ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
22 նոյեմբերի` այդ ամսաթվի հետ կապված են մեր պատմության ինչպես դրամատիկ, այնպես էլ զարմանալի իրադարձություններ: Առաջինը, ինչ անցնում է շատերի մտքով` 1920–ին այդ օրը Արա Պապյանի շատ սիրած Վուդրո Վիլսոնը ընդունեց իր Իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենար 161 հազար քկմ տարածք: Ոմանք կարևորում են այդ իրադարձությունը, ոմանք ծաղրանքով անվանում են «Ведро Вильсона», սակայն կա մի զարմանալի փաստ, որի մասին Արա Պապյանը երբեք չի խոսի: Այն է` որ սիոնիստական լոբբիի ջանքերով արգելափակվեց Վիլսոնի առաջարկությունը` Հայաստան ռազմուժ ուղարկելու: Դե, սիոնիստները ամերիկյան դրոշներով շրջող ԱԺԲ–ականների համար «սրբազան կով» են, ում դիպչելը չի թույլատրվում ամերիկացիների կողմից: Սակայն հիշատակենք նաև այլ հիշարժան իրադարձություններ, մասնավորապես` 30 տարի առաջ ՀՀ դրամի ծնունդը: Նոյեմբերի 22–ին է եղել Ստալինգրադի ճակատամարտը, այդ օր ծնվել են Դանիել Բեկ–Փիրումյանը, Հակոբ Մանանդյանը, ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ, և ցավոք` նաև Էնվերը: Նոյեմբերի 22–ին է մահացել Լեռ Կամսարը: Այնպես որ, Վիլսոնով չի սկսվում ու ավարտվում:
Հա, հիշում եք, չէ՞ որ մեր երկրում կա պետության գլուխ (ինչի գլո՞ւխ) համարվող ՀՀ նախագահ, հա ո՞նց էր նրա անունը... Բաղրամյան 26–ում էլ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասնակիցների մի մասը զարմանալիորեն կեղծ երդում տվեցին: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մալվինա Հարությունյանի, հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարտին Մանուչարյանի, Արթուր Աղամալյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում»: Ֆեյք երդում ֆեյք նախագահի մոտ` լրիվ օրինաչափ է «Ֆեյքերի ՊՈԱԿ» դարձած մեր երկրում:
Իսկ հարևան ապօրինի տեռորիստական պետությունում, տեսե՛ք–տեսե՛ք, խռովել են Ամերիկային: Դրանց մեջլիսը հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն է ԱՄՆ դեմ հայտարարություն ընդունելը: Ըստ քոչվորական ԶԼՄ–ների՝ նման առաջարկով է հանդես եկել Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Նա կողմնակալ է որակել ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին աջակցության օրինագիծը, ափսոսանք հայտնել, որ վերջերս մազութային սուլթանատի դեմ մի շարք բանաձևեր են ընդունվում։ Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարել է՝ եթե Ջո Բայդենը ստորագրի սուլթանատի դեմ նախաձեռնված օրինագիծը, Բաքու–Վաշինգտոն հարաբերություններին լուրջ հարված կհասցվի, և այդ հարվածի հետևանքները կկրի ամերիկյան կողմը: Սեիդովի համոզմամբ՝ այդպիսով ԱՄՆ–ը կինքնամեկուսանա տարածաշրջանից։ Զարմանալի է, այդ ինչքա՜ն են «հաբռգել», որ արդեն ԱՄՆ–ի վրա մատ են թափ տալիս: Խեր լինի, տեսնես այդ ո՞վ է էդքան «դուխ» տվել: Չար լեզուներն ասում են, որ Հայաստանում վաղուց արդեն պահանջարկը կորցրած «ԴՈՒԽՈՎ» գլխարկների մեծ խմբաքանակ Նիկոլը Բաքու է ուղարկել:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=270193&l=am/