«Հրապարակ». Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):
Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի:
Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

