Մարդիկ ասում են՝ մոռացար ինչեր էիր ասում, չեմ մոռացել, բայց մի բան է ընդդիմադիր գործիչ լինելը, մեկ այլ բան՝ վարչապետ․ Նիկոլ Փաշինյան
Հասարակություն2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունից, 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո տեղի ունեցած արահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ հետևությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջն արդարությունն է։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ մեծ աշխատանք են տարել երկրում արդարադատությունը որպես ինստիտուտ կայացնելու ուղղությամբ։
«Իշխանության ամենամեծ հատկությունը պետք է լինի զսպվածությունը ու ինքդ քեզ սահմանափակելու կարողությունը։ Իմ անցած ճանապարհն էլ գիտեք, իմ ելույթներն էլ գիտեք, բայց մի բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխության առաջնորդ, այլ բան, երբ դու վարչապետ ես։ Երբ դու վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, իսկ երբ վարչապետ ես, կարող ես անել այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով։ Մարդիկ կան, ասում են՝ «մոռացար ինչե՞ր էիր ասում», ո՛չ , ոչ մի բան չեմ մոռացել։ Պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի, որ մեր երկրում վարչապետը դատավճիռներ է կայացնում, չի կարելի նման բան թույլ տալ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այսօր միջազգային ասպարեզում ՀՀ-ի թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարությունն է։
«Քաղաքական նպատակ չի եղել և չկա պատժել կոնկրետ մարդու, քաղաքական նպատակ է լինելու երկրում ունենալ արդարադատություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

