Ինչպես, ուր եւ երբ դիմեն արցախահայերը աշխատանքի տեղավորվելու համար. Մանրամասներ
Թեմա«Իրավունքի» խմբագրությունը շարունակում է ստանալ ահազանգեր ամենատարբեր խնդիրներով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից: Բարձրացվող խնդիրներից մեկն էլ չիրազեկված լինելն է: Մասնավորապես, դիմողների մի մասը հետաքրքրվում են, թե պետության կողմից աջակցության ի՞նչ ծրագրեր են իրականացվել եւ իրականացվում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորվելուն միտված, որտե՞ղ եւ ի՞նչ ընթացակարգերով պետք է անցնեն աշխատանքի տեղավորվելու համար:
Վերը նշված հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ կառավարությունից, որտեղից մեզ տրամադրել են առանձնացված խմբերի համար հատուկ ծրագերը եւ դրանից օգտվելու պայմանները: Այսպես.
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
«Բուժաշխատողին անհրաժեշտ է գրանցվել Առողջապահության ազգային ինստիտուտում` (ֆիզիկապես մոտենալով Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ կամ առցանց դիմելով havastagir@nih.am հացսեին` թեմա բաժնում` նշելով «Արցախ», որպեսզի մասնագետներն առավել արագ ընթացք տան):
Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական եւ զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետեւ տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն, բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում` շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց: Հաշվի առնելով կադրային պահանջարկը, բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել բարձրագույն եւ միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է՝ https://www.moh.am/#1/119»:
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՀՀ ՄԱՐԶԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՆ
Ինչ վերաբերում է արցախցի ուսուցիչներին, ապա նրանք պետք է անցնեն նման ընթացակարգ.
«Քայլ 1․ Համակարգի (https://kadrer.emis.am) գլխավոր էջում սեղմեք «Մուտք» կոճակը: Կբացվի նոր էջ, որտեղ հնարավոր է իրականացնել գրանցումը։
Քայլ 2․ Գրանցման էջի «Արցախից տեղահանված ուսուցիչների գրանցումե դաշտում մուտքագրեք պահանջվող բոլոր տվյալներն ու տեղմեք «Գրանցում» կոճակը։ Բջջային հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել առանց +374 կոդի եւ առանց 0-ի։ Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ է ստուգել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Սեղմեք OK կոճակը։ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցում» կոճակը։ Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ գաղտնաբառը ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլ․ փոստի հասցե (սեղմեք OK կոճակը)։
Քայլ 3․ Մուտք գործեք այն էլ․փոստ, որի հասցեն գրանցել եք համակարգում։ Մուտքային հաղորդագրությունների մեջ կտեսնեք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացված նամակը, որտեղ Ձեր գաղտնաբառն է։ (Նամակը չգտնելու դեպքում այն փնտրեք նաեւ spam դաշտում)։
Քայլ 4․ Համակարգի գլխավոր էջի «Մուտք» դաշտում մուտքագրեք Ձեր էլ․փոստի հասցեն եւ գաղտնաբառը։ Սեղմեք «Մուտք» կոճակը։ Կբացվի Ձեր անձնական էջը, որտեղ կերեւան անձնական տվյալներ, կցված փաստաթղթեր, հետագայում նաեւ ներկայացված հայտեր։
Քայլ 5․ «Կառավարման վահանակ» դաշտում ընտրեք «Իմ էջը»։ Կերեւան Ձեր էլ․ փոստի հասցեն եւ հեռախոսահամարը։ Այս էջում կարող եք կցել նաեւ փաստաթղթեր։
Քայլ 6․ «Իմ էջը» դաշտում փաստաթուղթ կցելու համար անհրաժեշտ է սեղմել «Տեղադրել» կոճակը, այնուհետեւ Ձեր համակարգչից ներբեռնել անհրաժեշտ փաստաթուղթը։ Անձնական էջում հնարավոր է կցել հետեւյալ փաստաթղթերը՝
- Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
- Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված (scan) տարբերակը,
- Ինքնակենսագրություն,
- Բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
- Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։
Քայլ 7․ Ձեր անձնական էջից մուտք գործեք kadrer.emis.am հարթակ:
Քայլ 8․ Ծանոթացե´ք ներկայացված թափուր հաստիքներին։ Սեղմելով «Դիտել» կոճակը՝ կարող եք տեսնել այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեք դիմելու համար։
Քայլ 9․ Սեղմե´ք «Դիմել հայտ» կոճակը։ Ձեր հայտն ուղարկված է։ Այն կարող եք գտնել նաեւ կառավարման վահանակի «Իմ հայտերը» ենթաբաժնում։
Քայլ 10․ Արդեն իսկ ներկայացված հայտը չեղարկելու համար պետք է սեղմեք «Չեղարկել» կոճակը: 10 օրվա ընթացքում հայտը չեղարկելու պարագայում կարող եք նոր հայտ ուղարկել։ Այդ հայտի գրանցման պահից հաշված եւս 10 օրվա ընթացքում կարող եք կատարել եւս մեկ չեղարկում։ Երրորդ անգամ հայտը չեղարկել համակարգը թույլ չի տա։ Մեկից ավելի հայտ ներկայացնել չեք կարող։
Քայլ 11․ Հետեւե´ք հայտի ընթացքին «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Ձեր հայտն ընդունելու կամ մերժելու իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը։
Մերժման պարագայում հայտի կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» հաղորդագրությունը։
Եթե հայտը հաստատվի, նույն տեղում կտեսնեք «Ընդունված է» հաղորդագրությունը։
Հարցերի եւ խորհրդատվության համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարույթուն: Թեժ գիծ (374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (374 10) 52-73-43»։
ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Այլ ոլորտների աշխատակիցների համար:
«ԼՂ-ից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով»:
Թե 4500 թափուր աշխատատեղով ինչպես են բավարարելու արցախցի տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքային պահանջը, էլ չասած հայաստանյան գործազուրկների մասին, դա էլ այլ հարց է:
https://iravunk.com/sim/?p=268706&l=am/

