Թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ իր հետ կբերի զուգահեռ նաեւ ջրի խնդրի. ԱՀ Գյուղնախարարը ահազանգում է
Հանդիպում2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որն ավելի ահագնացավ հունիսի 15-ից սկսած: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում:
Արցախի կառավարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափեն հումանիտար աղետից, ցավոք, սակայն իրավիճակը բարդանում է օրեցօր․բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների:
Իսկ, թե ի՞նչ գյուղատնտեսական խնդիրներ է իր հետ բերել լիակատար շրջափակումը բերքահավաքի եռուն փուլում փորձել ենք հետաքրքրվել ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանից, ով նախ փաստեց.
-Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի վրա:
Այս պահին սկսվել է բերքահավաքի սեզոնը` կարտոֆիլի, տարբեր բանջարաբոստանային կուլտուրանների մասով: Հենց գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ է, որ մեզ հաջողվում է քիչ թե շատ մեղմել պարենային ճգնաժամը, այս պահին հաշվարկներ են իրականացվում, որպեսզի կարողանանք հավասարաչափ ըստ տարածքների բաշխել: Ճիշտ է այս պահին բաջարեղենի քանակը լրիվությամբ չի բավարարում, բայց որոշակի քանակ ունենք: Հացահատիկային կուլտուրանների մասով եւս այս պահի խնդիրներ չունենք, բայց իրական պատկերը կարող ենք ասել միայն բերքահավաքի աշխատանքների ավարտին:
-Սահմամամերձ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ թշնամին թիրախավորում ա ու խոչընդոտում է նաեւ այդ աշխատանքներին:
-Սահմանամերձ շրջաններում անձրեւների պատճառով բերքահավաքը դեռ չի մեկնարկել, հենց սկսենք այդ ժամանակ հստակ կարող եմ պատասխանել Ձեր հարցին:
-Պարոն Հայրիյան, 44-օրյա պատերազմից հետո մեծաթիվ ջերմոցային տնտեսություններ էին ներդրվել, էներգետիկ խնդիրներով պայմանավորված հաջողվում է ջերմոցները պահպաննել:
-Ներկա դրությամբ ջերմոցային տնտեսությունների աշխատանքները կազմակերպվում են ինչպես հարկն է, քանի որ ջեռուցում այս պահին չի իրականացվում օդի ջերմաստիճանը բավարարում է, իսկ օդափոխության համար էլեկտրաէներգիան բավականացնում է: Այս պահին ոռոգման ջրի հետ կապված եւս որեւէ խնդիր չունենք: Ընդհանուր առմամբ այս պահին գյուղատնտեսական սուր խնդիրներ չունենք, բայց ես չգիտեմ ինչքան կտեւի բլոկադան, որովհետեւ, եթե այն երկար տեւի, ապա իր հետ կբերի գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ իր հետ կբերի զուգահեռ նաեւ ջրի խնդրի:
-Եթե Արցախը ապաշրջափակվի, եղած խնդիրներն էլ լուծվեն, Արցախը եղած ռեսուրսներով գյուղատնտեսական առումով կհասնի՞ ինքնաբավության:
-Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետեւ մինչեւ բերքահավաքը չավարտի, բերքը հավաքելուց հետո միայն կարող եմ հստակ պատասխանել Ձեր հարցին:
https://iravunk.com/sim/?p=258722&l=am/

