ՀՀ կատաստրոֆիկ չափի փող է մտել, ինչը ֆինանսական շուկայում կարող է առաջացնել ահռելի դեֆորմացիաներ.Տնտեսագիտության պրոֆեսորը տնտեսության իրական վիճակի մասին
ՀանդիպումԻշխանության բարձրաձայնած տնտեսական աճը որևէ կապ չունի տնտեսության զարգացման, հավելյալ արժեքի, ներդրումների, տեխնոլոգիաների ներդրման հետ, պարզապես սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ ռուսաստանցիներ, որոնք իրենց հերթին ֆինանսական հոսքեր են բերել մեր երկիր: «Իրավունքի» հետ զրույցում ասաց Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ընդգծելով.
-Այս հանգամանքն է ազդել մեր երկրի տնտեսական աճի վրա, որի մասին թմբկահարում են իշխանությունները, բայց այդ աճը որակական չէ, և արդիական առումով՝ առոչինչ է: Այս պարագայում ուշադրությունը սևեռել միայն մի հանգամանքի վրա ՝ արտաքին պարտքի վրա, չգիտեմ որքանով արժե: Իսկ հետաքրքիր է տեխնոլոգիաներ, ներդրումներ կա՞ն, ընդհանրապես որևէ ոլորտում ձեռքբերում, շարժ կա՞: Եթե մի ամբողջ ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության պատական կառավարման համակարգի՝ Էկոնոմիկայի նախարարը Քերոբյանի նման մեկն է, դա հերիք չի՞..
Տնտեսգաիտության պրոֆեսորը նկատում է նաեւ.
-Օրինակ, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում ևս արտաքին պարտքը գերազանցում է իրենց ՀՆԱ-ին, սակայն երբ պարտքը ուղղվում է տնտեսության զարգացմանը, արդիականացմանը, տեխնոլոգիաների ձեռքբերմանը, հավելյալ նոր արժեքի, նոր աշխատատեղերի, նոր եկամուտների ստեղծմանը՝ նրա գնահատմամբ, նման պարտքը չի կարող վտանգավոր լինել: Իսկ եթե պարտքը վերցնում են ընթացիկ ծախսերի համար, ո՞վ է այդ պարտքը տալու: Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով: Պարտք տվողն այդքան միամիտ չէ, վաղը մյուս օրը՝ նա պարտքի փոխարեն մեր երկիրն է վերցնելու: Հիմա, երբ մենք ասում ենք՝ շեմը հատել է, ՀՆԱ-ին անցել ենք, այստեղ մասնագիտական ու տնտեսագիտական առումով կարևոր է, թե գումարը որ ուղղությամբ է ծախսվելու, եթե գումարն ուղղում է ընթացիկ ծախսերի՝ թոշակի, պարգևավճարի և այլն, այդ բոլորը ծախսեր են, որոնք զարգացման հետ ուղղակի կամ անուղղակի որևէ կապ չունեն:
Չմոռանանք, որ աղքատության ինչ ցուցանիշներ ոՒնի ՀՀ-ն, ներկայումս հանրապետությունում ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտներ չի ստեղծվում, նոր աշխատատեղեր չեն բացվում, հետևաբար ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է:
Առաջընթաց չկա. ոչ արդյունաբերություն կա, ոչ գյուղատնտեսություն կա. գոյություն ունի միայն ծառայությունների և առևտրի ոլորտ, որոնք սնվում են բացառապես ներհոսած փողից: 2022 թվականին ՀՀ կատաստրոֆիկ չափի փող է մտել, ինչը ֆինանսական շուկայում կարող է առաջացնել ահռելի դեֆորմացիաներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

