«Մանկուց կոտրվելու շատ առիթներ եմ ունեցել, թատրոնը չի թողել մաղձոտ ու մոխրագույն կյանքով ապրել».Տաթեւ Ղազարյան
Մշակութային
Այս անգամ զրուցել ենք Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանի հետ:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Շատ եմ սիրում մեքենա վարել, վերջերս եմ հասկացել: Մինչեւ 36 տարեկանը վստահ էի, որ ղեկին չեմ մոտենա, քանի որ վախենում էի: Գժվում եմ, որ պետք է մինչեւ Գյումրի վարեմ, ընդ որում՝ մենակ: Քչերը գիտեն, որ խոսքի մշակույք եմ դասավանդում Բժշկական համալսարանում ու չափազանց մաքրասեր եմ՝ հիվանդագին աստիճանի:
- Դերասանների ընտանիքից լինելու 3 առավելություն:
- Ազատ ժամանակ քիչ ես ունենում, մեծ հաշվով ինքդ քեզ չես պատկանում, հատկապես երբ կայանում ես, սիրվում եւ քո հանդիսատեսն ունենում: Ամբողջ կյանքում իմ մազերի ձեւն ու գույնը այդպես էլ չկարողացա փոխել, եղունգներդ միշտ պետք է չեզոք գույնի ու կարճ լինեն: Այ, դա իրոք զոհողություն է, ինչին ոչ բոլորն են պատրաստ: Դերասանը պիտի ոչ մի ձեւ էլ չունենա, որպեսզի պլաստիլինի պես նրանից ստանան այն, ինչ ուզում են։ Հիմա նույնիսկ ուրախ եմ, որ այդ ամենը հաղթահարված է, ու ինձ ընդունում եմ՝ ինչպիսին կամ:
- 3 միֆ դերասանների մասին, որ ընդհանրապես ճիշտ չեն:
- Միֆ է, որ դերասանները կյանքում նույնպես խաղում են։ Այնքան տարատեսակ մարդկանց կերպարներում եմ լինում ու սուտ խոսում, որ դրանից հետո ընկերներիս հետ անգամ խոսել աշխատանքիս մասին չեմ սիրում։ Միֆ է, որ դերասանները միշտ ուրախ են, երգում ու պարում են՝ նույնիսկ տանը: Թատրոն տարբեր հոգեվիճակներում ու հիվանդություններով եմ եկել, բայց ամեն ինչ մի կողմ եմ թողել ու բարձրացել բեմ։ Սովոր չենք մեր ապրումները հանդիսատեսին ցույց տալ, դրա համար կյանքում էլ այդպիսին ենք։ Միֆ է նաեւ, որ մենք մեծամիտ ու ինքնասիրահարված ենք։
- Կիսվեք ամեն ինչ հասցնելու ու շատ բան անելու բանաձեւով:
- Միակ գաղտնիքը սերն է։ Եղել են դեպքեր, որ հանուն գումարի կամ այլ բանի ուզել եմ անել, բայց չի ստացվել: Հետաքրքիր է, որ ամեն ինչ հասցրել եմ, բայց հենց հերթը հասել է դրան, նույնիսկ եթե ամենաշատ վարձատրվողն է եղել, կիսատ-պռատ կամ վատ է ստացվել, դրա համար արագ հեռացել եմ։
- Իմ ամենասիրելի գործերից է։ Կրկնօրինակմանը շատ պարտական եմ, որովհետեւ ձայնի առումով բեմում ինձ շատ են օգնել։ Ամենասիրած պահն է, երբ իմանում եմ՝ մուլտֆիլմ եմ կրկնօրինակելու, քանի որ կերպարները շատ ավելի տարբերվող են ու թույլ են տալիս խաղալ: Ֆիլմերի դեպքում դերասանի խաղին չպիտի խանգարես, պարզապես թարգմանող ես:
- Նշեք արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլան»։ Շատ հողեղեն էակ եմ, ինձ այնքան էլ հեշտ չէ հիացնել։ Հաճախ երբ Գոռ Մարգարյանի («Միզերի»-ի ռեժիսորն է,-հեղ.) հետ Գյումրի ենք գնում, մեկ էլ կասի. «Ինչ սիրուն դեղին ծաղիկներ են», զարմանում եմ՝ ոնց են մարդիկ նման բաները նկատում։ Բայց երբ տեսա Սիքստինյան կապելլայի առաստաղը, շունչս իսկապես կտրվեց, չէի հավատում, որ դրան մարդկային ձեռք է կպել։ Միքելանջելոն աստվածային մարդ է կամ Աստծո ուղերձը մեզ։ Երբ դեպրեսիվ վիճակում եմ լինում, միշտ պատկերացնում եմ կամ էլ նկարը նայում։ Մյուսը Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է. սեղանիս գիրքն է, ժամանակ առ ժամանակ բացում եմ որեւէ էջ ու կարդում: Մեքենայիս մեջ էլ սիրում եմ լսել Սոս Սարգսյանի կարդացած տարբերակը։ Էլի երբ տխուր կամ լցված եմ լինում, դիմում եմ Նարեկացուն։ Դա էլ աստվածային գործ է, իզուր չէ, որ բուժիչ հատկություն ունի: Վերջինը Բախի ստեղծագործություններից «Սուրբ Մատթեոսի կիրքն» է (միացնում է, որ լսենք,-հեղ.), որը հնչում է մեր «Լյու-Բոֆ» ներկայացման մեջ: Այն ինձ կտրում է երկրից ու ուրիշ տեղ տանում. ամեն հոգեվիճակում էլ կարող ես լսել։ Ու դե, բնականաբար, շատ եմ լսում Կոմիտասի գործերը։
- Թատրոնը շատ սիրելու 3 պատճառ:
- Այն, որ քեզ հետ այսօր զրուցում եմ, թատրոնը սիրելու պատճառներից մեկն է (ծիծաղում ենք,-հեղ.)։ Մյուսն այն է, որ հանդիսատեսի սերն ինձ իրոք ապրեցնում է, ստեղծագործելու, չթուլանալու ու չընկճվելու թեւեր տալիս: Մանկուց կոտրվելու ու ընկճվելու շատ առիթներ եմ ունեցել, որպեսզի մաղձոտ ու մոխրագույն կյանքով ապրեմ, թատրոնն է օգնել, որ այդպես չլինի։ Նաեւ նրա շնորհիվ եմ զգացել տարատեսակ մարդկային բնավորություններ ու զգացողություններ, որոնք ինժեները, ուսուցիչը, լրագրողն ու բժիշկը չեն ունենում։ Կյանքում չեմ իմանա, թե ինչ ես զգում դիմացինի ոտքերը կտրելիս, բայց «Միզերի»-ում ապրում եմ, կամ ինչ է զգում անառակ կինը, իսկ «Փափլիկի» շնորհիվ դա էլ գիտեմ։
-Ի՞նչն է մոտիվացնում չհոգնել մասնագիտությունից:
- Նախ սա իմ աշխատանքն է, ուրիշ ոչինչ անել չգիտեմ՝ մազ կտրել, ճաշ եփել, մատնահարդարման չեմ տիրապետում, բժշկել չեմ կարող: Այլեւս չեմ էլ մտածում ուրիշ բանով զբաղվելու մասին. թատրոնն ինքնին մոտիվացիա է: Ուրիշ մասնագիտության տեր մարդիկ ասում են, որ դերասաններից են մոտիվացվում, այնպես որ, ինքներս ենք մոտիվացիայի աղբյուր համարվում (ծիծաղում ենք,-հեղ.):
- Պիտեր Բրուկի ներկայացումը, որը պատիվ եմ ունեցել դիտելու Փարիզում, ինքն էլ ներկա էր, ծանոթացա հետն ու նկարվեցի։ Շեքսպիրյան գործերից չէր, որոնց շատ է անդրադարձել, գյուղական կյանքից մի դրվագ էր, բեմում սեւամորթներ էին, ու թեեւ լեզուն չէի էլ հասկանում, բայց կլանված նայում էի։ Բեմի վրա դեկորացիաներ չկային՝ աթոռներ էին, որոնք թեքում էին ու սեղան դարձնում, բայց շշմելու, բարձրարժեք ու հանճարեղ ներկայացնում էր: ՄԽԱՏ-ում նայել եմ Բրեխտի «3 գրոշանոց օպերա»-ն, որի գլխավոր դերում Կոնստանտին Խաբենսկին էր, հրաշալի ներկայացում ու դերակատարում էր, 4 ժամից ավելի տեւեց, բայց բերանս բաց նայում էի, այնքան հանճարեղ էր։ Երրորդը կնշեմ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը», այն վերջին տարիներին Հայաստանում իմ նայած ամենասիրելի ներկայացումն է։ Ստեղծագործող մարդ է, որը քովիդի ժամանակ տանը նստել չկարողացավ ու բացօթյա ներկայացում արեց։ Չէի հավատում, որ բեմում իմ ընկերուհին է, իրական մարդ, որի հետ սուրճ ենք խմել։ Ես որ շատ դժվար եմ հանդիսատես դառնում, ինձ կարողացավ խաբել։
- Դեր, որն ամենաշատն է վախեցրել:
- Հին վախերից չեմ խոսի, բայց երբ իմացա, որ առաջին անգամ թատրոնում «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ գլխավոր դեր պիտի խաղամ, լրջորեն հիվանդացա այդ մտքից. դեռ ուսանող էի ու շատ պատասխանատու էր ինձ համար։ Բայց ամենավախենալուն լավ իմաստով «Միզերի»-ում Էննի Ուիլքսի կերպարն էր. նրա տեսակին երբեք չէի անդրադարձել։ Ամեն ինչն էր ինձ համար նոր ՝ միջավայրը, ռեժիսորը, թատրոնը, խաղընկերն ու հանդիսատեսը։ Կրակի մեջ էի նետվում, բայց միեւնույն ժամանակ էլ գայթակղությունն էր մեծ։ Պետք է հաջողեի կամ այրվեի, միջին չուներ «Միզերի»-ն:
- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Դժվար հրաժարվող եմ. եթե մի բան թողնում եմ իմ կյանք, երկար ընտրելուց ու մտածելուց հետո եմ անում։ Դժվարությամբ եմ ամեն ինչից հրաժարվում, այդ թվում՝ մարդկանցից, ճարահատյալ եմ անում, երբ այլ տարբերակ չի լինում: Վաղուց հրաժարվել եմ վատ մտքերին տեղ տալուց, արագ հեռացնում եմ, նույն կերպ էլ անում եմ մարդկանց հետ, որոնք վատ են ներգործում ինձ վրա։ Առաջ չէի հասկանում, որ այդ մարդն ինձ տխրեցնում է ու պետք է նրանից հրաժարվել: Սեւակն էլ ասել է՝ «Ինչքան էլ թանկ բան է ատամը, ցավելիս հանում են, գցում»:
- 3 կարեւոր բառ:
- Սեր, հավատ, հայրենիք:
- 3 անհրաժեշտ մարդկային որակ:
- Առաջինն ինձ համար բարությունն է, որը մեր օրերում չեն գնահատում ու նույնացնում են հիմարության հետ, բայց այդ մարդը դեռ հավատում է աշխարհին։ Մյուս երկուսը ազնվությունը եւ նպատակասլացությունն են:
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Սերը: Շատ սիրառատ եմ ու այն ամեն առումով մեծ դեր ունի իմ կյանքում։ Երազանքը, որը վերածվում է նպատակի ու դրա իրականացման ճանապարհն է ինձ միշտ ոգեշնչում, եւ ընտանիքս։
- Այս տարվա լավագույն պահի կադրը։
- Դեռ տարվա կեսն է ու շատ լավ պահեր կլինեն, բայց կնշեմ նորից «Արտավազդ» ստանալը։ Համոզված էի, որ այս տարի Նարինե Գրիգորյանը կարժանանա լավագույնի կոչմանը, երբ անունս ասացին, շատ զարմացա։ Նույնիսկ տեսանյութ կա, թե ինչպես եմ դժգոհ արձագանքում (ծիծաղում ենք,-հեղ.): Ամենահաճելի պահը մինչեւ բեմ հասնելն է։
- Տարվա լավագույն դերասանուհի (ծիծաղում ենք, 4-րդ անգամ է ստացել «Արտավազդ» մրցանակ,- հեղ.): Կնշեն, որ մոտիվացնող եմ՝ ուսանողներս ու ընկերներս հաճախ են այդ մասին ասում, գուցե կասեն նաեւ մարդ է, որը կարողանում է լսել։
- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:
- Ինձ լիարժեք մարդ եմ համարում ու երջանիկ շատ առումներով, բայց մի բաց կա, որի մասին չեմ ասի. իմ առաքելությունն այդ առումով լրիվ կատարած չեմ համարում։
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Այդ բացթողման, որը գաղտնիք է։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Միշտ երազել եմ լողալ սովորել, բայց նաեւ՝ վախեցել։ Սովորաբար, այնպիսի բաներ եմ ուզում, որոնք կարողանում եմ իրականություն դարձնել։
- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Անելու ցանկում շատ բաներ կան, ինչը լավ է։ Պետք է անպայման հանգստանամ, քանի որ 2 տարի արձակուրդ չեմ ունեցել, այդ բացը կփորձեմ լրացնել։ Մնացածն արդեն կյանքից է կախված, կիրականացնեմ այն, ինչ ինձ հետ տեղի կունենա։
https://bravo.am/news/77430