«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԻՆՉ - ՈՐ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՉՍՏԱՑՎԵՑ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ
ՍպորտIravunk. com-ի զրուցակիցն է վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։ Հիշեցնենք, որ այս առաջնությունում Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս բրոնզե մեդալ է նվաճել, ցավոք մրցավարները անարդար են վերաբերվել ու գողացել նրա հաղթանակը։ Մեզ հետ զրույցում ՆԱՐԵԿԸ առաջնության հետ կապված, պատմեց. «Առաջին մրցակիցս Կոնգոյից էր Վիլյամ Մբանգին, այս մենամարտը վաղաժամ ավարտվեց իմ հաղթանակով։ Իսկ երկրորդ մրցակիցս ազգությամբ իրանցի էր Պուրիա Ամիրին, նրան էլ հաղթել եմ 5։0 հաշվով, այդպես քառորդ եզրափակիչ փուլ մտա։ Նշեմ, որ այս մենամարտը ռևանշ էր ու շատ կարևոր էր ինձ համար, 4։0 հաշվով կամային հաղթանակ տարա, այդպես ապահովեցի բրոնզե մեդալը։ Իսկ կիսաեզրափակչում ինչ - ինչ պատճառներով Եվրոպայի չեմպիոն, իտալացի Ազիզ Աբես Մուհիդինի հետ չստացվեց մենամարտը։ Սակայն, ես չեմ հուսահատվում, կպարապեմ, հետագայում ոսկե մեդալ կնվաճեմ։ Այս մեդալը ինձ համար իսկապես շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև առաջինն էր մեծահասակների պայքարում։ Տքնաջան պարապել էի, հավաքներից երկուսը եղել են Ծաղկաձորում, երեքը Ղազախստանում, չորս երկրի հավաքականների հետ, ինչը իսկապես օգտակար եղավ։ Ես շատ լավ մարզավիճակում էի, վստահ էի իմ ուժերին, գիտեի, որ մեդալի համար կարող եմ պայքարել։ Հանդես եմ եկել 92 կգ քաշային կարգում։ Վնասվածք չունեի, լրիվ ապաքինվել էի։ Ասեմ, որ ինչպես Հայաստանում, այնտեղ էլ շատ հայեր կային, մեզ երկրպագում էին, ոգևորում։ Իմ հաջողության գրավականը տքնաջան պարապմունքներն են։ Եվրոպական խաղերի համար ենք պատրաստվում, այն ի դեպ, վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»։
- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

