Ես համաձայն եմ զոհվել հանուն հայրենիքի, բա մեր երեխե՞քը, թոռնե՞րը…Արմեն Հարությունյան
Ներքաղաքական213 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայության իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է «Արցախ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻ ԵԼՔ` ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԻԱՆԱԼ ԳՈՆԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
— Պարոն գեներալ, մի կողմից` կա քննադատություն արցախյան իշխանության հասցեին, մյուս կողմից` հենց իշխանավորներն են քննադատում ժողովրդին՝ չդիմանալու ու չպայքարելու մեջ: Ինչպե՞ս կգնահատեք Արցախում առկա վիճակը:
— Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ամեն ինչ անում են, որ Արցախն այս վիճակից հանեն: Հետեւապես ասել, թե նրանք չեն աշխատում, այդպես չէ: Ուղղակի, որոշ մարդիկ ուզում են օգտվել պահից, պաշտոն ստանալ ու պետբյուջեից սնվել: Մինչդեռ այն, ինչ ուզում է այսինչը կամ այնինչն անել, Արայիկ Հարությունյանն էլ կարող է անել, պետնախարարն էլ: Այնպես չէ, որ ինչ-որ մեկի ձեռքին կախարդական փայտիկ կա: Այն, ինչ ունենք այսօր, պետք է մեկտեղենք, ու երկիրն այս վիճակից հանենք: Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, ով ուզում է գնա եւ գնացել է, թող գնա: Եթե ուզում եք ճիշտն իմանաք, առաջին պատերազմի ժամանակ էլ այդ մարդիկ մեզ չօգնեցին, երկրորդ պատերազմի ժամանակ նույն մարդիկ փախան, վերջին պատերազմում՝ եւս: Եթե նրանցից մեկն էլ մնացել է, չի կռվել, այլ այս կամ այն քոլի տակ պախկվել է՝ իր կաշին փրկելու համար: Առաջին պատերազմում քչով մնացել ենք եւ կարողացել ենք իրավիճակից դուրս գալ: Այն ժամանակ էլ գազ չկար, լույս չկար, ոչինչ էլ չկար, ուտելիք ընդհանրապես չկար, հիմա գոնե քիչումիչ կա: Այո, Ադրբեջանն ուզում է մեզ խեղդել, բայց ինչքան էլ խեղդի, միեւնույնն է, էլի Հայրենիքին նվիրված մարդիկ մնալու են ու իրենց հողը պաշտպանելու են:
— Օրեր առաջ ոչ պաշտոնական խողովակներով տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահին՝ օրհասական այս պահին հստակ քայլեր ձեռնարկելու ակնկալիքով: Ըստ Ձեզ` փրկության տարբերակ կարո՞ղ է լինել, եթե Ռուսաստանը պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ:
— Փաշինյանն իր թիմով մեզ գցել է տուպիկի մեջ, առաջ ասում էր` Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում է` Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Մեզ մնում է մի ելք` խաղաղ ճանապարհով միանալ գոնե Ռուսաստանին եւ պահպանել մեր անկախությունն ու հայկականությունը: Ի վերջո, այսօր էլ Արցախն առաջին հերթին ռուսն է պահում: Բայց այս միտքը դժվար է այսօր մտցնել որոշ մարդկանց գլուխները: Գիտե՞ք ինչ են ուզում նրանք, որ մենք` մեծ ու մանուկ կոտորվենք, բայց ելք չգտնենք ու չմիանանք Ռուսաստանին, այսպես ասած, հայկական զոհվենք, գնանք: Իսկ մենք ասում ենք ռուսի կազմում մնանք, մի քիչ ամրանանք, հետո իրենց օգնությամբ` միանանք Հայաստանին: Եվ սա իրատեսական է, որովհետեւ Գյուլիստանի պայմանագրով ցարի ձեռքին է եղել Արցախը, Կիրովաբադից մինչեւ Զանգեզուր համարվել է ռուսական գուբերնիա: ՌԴ նախագահ Վ. Պուտինը երբ խոսում է արխիվների մասին, կարծում եմ` հենց Գյուլիստանի պայմանագիրը նկատի ունի, պարզապես դեռ չի բարձրաձայնում` թուրքին չխրտնացնելու համար:
«ԵԹԵ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՐԻՇ ԵԼՔ ԳԻՏԵՆ, ԹՈՂ ԱՍԵՆ, ՄԵՆՔ ՄԻԱՆԱՆՔ ԻՐԵՆՑ»
— Ամեն դեպքում, անգամ այդ պարագայում պետք է լինի արցախահայության ցանկությունը, որքանո՞վ է այս գաղափարն ընդունելի այսօր Արցախում:
— Արցախում փոքրից մեծ, ում էլ հարցնես, ուզում է միանալ Ռուսաստանին, որովհետեւ ուրիշ ելք չկա, չենք կարողանում միանալ Հայաստանին: Պետք է, ինչպես Դոնեցկն ու Լուգանսկը, հանրաքվե անցկացնենք եւ միանանք Ռուսաստանին: Ի դեպ, մեկն ինձ նամակ էր գրել, թե` «չե՞ս ամաչում, դավաճանություն է ասելը, որ պետք է միանանք ռուսին»: Բայց, կներեք, հիմա դավաճանը ե՞ս եմ, որ ամբողջ կյանքս նվիրել եմ Հայրենիքինս, հարազատ եղբայրս զոհվել է պատերազմում, ինքս երեք անգամ վիրավորվել եմ, վերջին պատերազմին էլ եմ կռվել ու վիրավորվել, թե՞ նրանք, ովքեր լռում են, երբ Հայաստանից անընդհատ հնչում է, որ Արցախն Ադրբեջան է: Եթե փրկության ուրիշ ելք գիտեն, թող ասեն, մենք էլ միանանք իրենց գաղափարին:
— Բայց Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները վերջերս հանդես եկան միասնական հայտարարությամբ, թե ողջունում են «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունն, ըստ որի, ՀՀ-ի անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Սա թերեւս վերաբերում է նաեւ Ռուսաստանին…
— Ազգային ժողովն ինչ ուզում է, թող ասի, միեւնույնն է, ամեն ինչ ժողովրդի ձեռքում է: Եթե ժողովուրդը միաձայն ասաց, որ միանում է Ռուսաստանին, չեն կարող հակաճառել: Այո՛, ես էլ եմ համաձայն, որ Արցախը որեւէ այլ պետության կազմում չլինի, եթե վերջը լավ լինի, բա որ վերջը վա՞տ եղավ: Դրա համար մենք կանք ու պետք է լինենք, որ եթե վերջը վատ լինի, դուրս գանք հրապարակ եւ ասենք` ռո՛ւս ազգ, ոչ ոք Գյուլիստանի պայմանագիրը չի չեղարկել, արխիվները հանեք ու դրանով թուրքի քթին խփեք` ասելով դու ո՞ւր էիր, երբ Ղարաբաղն իմն էր: Հավատացեք, ռուսն էլ է զզվել ադրբեջանցիներից, ուղղակի, հիմա քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի վերջացել, դեռ լուռ սպասում են: Ալիեւի կլանն էլ հավերժ չէ, իրանց մոտ էլ է հեղափոխություն կատարվելու, նաեւ դրա համար պետք է ռուսի հետ լավ լինենք, որ մեզ սատարի:
«ՄԵԶ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԱՏՕ-Ն ՉԻ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԹՈՂՆԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՎԵՐՋ»
— Չե՞ք կարծում, որ ժամանակն ի վնաս է աշխատում, արդյոք ուշ չի լինելու, եթե նման որոշում օր առաջ չկայացվի: Չէ որ 2025-ին դրվելու է ռուս խաղաղապահների Արցախում մնալ-չմնալու հարցը:
— Գիտեք, շատ փակագծեր չեմ ուզում բացել, որովհետեւ կարդում է նաեւ թշնամին: Բայց այսպես չի մնալու: Մենք չենք կարող դավաճանել Ռուսաստանին: Եթե ուզում ես հզոր լինել, պետք է ուժեղ դաշնակից ունենաս, որն այսօրվա դրությամբ միայն ռուսը կարող է լինել: Եթե Հայաստանը մտածում է, որ ՀԱՊԿ-ից դուրս կգա, կմտնի ՆԱՏՕ, եւ Արեւմուտքի փողերով հարուստն ավելի կհարստանա, ոչինչ, որ այդ ժամանակ առանց կռվի Թուրքիան երկիրը կվերցնի, ապա մեզ նույնիսկ ՆԱՏՕ-ն չի վերցնելու, թողնելու են Արցախն Ադրբեջանին ու վերջ: Այսինքն` պիտի կոտորվենք: Ես համաձայն եմ զոհվել հանուն Հայրենիքի, բա մեր երեխե՞քը, թոռնե՞րը… Մեկն այսօր ԱՄՆ-ին է այստեղ կանչում, մյուսը` Ֆրանսիային, աշխարհը նայում ու հարց է տալիս` էս հարիֆներն իրենք էլ չգիտեն` ինչ են ուզում:
— Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք Հայաստանի եթե ոչ իշխանություններից, ապա սպաներից, ազատամարտիկներից, հանրությունից:
— Վերջին պատերազմն իզուր պատերազմ է եղել, ովքեր եկել էին կռվին մասնակցելու, մտածում էին Ապրիլյանի պես է լինելու: Անկեղծ ասեմ` Փաշինյանը, որ մի քանիսին դատում է, ինչ-որ առումով ուրախ եմ, որովհետեւ բավականին գեներալներ կային, որոնք ձեւ էին տալիս, թե կռվում էին: Փաշինյանն այդ ձեւ տվողներին, գործակալներին, կաշառակերներին պետք է դատի, վերջում էլ ինքն իրեն դատի, թեպետ իրեն Աստված է դատելու: Արցախում էլ պատերազմի թեժ պահերին որոշները սրտանց չեն օգնել ու պարտության են տարել: Բայց այսօր բոլորն այնպիսի կենացներ են ասում, որ պատերը չկչկոտում է: Այսօր ես գլուխս բարձր եմ քայլում, իսկ որոշ գեներալներ, եթե փողոց դուրս գան, քարով կտան գլխին ու կասեն` դո՞ւ ինչ գեներալ ես, ի՞նչ ես արել պատերազմի ժամանակ, չե՞ս ամաչում, որ այդ համազգեստն ես կրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=260111&l=am/

