Անտարբերությունն ու ագահությունն է շատացել. Իրինա Ծատուրյան
ՏեսանյութերՄեր ինքնապահպանման բնազդի հետ ի՞նչ է կատարվում: Սա որքանո՞վ կապ ունի հոգեբանական խնդիրների հետ, երբ սահմանամերձ գյուղացիները, օրինակ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրում են այն քաղաքական ուժին, որի օրոք իրենց գյուղից երեւացող դիրքում ծածանվում է ադրբեջանական դրոշը: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:
— Ըստ երեւույթին, անտարբերությունն է շատացել: Ես գյուղերից մեկում այսպիսի նախադասություն եմ լսել՝ «Մեր իմացած գելը թող գա, մեզ ուտի»: Նույն գյուղացին կարծում է, որ իրենից ոչինչ կախված չէ, կառավարությունից էլ առանձնապես ոչինչ կախված չէ, որովհետեւ ինքն իր ամբողջ կյանքը բոլոր կառավարությունների ժամանակ իր հողն է մշակել, երբեմն նույնիսկ ձեռքով, ինչպես պատերազմի ժամանակ մեր զինվորներն էին փորում: Նույն գյուղացին ապրել է առանց պետականության 6-7 դար, «եղունգ ունես, գլուխդ քորի» շշմելու խոսք կա, եւ նա գիտի, որ ով էլ գա իշխանության, իր հարցերը լուծողն ինքն է: Այսպիսի մի արտահայտություն էլ ունեն՝ «ով էշ, մենք իրեն փալան»:
— Տիկին Ծատուրյան, հնարավո՞ր է այդ հոգեբանությունը փոխել:
— Գյուղերում, որպեսզի այդ հոգեբանությունը փոխվի, դարեր են պետք: Գյուղացիները շատ ավելի պահպանողական են, քան քաղաքի ժողովորդը: Քաղաքի ժողովրդի հոգեբանությունը փոխելն էլ ինչ-որ տեղ թողնել-գնալն է դարձել: Հիմա մենք տոտալ անտարբերության մեջ ենք, սա դեպրեսիայի համազգային արտահայտումն է: Մարդիկ ոչինչ չեն ուզում անել, ասում են՝ «Այսպես էլ մնա, յոլա կգնանք»: Դրա համար պետք է աշխատել իրենց հետ: Պետք է խմբեր լինեն, որոնք կգնան, կխոսեն իրենց հետ: Բայց այդ խմբերն էլ ինչի՞ հիման վրա ասեն, որ լավ կլինի: Դրանք էլ դառնում են անորոշ խոստումներ:
— Իշխանությունն էլ վստահ ասում էր, թե «ապագա կա»…
— Ապագա միշտ էլ կա, բայց որակն ի՞նչ է, ո՞ւր է մեզ տանում: Իհարկե, բոլոր բանասերները կասեն, որ կա ներկա, անցյալ, ապառնի ժամանակ: Բայց, ամեն դեպքում, ես անուղղելի լավատես եմ, ինչպես կասեր լուսահոգի Արմեն Գրիգորյանը, ես հավատում եմ, որ սա էլ է ժամանակավոր: Եթե պատմությունը նայեք, կտեսնեք, որ ինչ-որ շշմելու ձեւով միշտ մեր ազգը դուրս է եկել տարբեր իրավիճակներից:
— Մի՞թե հնարավոր չէր պատմությունից դասեր քաղել, որպեսզի ամեն անգամ նույն օրը չընկնեինք:
— Որ դասերը, որ մենք դավաճա՞ն ենք, սա էլ է դաս… Ագահությունն է շատացել, մարդիկ ուզում են միանգամից շատ բան ունենալ: Ես համարում եմ, որ կոնֆլիկտների 95 տոկոսը նյութականի կռիվն է: Մարդիկ կան, որոնք չեն ձգտում իշխանության, բայց մարդիկ էլ կան, որոնք ձգտում են:
— Ինչպես Արտաշես թագավորն էր ասում՝ այս ավերակների վրա կառավարելը ո՞ւմ համար է դեռ ցանկալի:
— Բայց մեջն էլի նյութականը կա: Պատերազմից հետո՝ այդքան գումար եկավ, ո՞ւր է: Այսօր էլ ոչ ոք օգնություն չի ուղարկում, որովհետեւ, ինչպես երկրաշարժից ու առաջին պատերազմից հետո՝ էլի շատ գումարներ եկան, ու այն ժամանակ էլ պարզ չդարձավ, թե ինչ եղան այդքան գումարները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը դիտե՛ք տեսանյութում.

