Ամո՛թ ձեզ, թյուրիմացաբար հայ ազգանուն կրող «երիտհայեր», ովքեր ճակատագրի հեգնանքով հայտնվեցիք իշխանության ամենաբարձր գագաթում. Հակոբյան
ՀասարակությունԱննկարագրելի խցանում էր... Մարդկանց ու մեքենաների խցանում...
Հանկարծակի նկատեցի դեպի Սարդարապատի հուշահամալիր արագ քայլերով՝ գրեթե վազքով, սլացող մի երիտասարդի: Շրջանցելով մեքենաների ու մարդկանց հոծ բազմությունը, կարծես ուզում էր րոպե առաջ ձեռքի շքեղ ալ վարդերի փունջը խոնարհել Ռաֆայել Իսրայելյանի մտքի պես վերասլաց՝ ինը զանգերով Սարդարապատի պանծալի հաղթանակը փառաբանող, «Զանգակատուն» կոթողի մոտ, որի հակառակ կողմում գրված է. «Հայրենիքի փրկության համար զոհված զինվորներին հավերժ փառք»:
Քիչ անց ուրախությունս մռայլվեց՝ այդ նույն կոկիկ հագնված երիտասարդ տղամարդն՝ իսկ դա Լեւոն Զուրաբյանն էր, դարձյալ «ծլեց» աչքիս առաջ՝ նույն արագ քայլվածքով եւ... նույն շքեղ ալ վարդերը ձեռքին: Այժմ քայլում էր դեպի հուշակոթող ընթացող մարդկանց հոսքին հակառակ... Միտքս դեռ չէր հասցրել «մարսել» այդ կարճ՝ մոտ 10-15 րոպեյանոց ժամանակահատվածում կատարված իրարամերժ իրողությունները, երբ ականջիս հասան արդեն զազրելիության աստիճանի ծանոթ դարձած վանկարկումները... «Լե-վոն, Լե-վոն»: Ետ շրջվեցի... Շրջապատված մոտ մեկ ավտոբուսի տարողության քանակ կազմող իր համախոհներով, իրենից գոհ քայլում էր Լեւոն Տեր Պետրոսյանը: Համախոհները շարունակում էին վանկարկել. «Լե-վոն, Լե-վոն»: Ամեն ինչ պարզ դարձավ՝ այդ վարդերը պետք է «խոնարհեր» ոչ թե երիտասարդ Լեւոնը (Զուրաբյանը), այլ հին ու փորձառու Լեւոնը (Տեր Պետրոսյանը): Մարդը մանրուքներով է ճանաչվում՝ այս մարդիկ՝ իրենց «հայրենասիրությունը» միամիտ մարդկանց ցուցադրելու համար, առանց տեսախցիկների նույնիսկ վարդերը չեն խոնարհում:
Այն որ, Թատերական (այժմ Ազատության) հրապարակի «բեմահարթակը» Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 90-ականներից «սեփականաշնորհել» էր, իսկ 2008-ի փետրվարի վերջին դեկադայի ընթացքում դարձրել իր անհագուրդ ցանկությունների իրականացման յուրովի թատերահարթակ՝ հայտնի է բոլորին:
Սակայն, որ մայիսի 28-ին, դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին իր իսկ գլխավորությամբ իր հետ միասի՛ն քայլող մարդիկ վանկարկեն իր անունը՝ սա արդեն ոչ թե նոնսենս էր, այլ այդ՝ Սրբազան դարձած, վայրի եւ այդ օրվա խորհուրդը պղծող երեւույթ: Մոտ 30 մետր կար, որ հասնեին ինձ: Ես կանգնեցի՝ իսկ նրանք՝ իրենցից գոհ, շարունակում էին քայլել և վանկարկել իրենց կուռքի անունը: Դեռ հեռվից ամոթանք տվեցի, ասելով, որ այս վայրը ողողված է քաջերի արյունով, ամոթ է, վերջ տվեք, իսկ երբ հավասարվեցիք ինձ, դիմեցի անձամբ ձեզ, պարոն Լեւոն Տեր Պետրոսյան, որ սաստեք այդ խայտառակությունը: Ոչ միայն չսաստեցիք, այլ ինքնագոհ՝ միայն ձեզ բնորոշ ցինիկ ժպիտով, շարունակեցիք ձեր «երթը», իսկ ձեր կռապաշտ կանայք բառի բուն իմաստով հարձակվեցին վրաս, բղավելով. «Սադրիչ ա, սադրիչ ա»: Անձ, ով փորձում էր ձեզ սթափեցնել եւ հիշեցնում Սարդարապատի ճակատամարտի կարեւորությունը՝ ձեզ համար սադրիչ էր: Այսօր նույն խանդավառությամբ «թավշյա հեղափոխության» մասնակիցները «հարձակվում» են «իրենց տեսակետը» չկիսող՝ այլախոհ հայերի վրա, դատական պրոցեսներով ողողելով Հայոց աշխարհը:
Նիկոլ Փաշինյանը՝ Լեւոն Տեր Պետրոսյանի հոգեզավակը, հինգ տարի առաջ, 2018-ի մայիսի 28-ի օրը՝ ի ուրախություն թուրքերի, պղծեց այլ կերպ: Այդ օրը՝ եթե երկիրը կառավարեր պետական այրի մտածողությամբ մեկը, Սարդարապատի ճակատամարտի պանծալի հաղթանակի 100-ամյա հոբելյանի օրը՝ թուրքի աչքը հանելով, կողք-կողքի կանգնած կլինեին ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛վ Հայաստանի Հանրապետության ԲՈԼՈՐ նախագահները: Բայց բանակի հետ ոչ մի առնչություն չունեցող՝ ողն ու ծուծը դասալիքի հոգեբանությամբ համակված անձը, դա չէր կարող հանդուրժել... Վախերն արդարացված էին՝ ամբողջ ազգի առաջ տեսախցիկները ֆիկսելու էին այդ «տկլոր»՝ ազգային ազատագրական պայքարում ոչ մի լումա չունեցող անձի կարգավիճակն՝ իր ողջ անփառունակ անցյալով: Կանգնելով թուրքին ջարդած Սարդարապատի հերոսների հետնորդներ՝ Առաջին Արցախյանում դարձյալ թուրքին ջարդած հերոսների կողքին, նա՝ կռված տղաների արեւաշող հաղթանակների ճառագայթների ներքո, հայտնվելու էր ստվերում իր դավադիր ու խամրած «թավշյա» հեղափոխությունով հանդերձ:
Սարդարապատի հաղթանակի 100-ամյա հոբելյանի օրը, իրենց նախագահների կողքին պետք է կանգնած լինեին եւ ԲՈԼՈՐ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ Արցախյան պատերազմի մասնակիցները: Ավելին, նրանց՝ ԲՈԼՈՐԻՆ, այդ օրվա կապակցությամբ ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարտավոր էիք արժանավայել պարգեւատրել: Եվ այդ փառահեղ հաղթանակի 100-ամյա հոբելյանի օրը պետք է կիլոմետրանոց ընդհանուր սեղան գցվեր, որի շուրջ հավաքված Արցախյան պատերազմի մասնակիցները «Գինի լից»-ներով պիտի ցնծային, քեֆ անեին եւ իրենց շուրջ հավաքված երիտասարդ սերնդին պատմեին պատերազմի տարբեր դրվակներ ու բոլորով միասին հիշեին հանուն Հայոց անկախության համար զոհված մեր մարտիկներին: Չարվեց: Չարվեց, որովհետեւ այսօրվա իշխանությունների նպատակն այլ էր՝ պղծել ու վարկաբեկել ամեն ինչ եւ ամենուր:
«1920թ. դեկտեմբերի վերջին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1000-ից ավելի սպաներ. այդ թվում՝ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը եւ ուրիշներ, որոնց քշեցին Ալավերդի՝ ճանապարհին ոմանց սպանելով, ծաղր ու ծանակի ենթարկելով: 1921թ. փետրվարին Դիլիջանի տարածքում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ- Փիրումյանը…», - ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսից:
Ոչի՞նչ չի հիշեցնում: Այն ժամանակ էլ Իջեւան ներխուժած բոլշևիկները քարոզում էին, որ «թուրքերը մեր եղբայրներն են»: Այսօր մենք պարտավոր ենք հիշել, ոչ միայն Սարդարապատի ճակատամարտի կռվի դաշտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին, այլեւ հարգել այն 1000 հայորդիների հիշատակը, ովքեր 1918-ին ջարդեցին գայլի երախը, բայց իրենց պանծալի հաղթանակից 2 տարի անց ծաղր ու ծանակի ենթարկվեցին ու գնդակահարվեցին թուրք բոլշեւիկների հետ եղբայրացած հայերի ձեռքով:
Այսօրվա կառավարությունը նույն ուղին է բռնել: Ամո՛թ ձեզ, թյուրիմացաբար հայ ազգանուն կրող «երիտհայեր», ովքեր ճակատագրի հեգնանքով հայտնվեցիք իշխանության ամենաբարձր գագաթում: Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր հետապնդում են թուրքի երախը ջարդած հայերին: Ամո՛թ ու նզո՛վք բոլոր նրանց, ովքեր սկուտեղի վրա ընծայում են Հայոց Սրբազան Հողերը թուրքին... Թուրքին ներում չկա՛... Չկա՛... Համենայն դեպս մինչ այն պահը, երբ նրանք ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ չեն ընդունի Հայոց Ցեղասպանությունը... Ուզում էիք թողել մեկ հայ, այն էլ թանգարանում...
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:
Պարույր Սեւակ
Հ.Գ. - Այսօր նույնպես խցանում է Սարդարապատի Հուշակոթող տանող ճանապարհին... Խցանում է... Սակայն ո՛չ ԺՈՂՈՎՐԴԻ հետ ՄԻԱՍԻՆ, այլ ժողովրդից ԶԱՏ... Ողորմելի՛... Որքան խղճուկ ես... Խղճուկ ես՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրսերում...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

