«Էրմիտաժը եւ Էրեբունին կխորացնեն հարաբերությունները գիտահետազոտական բնագավառում».ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
— «Էրեբունի» թանգարանը Էրմիտաժի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել, կմանրամասնե՞ք:
— Մայիսի 11-ին «Էրեբունի» ՊՀԱԹ-ի եւ պետական Էրմիտաժի միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր: Նախատեսվում են Էրմիտաժում ստեղծել Էրեբունու, իսկ Էրեբունի թանգարանում՝ Էրմիտաժի անկյուններ: Էրմիտաժը եւ Էրեբունին կխորացնեն հարաբերությունները գիտահետազոտական բնագավառում: Էրմիտաժն արդեն մեր արդիականացված գրադարանին նվիրաբերել է մի շարք կարեւոր գրքեր: Սա շատ կարեւոր եւ մեր թանգարանի համար պատմական նշանակություն ունեցող պայմանագիր է, որը նոր հեռանկարներ է բացելու:
— Փորձի փոխանակումը ռուս գործընկերների հետ ինչպե՞ս է ընթանում:
— Պայմանագրի դրույթները սկսեցին գործել ստորագրումից ընդամենը մի քանի օր անց: Մայիսի 16-ից մեզ են միացել Էրմիտաժի տնօրենի օգնական, Էրմիտաժի հյուսիսկովկասյան հնագիտական արշավախմբի ղեկավար Յուլյա Մարչենկոն եւ Էրմիտաժի նկարիչ-վերականգնող Սվետլանա Ռիցը: Վերջիններս մասնակցում են մայիսի 5-ից Կարմիր բլուրում մեկնարկած պեղումներին, Սվետլանա Ռիցը Էրեբունի թանգարանի վերականգնման եւ ամրակայման լաբորատորիայում մասնակցում է Էրեբունու հավաքածուում պահվող իրերից մեկի ամրակայման գործընթացին: Յուլյա Մարչենկոյի հետ մենք աշխատում ենք պայմանագրում ամրագրված մի շարք դրույթներ կյանքի կոչելու տարբեր ծրագրերի վրա:
— Առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրություններ են սպասվում թանգարանում:
— Մենք ունենալու ենք մի փոքրիկ, բայց շատ հետաքրքիր ցուցադրություն՝ «Շունը հին Հայաստանում» խորագրով: Այս տարի մեր ուշադրությունը սեւեռվելու է Շենգավիթի թանգարանի ցուցադրության փոփոխության վրա: Բայց Էրեբունիում էլ կլինեն շատ հաճելի անակնկալներ: Կցուցադրվեն եզակի եւ շատ կարեւոր առարկաներ: Թույլ տվեք դեռեւս փակագծեր չբացել:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=256478&l=am/