Մինչեւ ժողովրդի համախմբում չլինի, ոչինչ չի փոխվելու. Մայիլյան
Մշակութային
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ դիտարկմամբ` աշխարհաքաղաքական առումով շատ բարդ իրավիճակում ենք:
— Ես քաղաքական գործիչ չեմ, հետեւաբար միշտ փորձում եմ հոգեւոր առումով գնահատական տալ այն ամենին, ինչ մեզ հետ է կատարվում: Մենք ապրում ենք մի շրջան, որի մասին գրված է Աստվածաշնչում: Եվ ինչքան անտեսենք այդ գրվածը, այդքան սխալների ու խնդիրների առաջ կկանգնենք: Այսօր արժե, որ ազգովի կարդանք Աստվածաշունչ, ինչքան էլ դա բարդ լինի: Պետք է կառչենք մեր եկեղեցուց, մեր ավանդույթներից: Կան հոգեւոր որոշակի շերտեր, որոնք իսկապես ազդում են մեր կյանքի, գործունեության, մեր կողմից խնդիրներ վերացնելու եւ ստեղծելու առումով: Կարծում եմ` այսօր մեր եկեղեցին պետք է շատ մեծ դեր կատարի ինչ-որ բաներ փոխելու համար, ուրիշ ճանապարհ չկա… Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի ապաշխարությունից, դա պետք է լինի ազգովի, եւ անպայման կարգ պիտի կատարվի մեր ժողովրդի վրա: Համոզված եմ, որ մեր երկրում նեգատիվի կուտակումը բերելու է շատ վատ հանգրվանի, հատկապես որ ժողովուրդն էլ պառակտված է: Մենք այսօր պետք է ունենանք մեկ ուղղություն` պետք է լինի հայ ազգային գաղափարախոսություն, սխալ է կանչել` բոլորդ եկեք այս միտինգին, եկեք այն միտինգին, չնայած հիմա նման բան չկա էլ, անհասկանալի կերպով ամեն բան դադարեցվել է: Պետք է ունենանք հայկական հավաքական գաղափարախոսության շուրջ հավաք, չպետք է հնչեն ինչ-որ «մետ»-ության մասին կոչեր: Մինչեւ ժողովրդի համախմբում չլինի, ոչինչ չի փոխվելու: Պետք է բոլոր կուսակցությունները, շարժումներն ուժ գտնեն իրենց մեջ, նախաձեռնող լինեն, հայկական գաղափարախոսության շուրջ կարողանան հավաքվել:
https://iravunk.com/sim/?p=266738&l=am/