Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից եւ Իրանից ժամանակակից արվեստագետներ վարպետության դասեր, աշխատարաններ եւ հանդիպումներ կունենան Հայաստանում։
ԳԱԿ-ն իր երեւանյան եւ մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու եւ ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին եւ երիտասարդներին, հանդիպելու եւ փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։
Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն․․․ նախագծի ընդգրկումը լայն է և շատ հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական եւ ստեղծագործական այս նախագիծը նաեւ հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար ծանոթանալու միջազգային արվեստագետներին եւ նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու եւ ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:
Հրավիրյալ արվեստագետներին եւս մշակութային օրակարգ է սպասվում։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ եւ արվեստի այլ կենտրոններ։
Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ Պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։ Հ․ Իգիթյանի անվ․ Գեղագիտության ազգային կենտրոնը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից եւ Իրանից» նախագիծն իրականացնում է Իրանի եւ Վրաստանի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
https://iravunk.com/sim/?p=256904&l=am/