Բաքուն գրքի օգնությամբ փորձում է Երևանի և Աստանայի միջև վեճ առաջացնել
ՄիջազգայինԲաքվում փորձ է արվել լարվածության նոտա մտցնել հայերի և ղազախների հարաբերություններում։
Ըստ Turan-ի՝ հոկտեմբերի 16-ին Ալմաթիում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «Էրբոլ. Ղարաբաղի նահատակ» գրքի շնորհանդեսին, որի հեղինակը Նասիհա Խումարգիզին է։ Նախկինում գրքի նմանատիպ շնորհանդեսը տեղի էր ունեցել Բաքվում։
«Գիրքը պատմում է Էրբոլ Բարիմբեկովի կյանքի և արտասովոր քաջության մասին՝ ծագումով Ղազախստանից խոնարհ մարտիկի: Երբոլը հակառակորդի տարածքի խորքում խիզախորեն իրականացրել է բազմաթիվ վտանգավոր հետախուզական առաջադրանքներ, վիրավորվել և հոսպիտալացվել, սակայն վճռականորեն վերադարձել է մարտի դաշտ։ Նրա անմնացորդ նվիրումն իր գործին, ի վերջո, հանգեցրեց նրա հերոսական մահվանը մարտում՝ 1994 թվականի ապրիլի 20-ին, երբ առաքելություն էր կատարում թշնամու թիկունքում»,- գրում է հրատարակությունը՝ մեկ պարբերության մեջ երկու անգամ օգտագործելով «թշնամի» բառը՝ էթնիկ ղազախի տեսանկյունից հայերի առնչությամբ։
Ինչպես պարզվում է հրապարակումից, Էրբոլ Բարիմբեկովը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ին Ղազախստանի Լուգովսկի շրջանի Կորագատի գյուղում և «իր կյանքի վերջին տարիները նվիրել է Ադրբեջանի պաշտպանությանը՝ հայկական ագրեսիայից»։ Թե ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում, այդ մասին պատմությունն ու հոդվածի հեղինակը լռում են։
Ակնհայտ է, որ պատահական չէ հրատարակությունը և հատկապես հանրային միջոցներով գրքի հրատարակումը։ Ակնհայտ է նաև, որ փորձ է արվում լարվածություն ստեղծել երկու ժողովուրդների հարաբերություններում՝ ընդգծելով հայերի «թշնամությունը» «հերոս» Էրբոլ Բարիմբեկովի նկատմամբ։ Հաշվի առնելով, թե քանի հայ է ապրում Ղազախստանում, Ադրբեջանի փորձերը հղի են որոշակի սպառնալիքներով։

