«Բարդ ու շատ հետաքրքիր գոտեմարտ ունեցա». Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՀունիսի 15-17-ը, Երևանի «Միկա» մարզադահլիճում, կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան գավաթի հոբելյանական 25-րդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել են ավելի քան 15 երկրի 127 ուժեղագույն ըմբիշներ։ Մեր երկրի ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Մրցաշարի ժամանակ ամենաարագ հաղթանակը տարել է Եվրոպայի նորընծա չեմպիոն, Աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, ծնունդով Փոքր Վեդի գյուղից 24-ամյա ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ, ով ընդամենը 48 վայրկյանում տուշեով 13։0 հաշվով գերազանցել է բուլղարացի մրցակցին Նաիմ Միկյային։ Iravunk. com -ի հետ զրույցում ՎԱԶԳԵՆԸ նշեց. «Բարդ ու շատ հետաքրքիր գոտեմարտ ունեցա։ Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր դերակատարում ունեցավ իմ այս հաղթանակում, իրենց էներգիան մեզ է փոխանցվում։ Առաջիկայում Աշխարհի առաջնությունն է, որտեղ առաջնային խնդիրը լինելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելը, հետո արդեն ոսկե մեդալի համար պայքարելը, լիահույս եմ, որ ամեն բան լավ կստացվի»։
- Շնորհակալություն, Վազգեն մեզ հետ քո տպավորություններով կիսվելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

