Ուրախ, տխուր, դժվար, անելանելի, անհանգիստ, լարված, երբեմն անբացատրելի, խենթանալու աստիճան ցավոտ 17 ու ձիգ տարիներ ենք ապրել. «Մեր տունը» 17 տ. է
Հասարակություն«Մեր տուն» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նշում է իր գործունեության 17-ամյակը: Հկ-ն 17 տարի շարունակ հոգ է տանում մանկատների շրջանավարտ 18-23 տարեկան երիտասարդ աղջիկների մասին: Մեր տունը» աջակցում է աղջիկներին, որպեսզի նրանք չբախվեն չափահաս կյանքի խնդիրների հետ և չգնան սխալ ճանապարհով: Սա առաջին կազմակերպությունն է Հայաստանում, որն անտարբեր չէ մանկատների սաների ճակատագրի հանդեպ: «Մեր տան» շրջանավարտներն այսօր ապրում են որպես հասարակության լիիրավ եւ արժանի քաղաքացի:
Աղջիկների մայրական սեր ու ջերմություն է տալիս հկ-ի ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը, ով ջանք չի խնայում իր սաների բարեկեցիկ եւ երջանիկ ընտանիքներ կազմելու համար։ Իսկ 17 տարվա ինչ բարդ ուղղի է հաղթահարել «Մեր տունը» փորձել ենք հետաքրքրվել անձամբ տիկին Կարապետյանից.
-«Մեր տունը» շատ ուրախ, տխուր, դժվար, անելանելի, անհանգիստ, երբեմն լարված, երբեմն անբացատրելի 17 ու ձիգ տարիներ է հաղթահարել: Ապրել ենք խենթանալու աստիճան դաժան զգացմունքներ, բայց աղջիկների երջանիկ ապագայի հույսը մեզ ուժ է տվել: Ավելին պատվով եւ անասելի դժվարություններով հաղթահարել ենք ցանկացած դժվարություն, փշոտ ճանապարհ: Մեր տան ողջ անձնակազմը իր լավագույն տարիներն է նվիրել տարբեր խեղված ճակատագրեր սրբագրելու եւ նոր կյանք վերադարձնելու համար:
Այս ճանապարհին ունեցել ենք կորուստներ, ձեռքբերումներ, բայց նատակը երբեք չի խարխլվել: Արդեն 15 տարի է մեր կողքին են եղել շատ ու շատ անձնվեր մարդիկ, որոնց անունները հատ առ հատ նշելու համար մի հրապարակումը բավական չի լինի:
Հիմա «Մեր տունը» ունի 20 ցերեկային շահառու, «Մեր տունը» իր հարկի տակ է հյուրընկալել նաեւ 23 արցախցի:
Տիկին Կարապետյանը, ուրախությամբ է հիշում.
-17 տարիների ընթացքում կազմակերպել ենք 25 հարսանիք, երեսուն եւ ավել ուսանողներ ենք տվել հանրաետությանը, ի վերջո հիսուն թոռնիկի տեր եմ: Աստծո սերն ու բարի մարդկանց նվիրումը «Մեր տունը» դարձրել են իրական ծնողի տուն: Վստահ եմ, որ 20-ամյակին մեր ձեքբերումների մասին դեռ շատ ու շատ ասելիքներ կունենանք:

