Արցախի ժողովուրդը աշխարհի աչքի առաջ գոյաբանական պայքարի մեջ է. Արցախի պետական նախարարը ԱՀ-ում տիրող իրավիճակի մասին
Հանդիպում
Օրեր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, դադարեցնելով ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։ Ինչը մեկ անգամ եւս փաստում է թշնամու նպատակը, այն է՝ բառի ուղիղ իմաստով «խեղդել» Արցախն ամբողջությամբ։ Ինչ հումանիտար խնդիրների առաջ է կանգնելու Արցախը ստեղծված իրավիճակում, եւ ինչ խնդիրների հետ է արդեն իսկ հասցրել բախվել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի հանրապետության Պետական նախարար ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ, ով նախ փաստեց.
- 12.12.2022թ. Ադրբեջանը արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Տևական ժամանակ արցախցիները ապրել են լրջագույն խնդիրների մեջ, մինչև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը կարողացան կատարել հումանիտար բեռնափոխադրումներ՝ այդ կերպ մի փոքր մեղմելով ստեղծված իրավիճակը: ԿԽՄԿ միջոցով Արցախ էր հասցվում դեղորայք, իսկ ռուս խաղաղապահների միջոցով՝ սնունդ: Ակնհայտ էր, որ կատարվող հումանիտար բեռնափոխադրումները անբավարար էին և դրանց միջոցով ընդամենը փորձ էր արվում բնակչությանը փրկել սովից ու ապահովել տարրական բուժօգնություն: Այդ հանգամանքը նկատելի էր նաև ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ ներկայացուցիչների համար, այդ պատճառով վերջիններս տևական ժամանակ բանակցեցին ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հումանիտար բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների թվում կարողանան օգտագործել նաև արցախյան 5-6 բեռնատար:
Ի վերջո ստանալով ադրբեջանական կողմի համաձայնությունը, 15.06.2023թ. հերթական հումանիտար բեռնափոխադրումը կազմակերպելու համար Արցախից Հայաստան մեկնող ռուսական ավտոշարասյանը միացել էր նաև 5 բեռնատար, սակայն մինչև Հակարի գետի վրա տեղակայված կամուրջը հատելը տեղի է ունեցել մեզ հայտնի սադրանքը և ավտոշարասյանն արգելվել է անցնել կամուրջը, որից հետո բեռնատարները վերադարձել են Ստեփանակերտ: Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչինչ չի բերվել, ամբողջությամբ դադարեցված են ռուս խաղաղապահների և հումանիտար բեռնափոխադրումները: Մենք ունենք առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ԿԽՄԿ միջոցով պետք է տեղափոխվեին Հայաստանի Հանրապետություն, սակայն նրանց տեղափոխությունը չի կազմակերպվում ճանապարհի փակ լինելու պատճառով: Մենք չենք ստանում դեղորայք, սնունդ, տարեցների, երեխաների, նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Մենք չենք ստանում վառելիք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են արցախցիների առաջ ծառացած հազարավոր խնդիրների՝ նրանց կյանքի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Իրավիճակը օր օրի դառնում է աղետալի և անհասկանալի է, թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը:
Պետական նախարարը ընդգծում է.
-Հարկ եմ համարում նշել, որ 2022թ. դեկտեմբերից խափանված է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ գազամատակարարումը և էներգամատակարարումը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովուրդը աշխարհի աչքի առաջ գոյաբանական պայքարի մեջ է: Արցախցիները բացահայտորեն ենթարկվում են էթնիկ զտման, 120.000 հայի զրկանքների գնով պարտադրվում է հպատակեցում, 120.000 հայի պարտադրվում է ապրել սրի տակ կամ լքել իր հայրենիքը: Բայց պետք է հասկանալ մի ճշմարտություն, որ արցախցին այլևս չունի նահանջի տեղ և նման քայլերով անիմաստ է ինչ-որ բան պահանջելը կամ պարտադրելը: Միթե այս ամենը ունի այն արժեքը, որի համար աշխարհը կարող է հանդուրժել միջազգային մարդասիրական իրավունքի այսպիսի ոտնահարումը, մարդու տարրական իրավունքների այսպիսի վերացումը և դրանց պաշտպանության միջազգային փորձի կիրառումից հրաժարվելը կամ դիտավորյալ անգործությունը: Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի այսպիսի տարակերպ մեկնաբանությունն ու կիրառությունը բավականին թանկ է նստելու հավաքական աշխարհի ու մարդկության վրա, ուստի քանի ուշ չէ, պետք է բոլորը սթափվեն, առաջին հերթին՝ համայն հայությունը:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=258413&l=am/