Արցախի 7 գրողների գրքերի շնորհանդես ՀԳՄ-ում
Մշակութային
Հուլիսի 4-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ Արցախի գրողների` Արիս Արսենի, Ռոբերտ Եսայանի, Մարտիրոս Ոբնեցու, Անահիտ Քոչարյանի, Զինաիդայի, Ժաննա Բեգլարյանի և Դավիթ Միքայելյանի գրքերի շնորհանդեսը:
Շնորհանդեսին բացման, շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ՝ ասելով.
«Այս յոթ գրքերը հրատարակվել են վերջին մեկուկես ամսում: Այսօր Արցախի գրողներից մեզ հետ են Բորիս Արսենին և Ռոբերտ Եսայանը: Երկուսն էլ շատ լավ բանաստեղծներ են: Ռոբերտը Շիրակում է անժամանակ տեղավորվել, Բորիսը` Երևանում: Մենք մշտապես կապված ենք Արցախի գրողների հետ: Գրքերը այսօրվա Արցախի ծանր հոգեբանական վիճակի արտահայտությունն են: Ե՛վ արձակում, և՛ պոեզիայում տագնապ, հույս, որոշակի մարդկային ճնշվածություն և ելքեր փնտրելու մտածումները կան: Բնականաբար, այդպես պետք է լիներ, որովհետև գրականությունը կյանքի հայելին է: Այնպես որ, դա ժամանակի պարզունակ արտացոլանք չէ: Նրանք իրենց մաշկի վրա են զգացել այդ ամենը և փոխանցել են ընթերցողին»: Այնուհետև շարունակելով իր միտքը՝ ՀԳՄ նախագահը շեշտեց գրքերի հրատարակչության առնչությամբ, գրքերը հրատարակելու կարևոր գործում արցախցի գրող Կիմ Գաբրիելյանի կարևոր դերի մասին:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ անդրադառնալով շնորհանդեսին ներկայացվող 7 հեղինակներին՝ ասաց. «Գրքերն առանձնանում են բարձր գեղարվեստական որակով: Բոլոր հեղինակների գրվածքից արյուն է կաթում, սակայն նրանց ստեղծագործություններում կա հավատը բարության, գեղեցկության: Հեղինակները չարացած չեն: Նրանց խոսքը հնչում է լուսավոր կամեցողությամբ: Եվ պետք է ասեմ, որ արցախցին ուժեղ է և այս դժվարություններն էլ կհաղթահարի»:
Շնորհանդեսին հրավիրված էին գրականագետներ, գրողներ, լրագրողներ: Եղան արցախյան հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=259692&l=am/