Նոր զարգացումներ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում
Մշակութային
Արդեն երկու թատրոն է, ինչ գործում է առանց գեղարվեստական ղեկավարի հաստիքի: Օրերս կրճատվեց նաեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Մենք փորձեցինք պարզել, թե ով եւ ինչու է հարկ համարել թատրոնը թողնել առանց գեղարվեստական ղեկավարի: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի Ժ/Պ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Մարգարյան, վերջերս կրճատեցին թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Այս մասին ի՞նչ կասեք:
— Քաղաքապետարանն է հրաման տվողը: Մենք կատարող ենք:
— Ձեր կողմից ինչո՞ւ ընդվզում չեղավ, երբ կրճատեցին գեղարվեստական ղեկավարի հաստիքը:
— Ես ո՞վ եմ, որ ընդվզեմ կամ չընդվզեմ: Ժամանակավոր տնօրենի պարտականությունն եմ կատարում եւ իրավասություն չունեմ նման հարցեր լուծելու:
— Քաղաքապետարանի ներկայացված հաստիքացուցակի մեջ միայն գեղարվեստական ղեկավարի հաստի՞քն է կրճատվել:
— Ոչ, էլի հաստիքներ կան, որոնք կրճատվել են: Քաղաքապետարանը նոր հաստիքացուցակ է մեզ ներկայացրել, որտեղ չկան նկարչի, ռեժիսորի օգնականի, բեմադրական մասի վարիչի, գեղարվեստական ղեկավարի հաստիքները:
— Թատրոնն ի՞նչ վիճակում է գտնվում:
— Քանի որ քաղաքապետարանի կողմից վերանորոգման փուլում ենք գտնվում, մեր թատրոնի աշխատողները հարկադիր պարապուրդի մեջ են: Ես եմ գալիս, պահակներն են լինում, մեկ-մեկ էլ հավաքարարն է գալիս:
— Վերանորոգման աշխատանքները ե՞րբ կավարտվեն:
— Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=259991&l=am/