Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի արդյունքները
Սպորտ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով 6-րդն է (164+208), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը 368 կգ արդյունքով 9-րդն է (168+200) 96 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունը հայ ծանրորդների համար անհաջող ստացվեց: Նրանք հաջող կատարեցին միայն այս վարժության առաջին մոտեցումները:
2019 թվականի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 164 կգ-ից եւ հաջողությամբ պահեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց եւ չկարողացավ պոկել 168 կգ-ոց ծանրաձողը: Մկրտչյանն այս վարժությունում պայքարն ավարտեց վերջին տեղով:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պայքարը սկսեց 168 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 172 կգ, սակայն ոչ երկրորդ, ոչ երրորդ մոտեցումը Հովհաննիսյանի մոտ չստացվեց: Եվրոպայի գործող չեմպիոնն այս վարժությունում պայքարն ավարտեց 5-րդ տեղում:
Հրում վարժությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Դավիթ Հովհաննիսյանը եւ պայքարը սկսեց 200 կգ-ով, սակայն չկարողացավ հրել: Երկրորդ փորձով կրկին մոտեցավ 200 կգ-ի եւ դժվարությամբ հրեց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 12 կգ-ոց քայլ կատարեց եւ պատվիրեց 212 կգ: Եվրոպայի կրկանի չեմպիոնը բարձրացրեց 212 կգ-ը, բայց չկարողացավ հրել վերեւում: Երկամարտում Հովհաննիսյանը պայքարն ավարտեց 9-րդ տեղով:
Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունը սկսեց 208 կգ-ով, բայց ձախողեց: Երկրորդ մոտեցումից միայն Մկրտչյանին հաջողվեց հրել 208 կգ-ը: Երրորդ մոտեցմանը գյումրեցի ծանրորդը մոտեցավ ամենավերջում, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 216 կգ-ը, բայց այս մոտեցումն էլ ձախողեց: Հակոբ Մկրտչյանը երկամարտում պայքարն ավարտեց 6-րդ տեղով:
Այս քաշային կարգում երկամարտի 387 կգ արդյունքով նվաճեց Եգիպտոսի ներկայացուցիչ Կարիմ Իբրահիմ Ալի Աբոկահլան (174+213)։
2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հչակվել էր չեմպիոն: Երկամարտում գրանցել էր 377 կգ արդյունք (172+205):
Հակոբ Մկրտչյանը բաց էր թողել Երեւանի Եվրոպայի առաջնությունը: Նրա փոխարեն մրցահարթակ էր դուրս եկել Արա Աղանյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր: ԵԱ-ից հետո Փաշիկ Ալավերդյանը հայտնել էր, որ Արա Աղանյանն այլեւս չի ընդգրկելու մեծահասակների հավաքական՝ իր հրահանգներին չենթարկվելու պատճառով: Գլխավոր մարզիչն իրեն մեղավոր էր համարել Արա Աղանյանի փոխարեն ավելի փորձառու եւ տիտղոսակիր Հակոբ Մկրտչյանին Երեւանի մրցահարթակ դուրս չբերելու համար: Հակոբ Մկրտչյանը 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է: 2022 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 96 կգ քաշայինների երկամարտում կրկին գրավել էր 6-րդ տեղը՝ 368 կգ։