«Շրջափակման ձայնը»
Մշակութային
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագործությամբ մայիսի 16-ին Երիտասարդական թատրոնի ճեմասրահում կայացավ Արցախում բնակվող լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Արցախ աշխարհը, որն այսօր համայն աշխարհին պատմում է իր հերոսական անցյալը, որն այսօր մարդկությանն է հանդես գալիս իր կոթողներով, իր հրաշք բնությամբ,Գանձասարով ու Ամարասով, Դադիվանքով, Շուշիով ու Ամենափրկիչ եկեղեցիով… շրջափակման մեջ է,բայց Արցախն անկոտրում կամք ունի և ցուցահանդեսի առաջնահերթ նպատակը Արցախի շրջափակումը արվեստի լեզվով հանրությանը ներկայացնելն է։ Շրջափակումը ձայն է,որը լսելի ու ընկալելի է լուսանկարչական արվեստի միջոցով։
Ցուցահանդեսին ներկա էին Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Զառա Նալբանդյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը։ Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանի ջանքերով կազմակերպված ցուցահանդեսում ստացված 100 հայտերից ցուցադրված է 33 լուսանկար։ Լուսանկարների ցուցահանդեսը եռալեզու է։ Ցուցահանդեսը մինչև մայիսի 18-ն է։
https://iravunk.com/sim/?p=255833&l=am/