Մխիթարյանը մեզ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մենք` իրեն. Բայրամյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Շատ եմ զգում Հենրիխի բացակայությունը հավաքականում: Նա մեծ անհատականություն է՝ թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային առումով:
Չնայած նա հիմա հավաքականում չէ, բայց պարբերաբար գրում է բոլոր ֆուտբոլիստներին, հետաքրքրվում նրանցով։ Կարող եմ ասել, որ մեզ ավելի շատ է ուշադրություն դարձնում, քան մենք՝ նրան։
Արձակուրդի ընթացքում ուղևորվել էի Միլան: Զանգեցի նրան ու ասացի, որ Միլանում եմ: Չնայած իր ծանրաբեռնված գրաֆիկին՝ անմիջապես եկավ, դիմավորեց ինձ ու միասին ճաշեցինք։
Միլանում շատ ռեստորաններ բացվում են 19։30-ին։ Երբ տեղ հասանք, դեռ փակ էին ու որոշեցինք մինչ այդ սովորական սրճարան մտնել ու թեյ խմել։ Ահա այդ հասարակ լինելը շատ բան է ասում Հենրիխի մասին։
Կապը միշտ պահում եմ նրա հետ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից ու եզրափակիչից առաջ հաղորդագրություններով փոխանակվել ենք Հենրիխի հետ, հաջողություն եմ մաղթել: Եզրափակիչից հետո որոշեցի չգրել, քանի որ պարտվել էին, փոքր-ինչ անհարմար էր»,- եզրափակել է 31-ամյա ֆուտբոլիստը:

