրսեւորում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 1991 թվականին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Նիկոլ Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ: Ո՞ւր էր, երբ ադրբեջանցիների բռնապետ Ալիեւը օկուպացնում էր Արցախն ու կոտորում մեր հայրենակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե` մենք չենք ներքաշվելու այդ խաղի մեջ: Ես ցանկանում եմ տվյալ անձնավորությանը եւ դավաճան Նիկոլին հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ Անկախության հռչակագրում սեւը սպիտակի վրա գրված է, որ ՀՀ ղեկավարը պատասխանատվություն է կրում Արցախի եւ արցախահայության անվտանգության համար: Այս մարդիկ նույնիսկ խախտել են Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով ամրագրված այն կետերը, որոնք վերաբերում են հայ ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը: Մենք ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց հայտարարությունները լուրջ ընդունել, նույնիսկ նրանց քննադատելն այլեւս ճիշտ չեմ համարում: Այսօր ունենք հստակ մի խնդիր` այս իշխանությունից ազատվել: Հայ ժողովրդի փրկությունը միայն դրա մեջ է, այլապես մի օր էլ կարող են արթանանալ եւ ասել, թե 1991 թվականին նախկին իշխանությունները հանձնել են Շիրակն ու Սյունիքը: Ուղղակի նրանք ցանկանում են մանիպուլիացիաներով, ժողովրդի մոտ իրենց դավաճանություններն արդարացնելով եւ մյուսների վրա գցելով` իրենց խաղն առաջ տանել: Վահագն Խաչատուրյանը փաստացի ՀՀ նախագահը չէ, որովհետեւ նա երբեւիցե ՀՀ քաղաքացիների եւ երկրի ծանր վիճակում հայտնված ժամանակ որեւիցե հարցով չի օգնել, որեւիցե մտահոգություն չի հայտնել: Հիմա, երեւի, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը զանգահարել են ձեռքին եւ ասել` մի բան էլ դու խոսա, որ մամուլում պտտվի, ժողովրդին էլի մանիպուլացնենք, այդ մարդն էլ արել է, ի՞նչ ենք ուզում իրենից: Այսինքն` ես կամ ընդդիմադիր որեւէ այլ գործիչ հիմա պետք է արդարանա՞, որ 1991 թվականին չի հանձնվել Արցախը: Ինչի հայը չգիտի՞, որ 1991 թվականին Արցախն ընդհակառակը` ազատագրվել է, ձեռք ենք բերել անկախություն, չգիտե՞ն մարդիկ դրա մասին: Սերժ Սարգսյանն ու իր մարտական ընկերներն Արցախն ազատագրողներն են, իսկ այս մարդիկ հանձնողները, նրանք լեգենդներ են, սրանք` դավաճաններ: Ու այս ամենը հիմնավորված է փաստերով:
— ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բոլորովին այլ իրականություն է ներկայացնում: Նա ասում է` Սերժ Սարգսյան-ՀԱՊԿ «փայլուն» գործակցությունը 5 միլիարդի ռուսական զենքն է Բաքվին: Փաստորեն, այն, որ Արցախում այդքան զենք թողնվեց Ադրբեջանին, սա է՞լ են գցում նախկինների գրպանը:
— Սերժ Սարգսյանի եւ ՀԱՊԿ-ի համագործակցության արդյունքն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պատասխանն էր Ադրբեջանին եւ նաեւ դաշնակիցների զսպող արձագանքները, որոնք այնքան արագ եղան, որ ոչ թե Ալիեւը, այլ Էրդողանն արդեն հրապարակայնորեն խնդրում ու կոչ էր անում Սերժ Սարգսյանին` դադարեցնել պատասխան կրակը: Մի կողմը, եթե չլինի նեղության մեջ կխնդրի՞ դիմացինին դադարեցնել կրակը: Իհարկե` ոչ: Եթե նա է իրենց ասելով հանձնողը, ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը տարավ հաղթանակ թուրքերի դեմ: Բանա՞կն էր տարբեր, զենքե՞րը, հրամատարնե՞րը: Բնականաբար` ոչ, պարզապես երկրի գերագույն գլխավոր հրամանատարն իր տեղում էր, եւ ճիշտ ընտրված դաշնակիցներն էլ իրենց տեղերում էին: 30 տարի կարողացել ենք անվտանգ պահել մեր երկիրը` մինչ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եկավ ու մսխեց Սերժ Սարգսյանի ձեռք բերած անվտանգությունը, անկախությունը, ազատագրված հողերը: Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության` հրապարակում բոլորի աչքի առաջ ասաց, որ Արցախի հետ կապված որեւիցե խնդիր, որեւիցե որոշում կայացնելիս խորհրդակցելու է նույն հրապարակում եղած ժողովրդի հետ: Ֆիկքսենք, որ խաբեց: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ասում էր, թե ստորագրում է կապիտուլիացիա, որպեսզի փրկի 35 հազար կյանք եւ Արցախի մնացած մասը, էլի խաբեց: 35 հազարից առնվազն 500-ը զոհվեցին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի դեպքերի ժամանակ, իսկ Արցախը հանձնվեց ամբողջովին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=270783&l=am/