Թշնամին բացարձակ մտադրություն չունի խաղաղ ապրել հայերի հետ, դուք հիշե՛ք, հաջորդը ու շատ արագ լինելու է Սյունիքը. Համբարյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:

— Ի՞նչ է կատարվում այսօր Արցախի շուրջ: Մի՞թե ամեն բան վերջացած է…

— Տեղի ունեցավ երկրորդ, ավելի խայտառակ կապիտուլյացիան, Արցախը վերջնականապես հանձնվեց թշնամուն: Նիկոլ «անհողը» ուղիղ եթերով հանդես եկավ ու ամեն բան բարդեց ռուսների վրա, ասաց, թե Ռուսաստանը ինքը պարտավոր է Արցախում դեռ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ մարդավայել կյանքը ապահովել` շատ լավ գիտակցելով, որ ադրբեջանական կողմը երբեք դա թույլ չի տա: Նախ, թույլ չի տա, որ հայերը այնտեղ մարդավարի ապրեն, նաեւ թույլ չի տա, որ հայերը պարզ մեծամասնություն կազմեն: Համոզված եմ, որ Ստեփանակերտի վրա կծածանվի Ադրբեջանի դրոշը: Ցավով, բայց փաստ է, որ Հայաստանի դավաճան իշխանությունները, համագործակցելով ադրբեջանաթուրքական տանդեմի հետ, իրականացրին վերջապես այն, ինչ ցանկանում էին իրականացնել 2020թ. 44–օրյա պատերազմի ընթացքում, որը նրանց չհաջողվեց: Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` այդ պատերազմը զուտ ՀՀ–ի դեմ չէր, այդ պատերազմը Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու համար էր, բայց Ռուսաստանը երեք տարով հետաձգեց այդ գործընթացը: Նիկոլն ամեն ինչում մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանը մեղադրում է Նիկոլին, տուժում է հայ ժողովուրդը, տուժում է ՀՀ–ն, եւ սա նորանոր պատերազմների առիթ է դառնալու մեզ համար: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող են Արցախում ապրող հայերը հանգիստ ապրեն Ադրբեջանի կազմում, չի կարող որեւէ նորմալ մարդ ապրել այդ երկրում, երբ նրան կարող են մեղադրել հակաադրբեջանական գրառում անելու մեջ, էլ չասեմ, որ Արցախի տղամարդկանց 95 տոկոսը մասնակցել է Արցախի առաջին, 2016թ.–ի ապրիլյան կարճատեւ եւ վերջին 44–օրյա պատերազմներին:

— Դա հավասարազոր չէ՞ չապրելուն: Փաստորեն, հարկադրաբար մարդկանց տարհանելո՞ւ են:

— Իհարկե, հարկադրված չեն հանում, իրենք այնպիսի պայմաններ են ստեղծելու, որ այնտեղ ոչ ոք չմնա: Ադրբեջանը շատ լավ սերտել է այն սխալը, որն ինքն արել է 2021թ. ի վեր, երբ ինքը թույլ է տվել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայերը շարունակեն մնալ պարզ մեծամասնություն: Ինքը ինչպես կարճ ժամանակահատվածում հայաթափեց Նախիջեւանը, հիմա ավելի ջանադրաբար ու ավելի այլանդակ մեթոդներով հայաթափելու է նաեւ Արցախը, չնայած Արցախից բան չի մնացել: Արցախի ամբողջ հյուսիսը, հարավը, որոնք դեռ գտնվում էին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս պահի դրությամբ, ցավով պետք է արձանագրեմ, կարելի է խոսել անցյալով, որովհետեւ Արցախ` որպես այդպիսին, չկա: Հայ ժողովուրդը իր կրավորական կեցվացքով, իր անտարբերությամբ, իր գեղցի ճարպկությամբ, անընդհատ ակնկալում է, որ մեր բոլոր հարցերը պետք է լուծեն Ռուսաստանը, Եվրոպան, Իրանը կամ ԱՄՆ–ը:

— Իսկ ո՞րն է մեր անելիքը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր հայկական կողմը:

— Այդ է խնդիրը, մենք պետք է զինվեինք, բայց այդ ամեն ինչը պետք է հասարակությունը հասկանար: Բայց այս հասարակությունը 2020թ. նոյեմբերի 9–ի կապիտուլյացիայից հետո սկսեց զառանցել ինչ–որ խաղաղությունից, չհասկանալով, որ մեր թշնամին բացարձակ մտադրություն չունի խաղաղ ապրել հայերի հետ: Դուք հիշեք, հաջորդը ու շատ արագ լինելու է Սյունիքը: Թուրքիայի նախագահը շատ պարզ նշել է, որ Արցախն ամբողջությամբ մարսելուց ու հայաթափելուց հետո, հաջորդը լինելու է «Զանգեզուրյան միջանցքը»: Տողատակը դա էր: Իսկ եթե որեւէ մեկը ՀՀ–ում երազում է, որ «Զանգեզուրյան միջանցքը» ընդամենը Մեղրիի տակով անցնող երկաթուղին է եւ ավտոմոբիլային մայրուղին է, չարաչար սխալվում է: Ադրբեջանական կողմը «Զանգեզուրյան միջանցք» է անվանում նաեւ Քարվաճառից դեպի Սիսիան ձգվող ճանապարհը, որը նրանք հիմնականում հենց դա են օգտագործելու, որպես ավտոմոբիլային ճանապարհ, դե երկաթուղին էլ, գիտեք, կառուցված է եղել դեռեւս ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից, դա էլ կօգտագործվի: Եթե 44–օրյա պատերազմից հետո Արցախի ամենամարտունակ ինստիտուտներից մեկը, Արցախի պաշտպանական բանակը շատ ծանր վիճակում էր, դրանից հետո ՀՀ իշխանությունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ամեն ինչում աջակցել Արցախին, մատը մատին չեն տվել: ՀՀ–ն 44–օրյա պատերազմից հետո չի վերականգնել իր ՀՕՊ համակարգը: ՀՀ–ն 44–օրյա պատերազմի ժամանակ, ըստ Ալիեւի, որը չի հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից, կորցրել է կամ որպես ռազմավար է Ադրբեջանին հանձնել 4–5 միլիարդ դոլարի զենք: Դուք այս երեք տարիների ընթացքում իմացե՞լ եք, բացի Հնդկաստանից գնված զենքից, ինչ–որ այլ բան գնած լինեն: Հայաստանի վարչապետը զբաղված էր խաղաղություն մուրալով` հայերին ատող, հայերին թշնամի համարող, հայերին ոչնչացնելու բազմաթիվ ծրագրեր ունեցող թուրք-ադրբեջանական տանդեմից: Արդյունքը պետք է լիներ սա: Բայց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը սա արել է ՀՀ բնակչության մեծ մասի լռակյաց, հարմարվողական եւ դավաճանական համաձայնությամբ:

— Ժողովուրդն անզո՞ր է իրեն զգում, թե՞ թմրած ու քնած վիճակում է ու չի ցանկանում պայքարել:

— Չէ, ինչո՞ւ, տեսա՞ք ինչ իրավիճակ էր Պետհամալսարանում, ու դա մտավորականնե՞ր են: Շատ հետաքրքիր է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հարցնել, թե այդ թոշակառուները ի՞նչ գործ ունեն, որ դաս են տալիս: Ինչո՞ւ տեղը չեն զիջում երիտասարդ ու բանիմաց կադրերին: Այդ անհայրենիք մասսան, որ արցախցի ուսանողին ասում է` «ռադդ քաշիր լսարանից» ու դա համարվում է Հայաստանի մայր բո՞ւհ… Այդ զանգվածը դասավանդում է մայր բուհում եւ կոչվում է Հայաստանի մտավորականությո՞ւն: Եթե Հայաստանի մտավորականությունը դա է , ապա հասարակության մեծ մասից ի՞նչ ենք սպասում: Երեւանի ավագանու վերջին ընտրությունները եւս կատալիզատոր դարձան, որպեսզի Ադրբեջանը գերակտիվանա, քանի որ իրենց նախապատրաստությունները պատերազմին տեսան ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, որովհետեւ իրենք մտավախություն ունեին, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն: Այո՛, այդ իշխանափոխության հոտը շատ արագ եկավ, որովհետեւ Նիկոլի թիմը տարավ ընդամենը ամբողջ Երեւանի ընտրողների 7 տոկոսի ձայները: Նրանց համար Նիկոլը գտածո է, նրանք շատ լավ հասկանում էին, որ եթե Նիկոլը չլիներ, իրենք Արցախը երբեք չէին ստանա, իրենք իրենց սեփական ծոծրակը կտեսնեին, բայց Արցախը չէին տեսնի: Քանի կա դավաճան Նիկոլը, քանի կա անհայրենիք թիմը «քայլիստների», ուրեմն` իրենք պետք է ֆորսմաժորային իրավիճակով պարտադրեին Հայաստանին, Նիկոլի ձեռամբ, որն աննկարագրելի օգնություն տրամադրեց Ադրբեջանին այս հարցում եւ չխառնվեց վերջին իրադարձություններին ու թույլ տվեց, որ Արդբեջանը հերթական անգամ նսեմացնի ու նվաստացնի հայերին, իրենք հասան իրենց ուզածին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265460&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ