Համաժողովրդական շարժումը ի հեճուկս հայտարարության, որ այն բացառապես ահազանգ է մեկ անգամ եւս լուռ աշխարհին ի ցույց դնելու, թե ինչ աղետի առաջ է 120.000 հայությունը, այնուամենայնիվ հասարակական-քաղաքական դաշտում այն ընկալվեց, որպես հակառուսական ակցիա ուղղված ՌԴ խաղաղապահների դեմ։ Այդ նույն շրջանակները շարունակում են ԱՀ Պետական Նախարար Գուրգեն Ներսիսյանին ներկայացնել , որպես սորոսական, ով, ըստ վերը նշվածների, նպատակ ունի ամեն գնով գեներացնել հակառուսական տրամադրությունները։ Վերը նշյալի շուրջ մեկնաբանություն ենք խնդրել անձամբ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանից, ով նկատեց․
-Հենց առաջին օրվանից ժողովուրդը որոշեց, որ շարժումը պետք է լինի ապաքաղաքական, այդ պատճառով ձեր նշած հասարակական-քաղաքական շրջանակները, որոնց հետաքրքրում է ոչ թե Արցախում ստեղծված իրավիճակը, այլ իրենց քաղաքական ամբիցիաները, հասկանալով, որ իրենք այլևս լուսանցքից դուրս են, սկսեցին իրենց իրական դեմքը արտապատկերել աջ ու ձախ։ Ես ձեզ հավատացնում եմ, այդ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ վիճակում է Արցախը և արցախցին, քանի որ նրանցից շատերը վաղուց արմատացած են արտասահմաններում և վաղուց նրանց հետաքրքրություններն այլ են։ Դրանք գիտեք այն աստիճան են կտրված իրականությունից, որ նրանցից որևէ մեկը երբևէ հարցրած չէ ինձ, որպես պետական նախարարի, թե ինչ վիճակ է Արցախում և ինչ խնդիրներ կան։
Ասեմ նաև, որ այդ մարդիկ դասվում են այն տեսակների շարքին, ովքեր երբեք ինքնուրույն մտածողություն չեն ունեցել, մշտապես կառավարվել են այս կամ այն խմբերի կողմից և չեն պատկերացնում, որ պարտադիր չէ, որ մարդիկ ինչ որ մեկի ազդեցության կամ կառավարման տակ լինեն։ Դրանից սկսվում են ծնվել անհեթեթ բնութագրություններ, սորոսական, ՀՀ իշխանությունների մարդ, հակառուսական և այլն, քանի որ անհասկանալի է մնում, թե ով է պետական նախարարը և ինչպես է նա կարողանում այս իրավիճակում աշխատել, դրանից սկսվում են ծնվել զարմանահրաշ ու կեղծ գնահատականներ։ Անկեղծ ասած ես թքած ունեմ այդ ամենի ու դրանց հեղինակների վրա, ես պաշտոնավարում եմ Արցախի Հանրպետության համար ամենածանր ու ամենապատասխանատու ժամանակահատվածում և իմ խղճի թելադրանքով իրականացնում եմ իմ ծառայությունը։ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը ոչ հակահայաստանյան, ոչ հակառուսական և ոչ էլ հակաարևմտյան է, այն հետպնդում է Արցախի Հանրպետության և մեր ժողովրդի շահերի պաշտպանության նպատակ։ Ժողովուրդը ծանրագույն խնդիրների մեջ է, մենք դիմում ենք Հայաստանին, ասում ենք պաշտպանեք մեր շահերը և մի կատարեք գործողություններ, որոնք կարող են վնասել մեզ, դիմում ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին՝ պահանջելով, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները, դիմում ենք միջազգային հանրությանը, որ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա։ Իսկ այդ ընթացքում մեկը ասում է սա հակահայաստանյան ակցիա է, մեկը կոչում է հակառուսական, մեկը ասում է հակաարևմտյան է։ Հենց պատճառով մենք անտարբեր ենք գտնվում այդ մարդկանց հանդեպ ու շարունակում ենք մեր աշխատանքը։
-Պարոն Ներսիսյան, տարբեր քաղաքական ուժեր, անհատներ հայտարարում էին միասնության մասին, համաժողովրդական շարժման շարքերում նրանց Դո՞ւք տեսաք։
-Ոմանց այ՛ո, ոմանց՝ ո՛չ։ Դե մենք տարիների ընթացքում այն աստիճան ենք փոխակերպվել, որ կան մարդիկ, ովքեր ապրում են միայն իրենց քաղաքական, անձնական շահերով և նրանք երբեք պետականն ու հանրայինը չեն կարող վեր դասել անձնականից։ Ավելին, պատրաստ են նույնիսկ խանգարել մեր միասնության ջանքերին։ Բայց բարեբախտաբար ժողովուրդը ևս տուրք չի տալիս այդ ամենին։
-Արցախում իրադարձությունները զարգանում են ժամերի ընթացքում, այն, ինչ պլանավորում ենք այսօր, վաղը դառնում է ոչ արդիական և ոչ անհրաժեշտ։ Կարևորը ընդհանուր նպատակն է, պետք է վերջ տրվի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող այս հանցավոր գործողություններին, պետք է լիարժեքորեն հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պետք է ապհովվի Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները։ Իրավիճակին զուգահեռ մենք պլանավորելու և կատարելու ենք մեր հետագա գործողությունները՝ այդ մասին պարբերաբար քննարկումներ ունենալով ժողովրդի հետ։ Շատ կարևոր է, որ այդ գործընթացին միանան նաև Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները։