Փաշինյանը թքած ունի… շնորհավորում է իր ընկերոջ տոնը. Լոքմագյոզյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ շնորհավորել Կուրբան Բայրամի առիթով, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին գալիք Վարդավառի կապակցությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
— Արդյոք ընդունելի են նման փոխադարձ շնորհավորանքները` Արցախում ունեցած 4 զոհի ֆոնին:
— Շատ հետաքրքիր, հատկանշական եւ սպասելի քայլ էր: Դա ցույց է տալիս այսօրվա մեր իշխանության քաղաքականությունը եւ մոտեցումներն ընդհանրապես: Այսինքն` այստեղ մենք ուղղակի տեսնում ենք, որ թքած ունի կամ մյուս կողմից անգամ ուրախանում է, որ այդպիսի բան է կատարվել եւ շնորհավորում է իր ընկերոջ տոնը: Մեր իշխանությունների քաղաքականության մեջ սա ձեւավորվում է: Իրենք ավելի շատ Թուրքիայի հետ կամ մեր թշնամիների հետ համագործակցում են, նրանց համար են աշխատում եւ նրանց համար ավելի սրտացավ են, քան, ասենք, հայ ազգի, Արցախի ժողովրդի խնդիրների հանդեպ: Իրենց մոտեցումով, այո՛, ընդունելի է: Այս բանը կատարվելուց հետո` ինքը նույնիսկ եթե ուներ այդպիսի նպատակ, պետք է հրաժարվեր այդ նպատակից, բայց, իհարկե, առաջին անգամ չէ:
— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ժամկետներում է հնարավոր կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որի վրա հեռախոսազրույցի ընթացքում շեշտադրում էին արել Փաշինյանն ու Էրդողանը:
— Կախված է նրանից, թե հարաբերություն կարգավորել ասելով` դրա տակ ինչ են հասկանում: Եթե այսօրվա ընթացքը կոչվում է հարաբերություններ կարգավորել, ապա կարող եմ ասել, որ գնում են այդ ուղղությամբ, բայց քանի դեռ մենք իրենց ընդունում ենք սպառնալիքների միջոցով, սա թուրքական շատ դասական մոտեցում է: Եթե դու իր պահանջը բավարարում ես, նա կբերի երկրորդ պահանջը: Տարիներ շարունակ այսպես է, ինքը բերում է պահանջ, բավարարեցի՞ր, բերում է երկրորդը, երկրո՞րդը բավարարեցիր, երրորդն է բերում, չորրորդը եւ այսպես շարունակ` այնքան մինչեւ ամբողջը ստանա եւ իր երազանքին հասնի: Չնայած իր երազանքին հասնելը հեշտ չէ, դրա համար իրենք նախ փոքր պահանջներ են դնում, բայց եթե դու բավարարում ես այդ պահանջները, իրենք մեծ քայլերով առաջ են գնում, եւ դա վերջ չի ունենալու:
— Պարոն Լոքմագյոզյան, Արցախի այսօրվա իրավիճակը ե՞ւս բխում է այդ պահանջներից:
— Արցախի այսօրվա իրավիճակին եկանք կամաց-կամաց: Նրանք միանգամից Արցախ չպահանջեցին: Պահանջում էին, իհարկե, սակայն ոչ ոք չէր տալիս իրենց: Եվ սա որպես նախապայման դնելով` հարաբերությունները չէին կարգավորվում, բայց քանի որ մեր երկիր իշխանության եկավ մեկը, ով կատարում է իրենց պայմանները արդեն դրանք անվերջ են ու անվերջ էլ լինելու են: Աստված չտա, որ դա կատարվի, սակայն իրենք գնում են այն բանին, որ իրականանա Ալեքսանդրապոլի պայմանագրի պայմանները, այսինքն` 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի համար եւ վերջ: Թող այդքանի վրա հայերը ապրեն: Ինչպես ժամանակին իրենց միակ կին վարչապետ Չիլլերը արտահայտվել էր, ասելով՝ Հայաստանից այնքան ենք թողնելու, որ այդ տարածքը ամբողջ հայ ազգին գերեզման ծառայի: Դա է իրենց նպատակը: Քեզ տան փոքրիկ հողակտոր, որի վրա կծվարես, ոչինչ չես կարողանա անել եւ իրենց ձեռքին կնայես, քեզ ինչ ողորմություն կտան, այդ ողորմությունով էլ «յոլա» կգնաս: Սա է վերջնանպատակը: Աստված տա, որ չտեսնենք այդ օրերը, սակայն մեր իշխանություները ամեն ինչով գնում են այդ ուղղությամբ:
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=259255&l=am/

