Կուզենամ մարզիկներիս պետական աջակցությունը ավելացնեն, որպեսզի չլքեն երկիրը․ միջազգային կարգի սպորտի վարպետ
ՍպորտՄայիսի 22-ը, անվանի, ազատ ոճի ըմբշամարտիկ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից ԽԱՉԱՏՈՒՐ ՊԱՊԻԿՅԱՆԻ ծննդյան օրն է, 27-ամյակն է լրանում։ Iravunk. com - ի թղթակիցը հանդիպել է օրվա հոբելյարի հետ Գյումրիի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ Խաչատուրը մարզչական գործունեությամբ է զբաղվում և բացառիկ զրույց ունեցել։
- Շնորհավորում ենք, Խաչատուր ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։
- Շատ շնորհակալ եմ: Կուզենամ, որ խաղաղություն լինի մեր երկրում, երբեք էլ պատերազմ չլինի, միակ ցանկությունս դա է։
- Խաչատուր, կպատմես քո անցած մարզական ուղու մասին։
- Գյումրիի ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցում եմ պարապում ու այժմ էլ սաներ ունեմ մարզչական գործունեությամբ եմ զբաղվում, ֆիզկուլտուրա եմ դասավանդում նաև Ղարիբջանյան գյուղի միջնակարգ դպրոցում։ 2017 թվականին ՀՀ սպորտի վարպետի կոչում եմ ստացել, 2019֊ին միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման արժանացել, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր եմ։ Իրանում կայացած «Թախտիի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարի եռակի բրոնզե մեդալակիր, 2017֊ին Յակուտսկում ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարերի Գրան Պրի, Դմիտրի Կորկինի 10֊րդ հուշամրցաշար ֊2017 արծաթե մեդալակիր, 2017֊ին Աֆրիկայում Կոտ դ՛Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում կայացած Ֆրանկոֆոնյան խաղերի ոսկե մեդալակիր, 2019֊ին Սերբիայի Նովի - Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մեծահասակների բազմակի չեմպիոն եմ։ Տեսնելով ընկերներիս ու հարազատ եղբորս, այդպես էլ ոգեշնչվեցի։ Վնասվածքներ էլ եմ ունեցել, ծնկի, կողերի կոտրվածք։ Երբ մտնում եմ մրցագորգ, եթե Հայաստանում եմ մասնակցելու, մտածում եմ պատվով ներկայանալու մասին, եթե հայրենիքից դուրս միջազգային մրցաշարի, ապա կրկնակի է լինում պատասխանատվությունը։
- Խաչատուր, իսկ գոհ ես պետական աջակցությունից։
- Կուզենամ, որ մեզ մարզիկներիս պետական աջակցությունը ավելացնեն, որպեսզի մեր լավագույն մարզիկները չլքեն երկիրը ու այլ երկրի դրոշի ներքո հանդես գան։ Գյումրիի ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ սկսել եմ պարապել ու այժմ էլ մարզիչ եմ այստեղ, հագեցած է ողջ մարզական գույքով, պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Խաչատուր, իսկ ազատ ժամանակ լինում է։
- Իհարկե, սիրում եմ գիրք կարդալ, հատկապես ժամանակակից գրողների ստեղծագործություններ, խորիմաստ գրքեր, անսպասելի դրվագներով։ Երկրում տիրող իրավիճակի մասին էլ երբեք անտարբեր չեմ մնում, թող Աստծո կամոք խաղաղություն լինի, Արցախում էլ ճանապարհը բացվի, բնականոն կյանքով ապրեն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

