Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրենի պաշտոնում իշխանության թեկնածուն Սոս Ջանիբեկյանն է․ անձնակազմը դեմ է
Մշակութային
Քաղաքապետարանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում քննարկում է դերասան Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Տնօրենի պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ, ցանկացողները դիմում են, բանավոր և գրավոր կերպով մասնակցում մրցույթին, որից հետո հաղթողին Երևանի քաղաքապետը նշանակում է պաշտոնում։
«Քննարկումները կան, բայց եթե վերջնարդյունքում ինքը չհաղթի, ոչ մեկն իրեն չի կարող նշանակել»,- ասել է Կոստանյանը։
Թե երբ տեղի կունենա մրցույթը, Կոստանյանը չգիտի, տեղեկություն չունի նաև մյուս թեկնածուների մասին։
Թատրոնի տնօրենի հաստիքը թափուր է 2022 թվականի դեկտեմբերից։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Մակիչ Մարգարյանը։
Թատրոնում, սակայն, դեմ են Սոս Ջանիբեկյանի թեկնածությանը։ Կարծում են, որ քաղաքապետարանն այսպիսով ստեղծում է անհավասար պայմաններ մյուս հնարավոր թեկնածուների համար։ Խնդիր են համարում նաև այն, որ Ջանիբեկյանն իրենց թատրոնի հետ կապ չունի։
«Օրենքը չի պահանջում, որ տնօրենը լինի ներսից, սակայն մեր անձնակազմն այդ պաշտոնում պատկերացնում է ներսի մարդու, որպեսզի նա տիրապետի բոլոր նրբություններին։ Դրսից մեկը գա կամ ղեկավարի ներսի մարդը, բնականաբար, նույնը չի լինի։ Մենք Սոս Ջանիբեկյանի անձի դեմ ոչինչ չունենք, բայց խնդիրն այն է, որ դեռ մրցույթի մասին չհայտարարած՝ իրենք արդեն որոշել են՝ ով է հաղթելու մրցույթում»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը։
Նրա խոսքով՝ օրերս Ջանիբեկյանն այցելում է թատրոն, հանդիպումներ ունենում․ «Սոսը երբևէ թատրոնում չի եղել, խաղացել է ներկայացումներում, սակայն դրանք խաղացանկային չեն եղել»։
Թատրոնի անձնակազմի համար տնօրենի թեկնածուն Արծրուն Չոբանյանն է։
https://iravunk.com/sim/?p=262503&l=am/