Խուլ են, կույր ու համր՝ մանկան ճիչի եւ հեղվող արյան հանդեպ. Այսեր Իսայանի նստացույցը մեկնարկում է
ՆերքաղաքականԵրեւանի «Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթողի մոտ այսօրվանից անժամկետ նստացույց է սկսում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ՝ ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների: «Իրավունքի» հետ զրույցում նա փակագծեր է բացել նստացույցի մեկնարկի մասին:
- Պարոն Իսայան, ի՞նչ է սպասվում առավոտյան եւ ինչպե՞ս է մեկնարկելու նստացույցը:
- Հայ-թուրքական պատերազմի հաղթանակը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիրի մոտից առավոտյան ժամը՝ 10:00-ին մեկնարկելու է իմ ավտոերթը եւ շարժվելու եմ դեպի Երեւանում գտնվող արդարադատության հուշակոթողի մոտ: Եվ ժամը՝ 12:00-ին «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթողի դիմաց կհայտարարեմ նստացույցի սկիզբը:
- Դուք վերջերս ավտովթարի էիք ենթարկվել եւ վիրահատության տարել: Արդյոք հաշվի առել եք Ձեր առողջական վիճակը եւ շուրջօրյա նստացույցի հետեւանքները:
- Հայաստանում այս պահի դրությամբ՝ կան հազարավոր տղաներ, ովքեր չունեն ոտք կամ ձեռք, սակայն նրանք ապրում են եւ խորհրդանշում 44 օրյա պատերազմի տղաներին, որոնք իրենց հաղթանակը չեն նվիրել, բայց իրենց փոխարեն՝ հաղթանակը նվիրաբերվել է: Վիրահատված Այսեր Իսայանն էլ մեկն է այն հազարավոր տղաներից, ովքեր նվիրյալն են հայրենիքի: Ես իմ առողջականը դասում եմ երկրորդ տեղում, իսկ առաջին տեղում Արցախի 120 հազար արցախահայության անվտանգությունն է եւ դուրս գալը՝ գաղութացման իրավիճակից: Իսկ իմ առողջական վիճակին կհետեւեն մեր հարգարժան բժիշկները, ովքեր մինչեւ հիմա տեր են կանգնել:
- Նստացույց հայտարարելով՝ Ձեր հիմնական ուղերձը միջազգային հանրությա՞նն է ուղղված, թե՞ իշխանություններին՝ լինի հայաստանյան կամ արցախյան:
- Իմ ուղերձն ուղղված է միջազգային հանրությանն ու կառույցներին, որոնք կույր, խուլ ու համր են մարդասիրության եւ արդարադատության հարցերում: Աստվածաշնչում գրված է՝ բերան ունեն, բայց չեն խոսում, ականջ ունեն, բայց չեն լսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: Մարգարեների կողմից այսպես են նկարագրվել տվյալ ժամանակի չաստվածները: Այսօր մեր իրականությունում գերտերությունները, ովքեր իրենց դասում են ամենաբարձր կարգավիճակում, չիշխանություններն են Եվրոպայի եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի: Ու առհասարակ՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են գերտերություն, խուլ են, կույր ու համր՝ մանկան ճիչի, հեղվող արյան ու մնացյալ արհավիրքների հանդեպ, որոնց հետ կապված ես ձայն եմ բարձրացնում: Ինչ վերաբերում է տեղի իշխանություններին ու տիրող իրավիճակին, ես ոչ մի քաղաքական ենթատեքստ սրա մեջ չեմ դնում, որովհետեւ Հայաստանում, թե Արցախում իշխանությունն ինչ-որ գործողություն կատարելու այս պահին անհնարինության մեջ է գտնվում, անուժ է:
- Արդեն իսկ լայն արձագանք է գտել նստացույց հայտարարելու Ձեր որոշումը: Բացառո՞ւմ եք, որ կլինեն մարդիկ, ովքեր կմիանան այս նստացույցին:
- Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին, որ շատ մեծ հնչեղություն եւ արձագանք տվեցին իմ հայտարարությանը՝ նստացույցի հետ կապված: Անկեղծ ասած, չեմ բացառում, որ որոշ մարդիկ կլինեն, որոնք կցանկանան միանալ: Սակայն բացառում եմ այն տարբերակը, որ ինչ-որ քաղաքական ենթատեքստով ինչ-որ կուսակցությունների ներկայացուցիչներ կարող են օգտվել առիթից եւ թեքվածություն տալ այս ամենին՝ Հայաստանի ներքին անկայունությունն ավելի խորացնելով եւ խարխլելով երկրի առանց այն էլ խարխլված հիմքերը: Չեմ ցանկանա, որ նրանք, ովքեր կմիանան այս նստացույցին, այսպես ասած, տառապեն «мания величия»-ով եւ փորձեն իրականացնել իրենց չկայացած քաղաքական հայացքները: Թույլ չեմ տա այս նստացույցն օգտագործել, որպես «Пушечное мясо», որպեսզի ոմանք կատարեն ինչ-որ նետային հարված դեպի այն թիրախը, որը գտնում են իրենց համար խոցելի: Մենք խոցելի թիրախներ Հայաստանի հանրապետությունում այս պահին չենք փնտրում, որովհետեւ արդեն բոլորս ենք թիրախավորված, երբ շրջափակման մեջ է գտնվում Արցախի հանրապետությունն ու նրա 120 հազար բնակչությունը: Մեզ ավել թիրախ մեր երկրում հարկավոր չէ, մեզ հարկավոր է մեր ձայնը բարձրացնել:
- Կարծում եք՝ կհաջողվի՞ այս ճանապարհով որեւէ արդյունքի հասնել եւ լսելի դառնալ Ձեր նշած կույր, խուլ ու համր աշխարհին:
- Հազարավոր զինվորների թափված արյան ճիչը բողոքի պես հասել է դեպի Աստծո գահը: Եվ Աստված անպատասխան չի թողնելու ոչ մի աղոթք ու աղերս՝ թե՛ արյուն թափած զինվորների, թե՛ նրանց ծնողների, թե՛ անմեղ բնակչների ու մանուկների կողմից: Լինելո՛ւ է արձագանք: Եթե չլինի Այսեր Իսայանը, կլինի մեկ այլ անձ, կլինի երկրորդը, հինգերորդը, տասներորդը, ովքեր կդառնան ընդամենը միջոց, որոնք նման ակցիաներով ձայն կբարձրացնեն: Եվ Աստված ինչ-որ մեկի միջոցով իրականացնելու է իր բոլոր ծրագրերը: Էական չէ, թե այն կլինի իմ կամ մեկ այլ անձի միջոցով: Դրա համար ցանկանում եմ, որպեսզի մեր բոլոր լրատվամիջոցները չքնեն, դուրս գան թմբիրից, նույնիսկ չնիրհեն, որովհետեւ մեզ հիմա հարկավոր է միջազգային ատյաններում ամենաբարձր հնչեղությունը տալ այս ակցիային, որպեսզի ամբողջ աշխարհը լսի շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության աղերսը, ճիչը, պահանջը, բողոքն առաջին հերթին՝ առ Աստված, որովհետեւ Աստված լսում է բոլորին, ես հավատում եմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255926&l=am/

