Հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար. Սիմոն Մարտիրոսյանը`
ՍպորտԱշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալուց օրեր անց գրառում է կատարել սոցցանցերում և շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։
Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզնով, իմ հա’յ ազգ, իմ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզնով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։ Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»,- գրել է 26-ամյա մարզիկը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել էր 440 կգ (195+245) արդյունք: Գերծանր քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել էր Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով, իսկ 474 կգ (222+252) արդյունքով Եվրոպայի 7-ակի չեմպիոն էր դարձել վրացի Լաշա Տալախաձեն:

