Որքան մեծ է մեր դիմադրությունը, այնքան Ադրբեջանը ավելի է սաստկացնում իր հակաօրինական, ահաբեկչական քայլերը․ ԱՀ պետնախարարը՝ Ալիեւի սպառնալիքների հերթական չափաբաժնի մասին
Ներքաղաքական
Բոլորը շատ լավ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում (Ղարաբաղում) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ուստի խորհրդարանը (խմբ․ Արցախի խորհրդարան) պետք է լուծարվի, իրեն նախագահ անվանող անձը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող են լինել մեղմացումներ և կարող է խոսք գնալ համաներման մասին»։
Բռնապետի վերը նշված հերթական սպառնալիքի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Արցախի հանրապետության պետնախարար ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ․
-Ոչ մեկիս համար նորություն չէ, որ Ադրբեջանը ամեն օր փորձում է մեծացնել ճնշումները Արցախցիներիս նկատմամբ՝ մեզ հպատակեցնելու նպատակով: Որքան մեծ է մեր դիմադրությունը, այնքան Ադրբեջանը ավելի է սաստկացնում իր հակաօրինական, ահաբեկչական քայլերը: Տասնամյակներ շարունակ Արցախում կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի ու նախագահական ընտրություններ, տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից Արցախ էին ժամանում դիտորդական խմբեր, գնահատում ընտրությունների ընթացքը ժողովրդավարական կանոններին համապատասխանելու տեսանկյունից, հրապարակում զեկույցներ: Ադրբեջանը մշտապես փորձում էր քննադատել այդ գործընթացները, դրանք որակում էր որպես անօրինական, սակայն միջազգային բոլոր դիտորդների, այդ թվում Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները ի պատասխան ադրբեջանական կողմի նման հայտարարությունների, իհարկե հաշվի առնելով քաղաքականության կանոնները, մշտապես շեշտում էին, որ Արցախը դե ֆակտո ինքնուրույն երկիր է, այնտեղ կա ժողովուրդ, որը ժողովրդավարական երկրներին հատուկ կարգով ձևավորում է իր ինքնակառավարման մարմինները: Հիմա Ադրբեջանը ոտնձգում է այդ ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է արցախցիների հետ քննարկումներ իրականացնել, բանակցություններ վարել, մյուս կողմից ոտնձգում է Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմինների ու նրանց ձևավորած կառավարության անդամների դեմ, սպառնում նրանց ձերբակալություններով, հաշվեհարդար տեսնելով:
ԱՀ պետնախարարը ուշադրություն է հրավիրում հետեւյալ փաստի վրա․
-Հետաքրքիր է, Ադրբեջանը ինչպե՞ս է պատկերացնում Արցախցիների հետ շփումը և բանակցությունները, հո բոլոր Արցախցիները չեն գնալու բանակցության, իսկ ներկայացուցիչ ընտրելու ժամանակակից եղանակը ուղիղ ընտրություն է, որի միջոցով արցախցիները ձևավորել են իշխանություն: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանին ձեռնտու չէ Արցախցիների այսօրվա ներկայացուցչությունը: Բայց Ադրբեջանի այդ հայտարարությունը չպետք է անարձագանք մնա, հատկապես միջազգային հանրության կողմից:
Ի վերջո, սա ոտնձգություն է տասնամյակներ շարունակ արցախցիների կողմից ձևավորված կառավարման կայուն կարգի դեմ, որը խարխլելու հետևանքը քաոսային, անկառավարելի վիճակն է, ինչից կարող է տուժել կրկին միայն արցախահայությունը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ցանկացած հայտարարություն բավարար է միջազգային հանրության համար՝ տեսնելու այն ցեղասպան ու Արցախը հայաթափելու, արցախցիներին հպատակեցնելուն ուղղված ծրագիրը, որը մշակել ու աշխարհի աչքի առաջ իրականացնում է Ադրբեջանը:
https://iravunk.com/sim/?p=256937&l=am/