ԵԱ. Գոռ Ազիզյանը մրցավարների «օգնությամբ» ոսկե մեդալի փոխարեն նվաճեց արծաթե մեդալ
ՍպորտԲռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալը:
Եզրափակիչի մենամարտում, ըստ մրցավարների Ազիզյանը 0-4 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոստովին, ինչը շատ կասկածելի էր, քանի որ առաջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը շատ ակտիվ է գործել և մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, իսկ երրորդ ռաունդում Ազիզյանը նոկդաուինի է ենթարկել մրցակցին։ Ինչեւէ, բողոքարկման հնարավորության բացակայությունը բացառում է իրավիճակի շտկումը։
Հայ բռնցքամարտիկը տրամադրության մեծ անկմամբ էր կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին, անդրադառնալով իր մենամարտին Ազիզյանը չփորձեց մրցավարների մեղավորությունը գտնել.
«Ուրախ եմ, որ կարողացա հասնել մինչև եզրափակիչ, բայց շատ տխուր եմ, որ պարտվեցի: Նպատակս մեկն էր՝ կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, բայց չկարողացա: Եզրափակիչում պարտվեցի իմ սխալների պատճառով, երևի՝ այնքան էլ լավ չէի պատրաստվել:
Արդյոք վստահության պակասի՞, թե՞ լարվածության խնդիր էր. երևի՝ երկուսն էլ կար: Ամեն ինչ արեցի, որ գոնե երրորդ ռաունդում մրցավարները հաղթանակն ինձ շնորհեն»,- նշել է բռնցքամարտիկը:

